Logo

Թարմ մտքեր ու գրավիչ թիմ տրանսֆերային շուկայում. Ինչու է Զայցևը եկել Հայաստան

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 12.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
20 zajcev leningradec 1200x800 e3a - Թարմ մտքեր ու գրավիչ թիմ տրանսֆերային շուկայում. Ինչու է Զայցևը եկել Հայաստան

«Վանի» նորանշանակ մարզիչ ուկրաինացի Կոնստանտին Զայցևը մտադիր է տակտիկական բարեփոխումներ կատարել հայկական ֆուտբոլում ու իրականացնել  ակումբի ղեկավարության գլխավոր պահանջը:

Ձմռանը չարենցավանցիների փոխնախագահ Կարեն Բարսեղյանն անսպասելիորեն հեռացավ ակումբից, նույնը նաև գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանը, իսկ գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը նշանակվեց գլխավոր տնօրեն: Թափուր մնացած մարզչի պաշտոնը վստահվեց ուկրաինացի Կոնստանտին Զայցևին, որը մինչև այդ մարզում էր Սանկտ-Պետերբուրգի «Զվեզդան»: 37-ամյա մասնագետը չունի համապատասխան արտոնագիր, այդ պատճառով դե յուրե «Վանի» գլխավոր մարզիչ է նշվում Արթուր Ասոյանը: Սակայն ամեն ինչ կառավարում է Զայցևը: VNews.am-ը նրա հետ զրուցեց այդ և այլ թեմաների մասին:

Ինչպե՞ս Ձեզ առաջարկեցին տեղափոխվել Հայաստան:

Ակումբի նախագահը բնակվում է Սանկտ-Պետերբուրգում և ծանոթ է մեր աշխատանքին: Հավանաբար, ինչ-որ մեկը խորհուրդ է տվել դիտարկել մեր թեկնածությունը: Մենք հանդիպեցինք և նա առաջարկ կատարեց:

Մինչև այդ ի՞նչ գիտեիք «Վանի» մասին:

Հենց առաջարկ ստանալուց հետո գնացի տուն և երեկոյան «Վանի» երկու խաղ դիտեցի: Հետո մինչև Հայաստան գալը ևս 8 խաղ նայեցի: Ինձ հատկապես դուր եկավ խաղամակարդակը: Մեր թիմը մասնակցում էր Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնին (ՊՖԼ), որում լեգեոներների թույլ չեն տալիս մասնակցել: Իսկ «Վանում» շատ հետաքրքրիր անհատական որակներ ունեցող արտասահմանցիներ կային: Նրանց հետ աշխատանքի հնարավորությունը որոշիչ էր ինձ համար:

Նախագահն ի՞նչ խնդիրներ դրեց Ձեր առջև:

Նա ասաց՝ արդյունքների հասնելը պարտադիր է, ինչպես դա ցանկացած մարզաձևում է: Բայց որպես հովանավոր նա ցանկություն հայտնեց, որ իր ֆուտբոլիստները գրավիչ լինեն տրանսֆերային շուկայում: Ցանկացած անհատի պատկանող ակումբում կարևոր է դրական արդյունքներ, որ թիմը հայտնվի լավագույնների թվում, ինչպես նաև ֆուտբոլիստների տրանսֆերներ վաճառի գումար վաստակելու համար: Ամենուր այդպես է:

van 960x640 - Թարմ մտքեր ու գրավիչ թիմ տրանսֆերային շուկայում. Ինչու է Զայցևը եկել Հայաստան

Երբ առաջին անգամ դիտեցինք Հայաստանի առաջնության խաղերը, ինչ տպավորություն ստացաք խաղամակարդակի մասին։ 

Ավելի բարձր էր, քան այն, որտեղ աշխատում էի: Հայաստանի առաջնության մակարդակը մոտ է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի միջակ թիմերի ցուցադրած ֆուտբոլին, սակայն ՖԱԼ-ում չկան այսքան արտասահմանցիներ: Այստեղ հետաքրքիր լեգեոներներ են գալիս, դրանից խաղամակարդակը բարձրանում է, բայց հանդիպումների ինտենսիվությամբ ՖԱԼ-ում ավելի բարձր է: Նաև տակտիկապես այստեղի ֆուտբոլը զիջում է ռուսականին:

 Հայաստանում մարզիչները հաճախ նշում են, որ հայկական թիմերը «փակ» են խաղում: Նախընտրում են գնդակը մրցակցին տալ և շեշտը դնել հակագրոհների վրա: Նման բան նկատե՞լ եք:

Ես հայկական ֆուտբոլին հետևել եմ, երբ Անդրեյ Տալալաևն էր այստեղ աշխատում: Նրա թիմը («Փյունիկ»-խմբ.) շատ էր պրեսինգի դիմում: Տեսանյութերից թվում էր, թե թիմերը կոմպակտ չեն գործում, շատ տարածություններ են ազատ թողնում, անհասկանալի կերպ են պրեսինգի դիմում: Անհասկանալի էր՝ ուզում են գնդակը խլել, թե հետ քաշվել: Խաղային հստակ ծրագիր չէր երևում: Բայց օրինակ «Արարատի» դեմ հանդիպումից առաջ վերլուծում էինք նրանց խաղը և հստակություն տեսա: Երևում էր, որ նրանք շեշտը դնում են գնդակի վերահսկողության փոփոխման պահերի վրա, երբ մրցակիցը կորցնում է գնդակը, նրանք կտրուկ ակտիվանում են:

«Արարատ-Արմենիայի» տեսանյութերից թվում էր, թե կառուցողական ֆուտբոլ է նախընտրում, բայց վերջին 2 խաղում (հարցազրույցը կայացել է մինչև Դավիդ Կամպանյայի հեռանալը-խմբ.) հեռահար փոխանցումների վրա է շեշտը դնում և կոմպակտ չի գործում: Բայց օրինակ, երբ նրանք պարտվեցին «Գանձասարին», իսկապես փորձում էին ֆուտբոլ խաղալ:

 Դեռ ՊՐՈ արտոնագիր չունեք: Ե՞րբ եք ծրագրում ստանալ այն:

Հիմա «Բ» կարգի արտոնագիր ունեմ, դեռ պետք է «Ա»-ն ստանամ: Քննությունները նախատեսված էին դեկտեմբերին անցկացնել, սակայն կորոնավիրուսի պատճառով ՈւԵՖԱ-ն հրահանգել էր հետաձգել:

Գիտե՞ք, որ Հայաստանում նույնպես կարող եք արտոնագիր ստանալ:

Այո, բայց որքան տեղյակ եմ Ռուսատսանի ֆուտբոլի միությունը ցանկանում է՝ որ իր մոտ ուսումը սկսած մարզիչներն այնտեղ էլ քննություն հանձնեն: Քննության ժամանակ պետք է ներկայացնեմ, թե ինչպես եմ թիմին մեկ շաբաթում նախապատրաստում խաղին իմ շտաբի հետ: Նաև կցելու եմ լուսանկարներ և ինֆոգրաֆիկա:

zaycev 960x640 - Թարմ մտքեր ու գրավիչ թիմ տրանսֆերային շուկայում. Ինչու է Զայցևը եկել Հայաստան

Ինչպե՞ս են «Վանի» ֆուտբոլիստներն վերաբերվում Ձեր մեթոդներին:

Մինչև այստեղ գալը հասկանում էինք, որ ունենք մեկ ամիսից մի փոքր շատ ժամանակ: Մեզ համար ամենակարևորն այն էր, որ խաղի բոլոր իրավիճակներում ֆուտբոլիստները հասկանան՝ ինչ են անելու: Մարզումների ժամանակ որքան շատ իրավիճակներ մարզենք, այնքան նա խաղի ժամանակ ավելի լավ պատկերացում կունենա: Եթե խաղի ժամանակ ֆուտբոլիստը չգիտի ինչ անել, ուրեմն մեղավորը մարզիչն է: Ժամանակի սղության պատճառով չէինք կարող թիմին լիարժեք պատրաստել ֆիզիկապես, սելեկցիա կատարել և տակտիկայի վրա աշխատել: Մշակել, թե ինչպես ենք պաշտպավում ներքևի հատվածում, առջևում, դաշտի կենտրոնում, ինչպես ենք պրեսինգի դիմում, եզրային նետում կատարում, անկյունայինը իրացնում… Այդ ամենն աշխատանք է պահանջում:

Իսկ «Վանի» ֆուտբոլիստները հե՞շտ են ընկալում Ձեր պահանջները:

Ամեն ինչ նորմալ է, բայց Ռուսաստանում ավելի հեշտ է բացատրել: Ես դեռ լիարժեք չեմ հասկացել, թե Հայաստանում ինչպես են աշխատում մանկապատանեկան դպրոցները, բայց այստեղ նույնիսկ 25-30 տարեկան որոշ ֆուտբոլիստները, միգուցե, չեն լսել այն բաների մասին, ինչ մենք ասում ենք:

Օրինակ կբերե՞ք:

Մեր խաղի կառուցվածքի նկարագրությունը և այն կիրառելու սկզբունքները նրանք դժվարությամբ են հասկանում: Ռուսաստանում ակադեմիան ավարտած ֆուտբոլիստն արդեն հանդիպել է նման մոտեցումների, պարզապես մի փոքր այլ տեսակի: Այստեղ օրինակ շատերը սովոր չեն կոմպակտ խաղին, որ պաշտպանը պետք է մոտ լինի պաշտպանին, հարձակումը նույպես: Մեր թիմում դեռ սովոր չեն դրան, մենք պետք է սկզբից ամեն ինչ սովորեցնենք:

Խոսեցիք եզրային նետումների մասին: «Վանի» խաղերը դիտելիս նկատեցի, որ հրահանգել եք դաշտի կենտրոնից սկսելիս գնդակը հեռացնել դաշտի սահմաններից, որ մրցակիցը եզրային նետում կատարի իր դարպասին մոտ հատվածում: Այդպիսի բան միայն Մարսելի «Օլիմպիկում» եմ տեսել:

Այո, Անդրե Վիլաշ-Բոաշից ենք այն հնարքը յուրացրել:

Ի՞նչ առավելություն է դա տալիս:

Դա հոգեբանական քայլ է: Խաղի սկզիբն է, և մենք ցույց ենք տալիս, թե ինչպես ենք տրամադրված: Հենց եզրային նետումը կատարեն, միանգամից պայքարի մեջ կհայտնվեն:

Եթե հոգեբանական քայլ է, ինչու չեք հանձնարարում կիսադաշտից դարպասին հարվածել: Դա ցույց կտար ագրեսիվ հարձակվողական մեթոդը:

Որովհետև դրանից հետո մենապայքար չի լինի: Գնդակը կհայտնվի դարպասապահի ձեռքերում: Իսկ մենք ուզում ենք անմիջապես մենապայքարի մեջ հայտնվել և որ այն մրցակից տուգանային հրապարակի մոտ լինի:

Դուք որպես պաշտպան եք  խաղացել, բայց մի քանի տարի առաջ հայտարարել էիք, որ հարձակվողական ֆուտբոլի կողմնակից եք, ձգտում եք տոտալ ֆուտբոլի և «կազմակերպված քաոսի»: Ձեր գլխավորությամբ «Վանը» որքանո՞վ է մոտ նման խաղաոճին:

Ճիշտն ասած՝ յուրաքանչյուր մարզչի գործելաոճը փոխվում է: Ինչպես ասում են. մարդու բնավորությունը չի փոխվում, բայց սովորությունները փոխվում են: Գրեթե յուրաքանչյուր մարզիչ ձեզ կասի, որ կցանկանար դիրքային ֆուտբոլ խաղալ, ինչպես Գվարդիոլան, պրեսինգի դիմել, բայց երբ քո աշխատանքում որևէ թիմ ես գլխավորում, հասկանում ես՝ կան ավելի ուժեղ մրցակիցներ: Նրանց դեմ չենք կարող բաց ֆուտբոլ խաղալ: Ինձ իհարկե դուր է գալիս, թե ինչպիսի ֆուտբոլ է խաղում «Լայպցիգը», ինչպես է պրեսինգի դիմում, բայց արդյո՞ք մեր ֆուտբոլիստները պատրաստ են նման կերպ խաղալ, այդքան շատ վազել: Դա հարց է: Իհարկե, ես կուզեի այդպես խաղալ, բայց միգուցե չստացվեր: Այդ պատճառով ավելի շատ ձգտում ենք ավելի պրագմատիկ լինել, որովհետև ֆուտբոլը կենտրոնացած է արդյունքների վրա:

van 960x640 - Թարմ մտքեր ու գրավիչ թիմ տրանսֆերային շուկայում. Ինչու է Զայցևը եկել Հայաստան

Ե՞րբ «Վանից» սպասել այն խաղը, որը դուք ուզում եք տեսնել թիմի կատարմամբ:

Ես ուզում եմ թիմում բալանս լինի հարձակման ու պաշտպանության միջև: Յուրաքանչյուր մարզիչ կասի, որ թիմը կառուցելու համար մի քանի տարի է հարկավոր: Երբ մեկ տարի անցնի, իմ թիմը կարող է ավելի վառ ցուցադրել այն, ինչ նրանից պահանջում եմ:

Դուք նշեցիք, որ Ձեզ տպավորել էին «Վանի» լեգեոներների որակները: Իսկ թիմի խաղի մասին ի՞նչ կասեք: Ի՞նչն էր լավ ստացվում և ի՞նչը՝ վատ:

Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է աշխատել այնպիսի թիմում, որտեղ ավելի լավ խաղացողներ կան: Դա թույլ է տալիս իրականացնել քո մտահղացումները: «Վանում» իսկապես լավ ֆուտբոլիստներ կան: Չեմ կարծում՝ կոռեկտ է խոսել թիմի թերացումների մասին, երբ ես այստեղ չեմ եղել: Որոշակի կոմպակտ գործողություններ, եզրային նետումներ, ստանդարտ իրավիճակների այլ խաղարկումներ տեսնում եք, որ արդեն կան: Մարզումների ժամանակ շատ գործողություններ ենք փորձարկում: Ցանկալի է, որ այդ արդյունքներն ավելի շուտ գան:

Ձեր պայմանագրի ժամկետը մինչև ե՞րբ է գործում:

Մինչև ամառ:

Պայմանավորվածություն ունե՞ք ժամկետը երկարաձգելու հարցում:

Որոշել ենք սպասել, որպեսզի տեսնենք այդ ընթացքում աշխատանքն ինչպես է ստացվում:

Ձմռանը «Վանից» շատ ֆուտբոլիստներ են հեռացել: Նրանցից ո՞ւմ կուզեիք թիմում պահել, բայց չկարողացաք:

Հեռացողներից շատերին նույնիսկ չեմ տեսել: Մինչև իմ գալը նրանք արդեն հեռացել են ակումբից: Օրինակ՝ Էբերտ Կարդոսոն հեռացել է, որովհետև ավելի բարձր աշխատավարձ է ցանկացել: Ես կցանկանայի, որ նա մնար թիմում: Ակումբի հետ համաձայնության չգալու պատճառով հեռացել են նաև մեկական աֆրիկացի ու հայ խաղացող:

Մենք չենք ցանկացել պայմանագիր երկարաձգել միայն Ստանիսլավ Եֆիմովի, Մուսլիմ Բամատգերեևի հետ և երկու Միհրանների հետ (Մանասյան և Պետրոսյան-խմբ.):

Ինչո՞ւ է քիչ խաղաժամանակ ստանում «Վանի» ռմբարկու Ուիլֆրեդ Էզան:

Նա դեռ պատրաստ չէ: Ընդամենը մեկ շաբաթ է մարզվել թիմի հետ և դեռ լավ տեղյակ չի մեր նոր խաղի սկզբունքներին: Մինչև այդ նա անձնագրի հարցեր էր կարգավորում:

Ի՞նչ եք լսել «Վանի» երկրպագուների մասին:

Լավ բաներ եմ լսել: Ցավոք, այն խաղերում, որոնց տեսագրությունն եմ դիտել, առանց հանդիսականների են անցել կորոնավիրուսի պատճառով, և երկրպագուների ձայնը չէր լսվում: Անհամբեր սպասում եմ նրանց տեսնել մարզադաշտում: Մենք հատուկ տեսահոլովակ ենք պատրաստել, որում երկրպագուներին հրավիրում ենք ստադիոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա