Logo

14-րդ գյումրեցին՝ ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 21.02.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Shirak vs Banants 4 - 14-րդ գյումրեցին՝ ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:12

-

-

«Լոռիի» հետ խաղում Գյումրիի «Շիրակի» 30-ամյա ավագ Աղվան Դավոյանի ֆուտբոլային կարիերայում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: Հարազատ թիմի մարզաշապիկով նա Բարձրագույն խմբում 200-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ և ընդգրկվեց ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»: Հիշեցնենք, որ խորհրդանշական այս ակումբի անդամ կարող են դառնալ ՀՀ առաջնություններում միևնույն թիմի կազմում 200 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստները:

Դավոյանը հոբելյանական հանդիպումը կարող էր անցկացնել դեռևս առաջնության աշնանային հատվածում, սակայն դեկտեմբերի 12-ին «Փյունիկի» հետ կայացած մրցավեճում խաղադաշտ դուրս չեկավ՝ մնալով պահեստայինների նստարանին:

Աղվան Դավոյանը դարձավ «200-ի ակումբի» ընդամենը 22-րդ անդամը 1992թ. անցկացվող ՀՀ առաջնությունների պատմության մեջ, ինչը վկայում է սահմանված նշաձողը հաղթահարելու բարդությունների մասին: Դրանք մի քանիսն են:

05.10.2019 Urartu 2 2 Shirak 10 960x640 - 14-րդ գյումրեցին՝ ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

ՀՀ առաջնություններում սովորաբար մեծ թիվ են կազմում թիմից թիմ ֆուտբոլիստների տեղափոխությունները, որի հետևանքով քչերն են երկար տարիներ հանդես գալիս միևնույն թիմում: Տեղափոխությունների մի մասն էլ պայմանավորված է առաջնության մասնակից մի շարք թիմերի լուծարմամբ, որի թարմ օրինակը «Գանձասար-Կապանն» է: Եվ վերջապես, ավելի հաջողակ ֆուտբոլիստներն իրենց կարիերայի ընթացքում մեկնել են Հայաստանից՝ հանդես գալով արտերկրի տարբեր ակումբներում:

Աղվան Դավոյանը «Շիրակում» ելույթները սկսել է 2010թ. առաջնությունում՝ նորամուտը նշելով ապրիլի 3-ին «Կիլիկիայի» հետ կայացած խաղում: Այդ օրը Վարդան Բիչախչյանը հանդիպման 75-րդ րոպեին Հրաչյա Մնացականյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 20-ամյա Դավոյանին, որը մինչ օրս հավատարմորեն ծառայում է հարազատ ակումբին:

«200-ի ակումբում» Աղվան Դավոյանն այն սակավաթիվ ֆուտբոլիստներից մեկն է, որն առայժմ Բարձրագույն խմբում ֆուտբոլային կարիերան անցկացրել է միայն մեկ թիմում: Դա վերաբերում է նաև ակումբի անդամներ, նախկին շիրակցիներ Ռայմոնդ Զադուրյանին, Գագիկ Մարգարյանին, Հենրիկ Բատիկյանին, Արթուր Պետրոսյանին ու Հակոբ Արտոյանին, «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանին և «Միկայի» նախկին պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվային:

Gandzasar vs Shirak 7 960x640 - 14-րդ գյումրեցին՝ ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»

21-րդ դարում հայկական ֆուտբոլի 20 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Ճիշտ է, Ռայմոնդ Զադուրյանը մեկ մրցաշրջան՝ 2005թ. պաշտպանել է Առաջին խմբում հանդես եկած նորաստեղծ «Երևան Յունայթեդի» դարպասը: Գյումրիին հավատարիմ են մնացել նաև Կարեն Գ. Խաչատրյանն ու Անդրանիկ Բարիկյանը, որոնք մինչև «Շիրակում» ընդգրկվելը, ֆուտբոլային կարիերան սկսել են «Շիրակ-2-ում», որի կազմում 1998թ. մասնակցել են Բարձրագույն խմբի առաջնությանը:

«200-ի ակումբի» կազմում Աղվան Դավոյանը դարձավ գյումրեցի 14-րդ ֆուտբոլիստը: Դա վկայում է հարազատ ակումբին գյումրեցիների անմնացորդ հավատարմության մասին: Ընդհանրապես գյումրեցիները շատ հազվադեպ են այլ թիմեր տեղափոխվել: Միայն ֆինանսական վիճակի վատթարացումն է ստիպել գյումրեցիներից ոմանց ժամանակավորապես փոխելու ակումբային «գրանցումը»: Իսկ երբ վիճակը բարելավվել է, նրանք վերադարձել են հարազատ կոլեկտիվ:

Բացի «Շիրակի» ֆուտբոլիստներից, «200-ի ակումբի» կազմում ընդգրկված են նաև «Փյունիկի», «Արարատի», «Արաքսի», «Միկայի» և «Գանձասար-Կապանի» ներկայացուցիչներ:

21.09.2019 Shirak 1 0 Ararat Armenia 6 960x640 - 14-րդ գյումրեցին՝ ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»

21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Իսկ ինչպիսի՞ն են ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբի» կազմը համալրելու հեռանկարները: Այդ առումով պատկերը շատ տխուր է: Նախ նշենք, որ նախորդ համալրումը տեղի էր ունեցել համարյա 4,5 տարի առաջ՝ 2016թ. հոկտեմբերի 27-ին: Այդ օրն «Ալաշկերտի» հետ կայացած խաղում Արա Խաչատրյանը «Գանձասար-Կապանի» կազմում Բարձրագույն խմբում 200-րդ անգամ էր խաղադաշտ դուրս եկել:

Իսկ այժմ անդրադառնանք ակումբի անդամության ամենահավանական թեկնածուներին: Ընթացիկ առաջնության մասնակիցներից իրենց ներկայիս թիմերում առավել շատ հանդիպումներ են անցկացրել «Շիրակի» 25-ամյա հարձակվող Արամ Մուրադյանը (139 խաղ), ալաշկերտցիներ, 32-ամյա Միհրան Մանասյանն (136) ու 33-ամյա Արտակ Գրիգորյանը (133), ինչպես նաև շիրակցի, 29-ամյա Արտյոմ Միքայելյանը (134): Այնպես որ առնվազն 3 մրցաշրջան է անհրաժեշտ, որպեսզի նրանք հատեն 200 խաղի սահմանագիծն ու համալրեն ամենահավատարիմ ֆուտբոլիստների ցանկը:

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի առաջնությունների ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբի» ցանկը:

ՖուտբոլիստներԽաղԱկումբ Թվական
1. Հովհաննես Թահմազյան378«Շիրակ»1992-2003, 2007-2011
2. Սարգիս Հովսեփյան365«Փյունիկ»1992-1997, 2004-2012
3. Գագիկ Մարգարյան295«Շիրակ»1992-2005
4. Արարատ Հարությունյան295«Շիրակ»1995-2004, 2007-2012
5. Տիգրան Դավթյան285«Շիրակ»2000-2004, 2009-2015
6. Անդրանիկ Բարիկյան274«Շիրակ»2001-2015
7. Ռայմոնդ Զադուրյան264«Շիրակ»1992-2004, 2006-2008
8. Արթուր Հ. Մինասյան247«Արարատ»1999-2002, 2004, 2006-2009, 2011-2013
9. Արա Խաչատրյան246«Գանձասար-Կապան»2008-2018
10. Կարեն Գ. Խաչատրյան245«Շիրակ»1999-2011
11. Կարեն Ալեքսանյան242«Շիրակ»1999-2003, 2011-2016
12. Գևորգ Հովհաննիսյան241«Շիրակ»2005, 2007-2016
13. Ալեքս Էնրիկե դա Սիլվա230«Միկա»2006-2015
14. Հենրիկ Բատիկյան222«Շիրակ»1997-2009
15. Նորայր Հոխոյան215«Արաքս»1993-2000, 2003
16. Արթուր Պետրոսյան214«Շիրակ»1992-2000
17. Արթուր Յուսպաշյան214«Փյունիկ»2007-2016
18. Արսեն Ավետիսյան208«Փյունիկ»1992-1998, 2006-2007
19. Ֆելիքս Խոջոյան203«Շիրակ»1994-2000, 2007-2009
20. Գևորգ Պողոսյան202«Միկա»2004, 2007-2015
21. Հակոբ Արտոյան200«Շիրակ»1992-2000
22. Աղվան Դավոյան200«Շիրակ»2010-2021

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա