Logo

Թիմեր Հայաստանի 16 քաղաքից, հաշվեհարդար մրցավարների հետ, 17-ամյա Բերեզովսկին․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 1-ին)

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 29.07.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Homenmen Syuniq - Թիմեր Հայաստանի 16 քաղաքից, հաշվեհարդար մրցավարների հետ, 17-ամյա Բերեզովսկին․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 1-ին)

Հուլիսի 30-ին ԲԿՄԱ «Փյունիկ» հանդիպումով կտրվի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական՝ 30-րդ առաջնության մեկնարկը: 1992թ. ազգային առաջնության անցկացումով հիմք դրվեց նորանկախ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլային պատմությանը: Անցած տարիների ընթացքում բազում իրադարձություններ են տեղի ունեցել, ընդհանուր առմամբ 47 թիմեր են վիճարկել առաջնության պարգևները:

Հոբելյանի առիթով այսօր կանդրադառնանք Հայաստանի անդրանիկ առաջնությանը: Հուսով ենք, որ այս հրապարակումը հաճելի հիշողություններ կարթնացնի 1992թ. ազգային առաջնության մասնակիցների և տեղի ունեցած հետաքրքիր իրադարձությունների ականատես ֆուտբոլասերների մոտ:

Պատմական որոշում հայկական ֆուտբոլի համար

Մինչև Հայաստանի ազգային անդրանիկ առաջնությանն ու գավաթի խաղարկությանն անդրադառնալը, ներկայացնենք հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակը մրցաշրջան-91-ի ավարտից հետո: Հանրապետության ֆուտբոլային դրոշակակիր Երևանի «Արարատն» Արմեն Սարգսյանի գլխավորությամբ ԽՍՀՄ Բարձրագույն խմբի 54-րդ առաջնությունում 16 թիմերի մրցավեճում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը:

Աբովյանի «Կոտայքն» Առաջին խմբում 22 թիմերի մրցապայքարում 17-րդն էր: Մինչև հունիս թիմը գլխավորել էր Արկադի Անդրեասյանը, որին փոխարինել էր Սամվել Պետրոսյանը:

Homenmen Kotayq 960x761 - Թիմեր Հայաստանի 16 քաղաքից, հաշվեհարդար մրցավարների հետ, 17-ամյա Բերեզովսկին․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 1-ին)
Դրվագ ՀՄԸՄ – «Կոտայք» խաղից, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Երևանի «Արարատ-2-ը» (գլխավոր մարզիչ՝ Սամվել Ղասաբօղլյան) և Վանաձորի «Լոռին» (գլխավոր մարզիչ՝ Օնիկ Զորավարյան) անհաջող էին հանդես եկել ԽՍՀՄ 2-րդ խմբի բուֆերային գոտու առաջնությունում՝ զբաղեցնելով աղյուսակի վերջին երկու՝ 21-րդ և 22-րդ տեղերը:

Հայաստանի առաջնությանը ԽՍՀՄ 2-րդ խմբի 2-րդ գոտում մասնակցել էին 20 թիմեր, որոնցից երկուսը («Արցախ», «Երազանք») ներկայացնում էին Ստեփանակերտը: Հանրապետության չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Կապանի «Սյունիքը», որին մարզում էր Ֆելիքս Վերանյանը:

Երբ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծվեց Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ), որոշվեց 1992թ. անցկացնել ֆուտբոլի ԱՊՀ-ի բաց առաջնություն, որին մասնակցելու նախնական համաձայնություն էին տվել նորաստեղծ անկախ պետությունների ֆուտբոլի ֆեդերացիաները (Վրաստանը և մերձբալթյան 3 հանրապետությունները դեռևս 1990թ. էին հրաժարվել ԽՍՀՄ առաջնությունների մասնակցությունից):

Սակայն արդեն դեկտեմբերի սկզբին, երբ Ուկրաինան անկախ պետություն հռչակվեց, այդ երկրի ակումբները հրաժարվեցին առաջնության մասնակցությունից: Դեկտեմբերի վերջերին ֆուտբոլի Հայաստանի նորաստեղծ ֆեդերացիայի (նախագահ՝ Նիկոլայ Ղազարյան, փոխնախագահ՝ Սլավա Սարգսյան, գլխավոր քարտուղար՝ Էմին Բաղյան) գործկոմը քննարկելով ստեղծված իրավիճակը, որոշեց հրաժարվել ԱՊՀ-ի բաց առաջնության մասնակցությունից և 1992թ. անցկացնել անկախ Հայաստանի ազգային անդրանիկ առաջնությունն ու «Անկախության գավաթի» խաղարկությունը:

16 քաղաքների 24 թիմեր չեմպիոնության համար պայքարում

Բնականաբար, մեծ էր ոգևորությունն ու ցանկությունը հանդես գալու Հայաստանի ազգային անդրանիկ առաջնությունում: Ուստի զարմանալի չէ, որ Բարձրագույն խմբում ընդգրկվեցին 24, Առաջին խմբում՝ 20 թիմեր: Մրցակարգի համաձայն, առաջնությունն անցկացվելու էր երկու փուլով: Նախնական փուլում 24 թիմերը բաժանվել էին երկու ենթախմբի, որոնցում երկու շրջանով անցկացվելիք մրցաշարի արդյունքներով լավագույն ցուցանիշներ ունեցող 6-ական թիմերը եզրափակիչ փուլում պայքարը շարունակելու էին մեդալների համար: Ընդ որում, եզրափակիչ փուլում հաշվի էին առնվելու «ոսկե» միավորները՝ այդ թիմերի միջև կայացած հանդիպումներում գրանցված արդյունքները:

13-24-րդ տեղերը վիճարկող թիմերն էլ եզրափակիչ փուլում Բարձրագույն խմբի 3 ուղեգրերի համար պայքարը սկսելու էին «ոսկե» միավորներով: Այնպես որ, հաջորդ մրցաշրջանում Բարձրագույն խմբում պետք է հանդես գային 16 թիմեր, այդ թվում նույնպիսի մրցակարգով անցկացվելիք Առաջին խմբի առաջնության հաղթողը:

Բարձրագույն խմբի 24 թիմերը հանրապետության 16 քաղաքներից էին, որոնցից 9-ը ներկայացնում էին Երևանը: Հանրապետության ֆուտբոլային փորձառու կոլեկտիվների կողքին հայտնվեցին նորաստեղծ թիմեր՝ ՀՄԸՄ-ն, «Բանանցը»«Վանը» և «Կիլիկիան»ՀՄԸՄ-ի ղեկը ստանձնեց «Արարատի» նախկին ավագ, միջազգային կարգի սպորտի վարպետ, 37-ամյա Խորեն Հովհաննիսյանը: 1990-91թթ. նա հանդես էր եկել Տաշքենդի «Պախտակորում», որից հետո նրան առաջարկել էին Սիմֆերոպոլի «Տավրիայի» գլխավոր մարզչի պաշտոնը: Սակայն Խորեն Հովհաննիսյանը նախընտրեց վերադառնալ Հայաստան և գլխավորեց նորաստեղծ ՀՄԸՄ-ն՝ համատեղելով գլխավոր մարզչի և խաղադաշտում թիմի դիսպետչերի պարտականությունները: Հենց Հովհաննիսյանն էլ դարձավ ՀՀ առաջնությունում ՀՄԸՄ-ի խփած անդրանիկ գոլի հեղինակը՝ ապրիլի 12-ին Կապանում 56-րդ րոպեին 11մ հարվածով խոցելով «Սյունիքի» դարպասը: Անդրանիկ առաջնությունում Խորենը դարձավ 17 գոլի հեղինակ, որից 9-ը խփեց 11մ հարվածով:

HOMENDMEN 1992 960x443 - Թիմեր Հայաստանի 16 քաղաքից, հաշվեհարդար մրցավարների հետ, 17-ամյա Բերեզովսկին․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 1-ին)
ՀՄԸՄ-ի ֆուտբոլիստները և մարզչական անձնակազմը, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

ՀՄԸՄ-ի կորիզը կազմում էին Մալաթիայի ֆուտբոլի դպրոցի (ներկայիս «Ուրարտուի» մարզադպրոցի) սաները: Նրանցից Վարազդատ և Արսեն Ավետիսյանները, Սուրեն Չախալյանն ու Արմեն Գալստյանն «Արարատի» կազմում մասնակցել էին 1991թ. ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնությանը: «Արարատից» ՀՄԸՄ տեղափոխվեց նաև 31-ամյա Պողոս Գալստյանը, որը 26 գնդակով դարձավ թիմի լավագույն ռմբարկուն: Պաշտպանությունում հուսալի խաղով աչքի ընկավ 20-ամյա Սարգիս Հովսեփյանը, որը նախորդ մրցաշրջանում հանդես էր եկել «Լոռիում»:

Մեր ընտրանին.

«Բանանցը» գլխավորեց երկար տարիներ Աբովյանի «Կոտայքում» հանդես եկած Վարուժան Սուքիասյանը: Ի տարբերություն ՀՄԸՄ-ի, «Բանանցի» կազմում գերակշռում էին մրցակցային ավելի մեծ փորձ ունեցող ֆուտբոլիստները: Նրանցից ամենափորձառուն ժամանակին «Արարատում» և «Կոտայքում» հանդես եկած 35-ամյա խաղացող-մարզիչ Արամ Փարսադանյանն էր, որը 1991թ. խաղացել էր ՀՀ չեմպիոն «Սյունիքի» կազմում:

Ընդհանրապես անդրանիկ առաջնությունում եզակի չէին խաղացող-մարզիչները: «Կոտայքի» ղեկը ստանձնած «Արարատի» նախկին ֆուտբոլիստներ, 41-ամյա Նազար Պետրոսյանն ու նրա հասակակից և օգնական Էդուարդ Հարությունյանը հաճախակի էին փոխարինման մտնում՝ նույնիսկ դառնալով մեկական գոլի հեղինակ: Երբեմն նրանց օրինակին էր հետևում նաև «Կոշկագործի» գլխավոր մարզիչ, 41-ամյա Մարսել Գալստյանը: Նրա հասակակից, «Նաիրիի» մարզիչ Էդիկ Ասոյանն էլ անձնական օրինակ էր ծառայում իր սաներին: Սակայն նրանք չէին առաջնության ամենատարեց ֆուտբոլիստները: Յուրօրինակ ռեկորդակիրը 44-ամյա Ազատ Մանգասարյանն էր: Առաջնության մեկնարկում նա գլխավորում էր «Վանը», այնուհետև 4 խաղ անցկացրեց «Իմպուլսում», իսկ երկրորդ փուլում մասնակցեց «Քասախի» բոլոր 12 հանդիպումներին:

Nazar Petrosyan 960x978 - Թիմեր Հայաստանի 16 քաղաքից, հաշվեհարդար մրցավարների հետ, 17-ամյա Բերեզովսկին․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 1-ին)
Նազար Պետրոսյանը՝ ձախից, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Նշենք նաև, որ տարբեր թիմերում առաջնությանը մասնակցեցին ԽՍՀՄ Բարձրագույն խմբում «Արարատում» հանդես եկած մի խումբ ֆուտբոլիստներ: Դիլիջանի «Իմպուլսում» էին 36-ամյա Հովհաննես Կիրակոսյանն ու Ալեքսանդր Քերոբյանը և 34-ամյա Ռաֆայել Հակոբյանը: Առաջնության երկրորդ փուլում «Կիլիկիայից» նրանց միացավ նաև 31-ամյա Սերգեյ Հայրբաբամյանը: Նախնական փուլում «Կիլիկիայում» հանդես էին եկել 33-ամյա Սամվել Պողոսյանն ու 29-ամյա Էդուարդ Վերանյանը, որը 2-րդ փուլում տեղափոխվել էր «Սյունիք»: 36-ամյա Ռաֆայել Գալստյանը կրեց Երևանի «Կանազի» մարզաշապիկը: «Կոտայքում» հանդես եկան նաև 29-ամյա Ռոբերտ Գալստյանն ու 25-ամյա Աբրահամ Խաշմանյանը, որը 2-րդ փուլում կրում էր արդեն «Շիրակի» մարզաշապիկը: 27-ամյա Գևորգ Քամալյանն էլ հանդես եկավ «Բանանցում»:

Առաջնության մեկնարկից առաջ շատերն այն կարծիքին էին, որ ԽՍՀՄ առաջնությունների բովով անցած «Արարատը» մրցակցությունից դուրս կլինի և թիմի ֆուտբոլիստներից առանձնակի ջանքեր չեն պահանջվի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Գուցե նման կարծիքի էին նաև արարատցիները: Սակայն առաջնության ընթացքը ցույց տվեց, որ ոչ միայն «Արարատը», այլև հանրապետության մյուս փորձառու թիմերը՝ «Շիրակը», «Կոտայքը» և «Սյունիքը» նորաստեղծ ակումբների, հատկապես ՀՄԸՄ-ի և «Բանանցի» կողմից լուրջ մրցակցության հանդիպեցին:

Իհարկե, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մրցաշրջան-91-ից հետո «Արարատի» կազմը որոշակի փոփոխությունների էր ենթարկվել: Թիմի 32-ամյա ավագ Աշոտ Խաչատրյանը մեկնել էր Ֆրանսիա, 31-ամյա Բաբկեն Մելիքյանը ելույթները շարունակում էր Լիբանանի ՀՄՄ-ում: Իսկ իրեն լավագույն կողմերով դրսևորած 23-ամյա պաշտպան Սարգիս Հովհաննիսյանն ընդգրկվել էր Մոսկվայի «Դինամոյի» կազմում՝ ընդունելով թիմի գլխավոր մարզիչ Վալերի Գազաևի հրավերը: Փաստորեն, Սարգիսը հայաստանցի առաջին ֆուտբոլիստն էր, որ հանդես եկավ Ռուսաստանի առաջնությունում: «Արարատի» մեկ այլ առաջատար ֆուտբոլիստ՝ 24-ամյա Երվանդ Սուքիասյանն էլ ընդունել էր Կիևի «Դինամոյի» հրավերը:

Նորաստեղծ «Բանանցը»՝ Հայաստանի առաջին գավաթակիր

Հայաստանում ֆուտբոլային նոր մրցաշրջանի մեկնարկը տրվեց ապրիլի 4-ին «Նաիրի» մարզադաշտում կայացած «Նաիրի» «Սյունիք» գավաթային խաղով: 1/16 եզրափակչի այդ խաղում հյուրերը լրացուցիչ ժամանակում հաղթեցին 3-2 հաշվով: Անդրանիկ գոլի հեղինակ դարձավ սյունիքցի Արթուր Մանուցյանը՝ 8-րդ րոպեին գրավելով Արարատ Ղազարյանի պաշտպանած դարպասը: Հաջորդ օրը կայացած գավաթային հանդիպումներից ամենախոշոր հաշվով հաղթանակը (12-1) գրանցվեց «Արարատի» օգտին, որն առավելության հասավ Առաջին խմբի ներկայացուցիչ «Հաճընի» նկատմամբ: Այդ խաղում արարատցի Վահե Յաղմուրյանն արդյունավետության ռեկորդի հեղինակ դարձավ՝ 5 անգամ գրավելով մրցակցի դարպասը:

Yaghmuryan 960x640 - Թիմեր Հայաստանի 16 քաղաքից, հաշվեհարդար մրցավարների հետ, 17-ամյա Բերեզովսկին․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 1-ին)
Վահե Յաղմուրյանը, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Հայաստանի անդրանիկ առաջնությունը մեկնարկեց ապրիլի 9-ին առաջին ենթախմբի թիմերի հանդիպումներով: Առաջնության առաջին գոլի հեղինակը «Նաիրիի» հարձակվող Արա Հովհաննիսյանն էր, որն արդեն 2-րդ րոպեին գրավեց «Լոռիի» դարպասապահ Սարգիս Ներսիսյանի պաշտպանած դարպասը:

Արդեն մեկնարկում անակնկալ գրանցվեց: «Արարատը» «Հրազդանում» չկարողացավ հաղթել նորաստեղծ «Բանանցին», որին հաջողվեց դարպասն անառիկ պահել: 6 օր անց նույն մարզադաշտում կայացած գավաթային մրցավեճում «Բանանցն» ապացուցեց, որ մարտունակ կոլեկտիվ է և «Արարատի» հետ գրանցված ոչ-ոքին բնավ էլ պատահականություն չէր: Այդ օրը Վարուժան Սուքիասյանի սաները գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում 2-0 հաշվով հաղթեցին արարատցիներին: Թիմի հաղթանակն ապահովեցին Աշոտ Բարսեղյանի խփած 2 գոլերը:

Գավաթի և առաջնության հետագա հանդիպումները հաստատեցին «Բանանցի» մեծ ներուժը, որը դարձավ Հայաստանի առաջին գավաթակիրը: Քառորդ եզրափակչի երկու հանդիպումների արդյունքով «Բանանցն» առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ (2-1, 0-0), իսկ կիսաեզրափակչում պայքարից դուրս մղեց «Վանին» (4-1, 2-1):

Եզրափակիչում «Բանանցի» մրցակիցը մեկ այլ նորաստեղծ թիմ էր՝ ՀՄԸՄ-ն, որը ևս իրեն լավ դրսևորեց: Եզրափակիչի ճանապարհին Խորեն Հովհաննիսյանի սաները պայքարից դուրս էին մղել Աշտարակի «Քասախին» (3-1), Կապանի «Սյունիքին» (1-0), Աբովյանի «Կոտայքին» (2-1, 0-1) և Գյումրու «Շիրակին» (3-0, 0-2): Մայիսի 28-ին «Հրազդանում» կայացած եզրափակիչ հանդիպումն անցավ համառ մրցապայքարում և ավարտվեց «Բանանցի» հաղթանակով: 79-րդ րոպեին հաշիվը բացեց Արա Նիգոյանը, իսկ խաղավարտից 3 րոպե առաջ Աշոտ Ավետիսյանն ամրապնդեց իր թիմի հաղթանակը:

Bananc01 960x615 - Թիմեր Հայաստանի 16 քաղաքից, հաշվեհարդար մրցավարների հետ, 17-ամյա Բերեզովսկին․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 1-ին)
«Բանանցի» ֆուտբոլիստները և մարզչական անձնակազմը, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Արտասովոր արդյունքներ անորակ խաղադաշտերում

Առաջնության մեկնարկից երկու ենթախմբերում էլ անհաշտ մրցապայքար ծավալվեց լավագույն վեցնյակում տեղ զբաղեցնելու համար: Տարբեր խաղամակարդակի և պատրաստվածության թիմերի մրցավեճում մրցակիցներից մեկի առավելությունը հաճախ էր արտահայտվում խոշոր հաշիվներով, երբեմն էլ նույնիսկ երկնիշ թվով: Թիմերի խաղամակարդակների խիստ տարբերությունն էր չափազանց բարձր արդյունավետության, նաև գրանցված անսովոր հաշիվների (օրինակ՝ «Ալաշկերտ» «Սյունիք»՝ 8-9) պատճառը: Ֆունկցիոնալ պատրաստվածությամբ հատկապես «կաղում» էին մարզային թիմերը, որոնցից շատերը ոչ միայն մարզումային նորմալ պայմաններ չունեին, այլև ապահովված չէին անհրաժեշտ մարզագույքով: Եզակի չէին դեպքերը, երբ փոխարինման դուրս եկող ֆուտբոլիստը հագնում էր փոխարինվածի մարզաշապիկը, որի խաղահամարն այդ պահին փոփոխում էին կպչուն ժապավենի միջոցով:

Լուրջ խնդիր էր նաև մարզադաշտերի հարցը, որոնց մեծամասնության խոտածածկն անորակ էր, խաղադաշտերն էլ՝ անհարթ: Երևանյան 9 թիմերը մրցակիցներին հյուրընկալում էին ընդամենը 3 մարզադաշտում՝ «Հրազդանում», «Նաիրիում» և Մալաթիայի ֆուտբոլի դպրոցի խաղադաշտում: Մարզադաշտերի մեծամասնությունում ոչ միայն չկային լուսարձակներ ու լուսատախտակներ, այլև չէր գործում ռադիոհանգույցը, խաղից հետո ֆուտբոլիստների լողանալու համար էլ տարրական պայմաններ չկային:

Դյուրին չէր նաև մարզական լրագրողների աշխատանքը: Տուրի արդյունքներին տեղեկանալու համար հարկավոր էր հանդիպումներից հետո զանգահարել ֆուտբոլի ֆեդերացիա ու սպասել հերթապահ աշխատակցի պատասխանին: Իսկ խաղերի արձանագրություններին ծանոթանալու համար հարկ էր լինում հաջորդ օրն անձամբ այցելել ֆեդերացիա և արտագրել անհրաժեշտ ինֆորմացիան: Ընդ որում, արձանագրություններում բազում սխալներ ու անճշտություններ էին լինում, քանի որ թիմերի մարզիչներն էին նշում գոլերի հեղինակներին (ֆուտբոլիստների ազգանվան դիմաց նշվում էր խփած գոլերի քանակը՝ առանց րոպեները նշելու, որի համար արձանագրությունում հատուկ սյունակ առանձնացված չէր) և կատարված փոփոխությունները, իսկ գլխավոր մրցավարը որպես կանոն չէր վերահսկում այդ գործընթացը:

Lragroxner@ 960x636 - Թիմեր Հայաստանի 16 քաղաքից, հաշվեհարդար մրցավարների հետ, 17-ամյա Բերեզովսկին․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 1-ին)
Լրագրողները, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Դեռ լավ է, որ մրցակարգի համաձայն, հանդիպման տեսուչը պարտավոր էր իր հաշվետվությունում նշել նաև գրանցված գոլերի րոպեները: Եվ հաճախակի մարզիչների ու տեսուչների ներկայացրած տվյալները չէին համընկնում՝ լրացուցիչ դժվարություններ ստեղծելով լրագրողների համար: Երբեմն էլ որոշ անբարեխիղճ մարզիչներ իրենց թիմերի ռմբարկուների հաշվին էին գրանցում խաղընկերոջ խփած գոլը՝ դրանով ցանկանալով իրենց խաղացողին առաջատար դիրքեր դուրս բերել առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում: Եվ չնայած նշված թերություններին, ազգային անդրանիկ առաջնության նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր:

Արդյունավետության ռեկորդներ, որ մինչ օրս գերազանցված չեն

Առաջին ենթախմբում «Արարատին» լուրջ մարտահրավեր նետեցին «Բանանցը»ՀՄԸՄ-ն և «Սյունիքը»: Մեկնարկային 3 հանդիպումներում արարատցիներն ընդամենը 3 միավոր վաստակեցին (հաղթանակի համար 2 միավոր էր տրվում)՝ 3-րդ տուրում առաջին պարտությունը կրելով ՀՄՄ-ՖԻՄԱ-ից (1-2): Անհաջող մեկնարկը ստիպեց արարատցիներին ավելի լրջորեն տրամադրվել խաղերին, ինչը ցանկալի արդյունք տվեց: Հաջորդ 13 հանդիպումներից 12-ում «Արարատը» հաղթեց, միակ ոչ-ոքին գրանցեց ՀՄԸՄ-ի հետ խաղում, որի հետ 2-րդ շրջանի մրցավեճում էլ գրանցվեց 1-1 հաշիվ: Ընդ որում հունիսի 11-ին Սևանի «Ախթամարի» հետ «Հրազդանում» կայացած խաղում արարատցիներն արդյունավետության յուրօրինակ ռեկորդի հեղինակ դարձան՝ 18 անպատասխան գնդակ խփելով մրցակցի դարպասը: Մեկ այլ ռեկորդ սահմանեց Վահե Յաղմուրյանը՝ 8 անգամ գրավելով մրցակցի դարպասը: Երկու ռեկորդներն էլ մինչ օրս չեն գերազանցվել:

Yaghmuryan rmbarku 960x631 - Թիմեր Հայաստանի 16 քաղաքից, հաշվեհարդար մրցավարների հետ, 17-ամյա Բերեզովսկին․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 1-ին)
Վահե Յաղմուրյանը, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

«Բանանցին» երկրորդ շրջանի խաղում «Արարատը» հաղթեց 3-0 հաշվով: Նախնական փուլում 2-րդ և վերջին պարտությունն արարատցիները կրեցին Կապանում, որտեղ հասնելն ու խաղալն առաջնության մասնակից թիմերի համար շատ դժվար էր, նույնիսկ վտանգավոր: Պատճառն այն էր, որ ադրբեջանցիները «Գրադ» կայանքներով հաճախակի էին ռմբակոծում սահմանամերձ շրջանները: Դրա հետևանքով «Ախթամարը», «Կոտայքը», «Կիլիկիան» և «Զվարթնոցը» հրաժարվել էին Կապան մեկնելուց և նրանց 0-3 հաշվով պարտություն էր գրանցվել: Իսկ «Արարատը» համարձակվեց ուղղաթիռով հուլիսի 6-ին մեկնել Կապան, որտեղ 1-4 խոշոր հաշվով պարտվեց: Նշենք, որ այդ խաղում «Սյունիքի» դարպասը պաշտպանում էր դեռ 18 տարին չբոլորած Ռոման Բերեզովսկին, որն առաջնության առաջին շրջանում հանդես էր եկել «Կոշկագործում»:

Չորս օր անց Կապանում «Արարատի» ճակատագրին արժանացավ նաև «Բանանցը»՝ պարտվելով միևնույն 1-4 հաշվով: Դա առաջնությունում «Բանանցի» անդրանիկ պարտությունն էր, որով ընդհատվեց 10 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարքը: Իսկ մինչ այդ անցկացրած 17 հանդիպումներից միայն 3-ում («Արարատ»՝ 0-0, «Մալաթիա»՝ 0-0, ՀՄԸՄ՝ 2-2) թիմին չէր հաջողվել առավելության հասնել մրցակիցների նկատմամբ: Մեկնարկային 6 հանդիպումներում «Բանանցի» դարպասապահ Գարիկ Նաջարյանը դարպասն անառիկ էր պահել:

ՀՄԸՄ-ի ֆուտբոլիստներն էլ ցուցադրած արդյունավետ խաղով ապացուցեցին, որ մրցանակային տեղերի հավակնորդներից մեկն են: Իրենց երիտասարդ խաղընկերներին գրոհների էին առաջնորդում փորձառու Խորեն Հովհաննիսյանն ու Պողոս Գալստյանը՝ իրենք ևս վարպետորեն իրացնելով գոլային պահերը: Նրանց կողքին արդյունավետ խաղով աչքի ընկավ 19-ամյա Արսեն Ավետիսյանը, որը նախնական փուլում 13 գնդակով դարձավ թիմի լավագույն ռմբարկուն՝ մեկ գոլով գերազանցելով Հովհաննիսյանի և Գալստյանի ցուցանիշը:

Khoren1 - Թիմեր Հայաստանի 16 քաղաքից, հաշվեհարդար մրցավարների հետ, 17-ամյա Բերեզովսկին․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 1-ին)
Աջից՝ Խորեն Հովհաննիսյանը, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Մրցավարները ոստիկանների ուղեկցությամբ լքեցին խաղադաշտը

Նախնական փուլում ՀՄԸՄ-ի անցկացրած հանդիպումներից ամենահամառն ու դրամատիկը հուլիսի 24-ին «Հրազդանում» «Սյունիքի» հետ կայացած խաղն էր, որի արդյունքը «ոսկե» միավորների գին ուներ, քանի որ երկու թիմերն էլ արդեն ապահովել էին իրենց տեղը լավագույն վեցնյակում:

Հանդիպումը շատ անհաջող դասավորվեց դաշտի տերերի համար, որոնք 13-րդ րոպեին արդեն պարտվում էին 0-2 հաշվով: Հաշիվը բացել էր Արթուր Մանուցյանը, իսկ քիչ անց Սարգիս Հովսեփյանը գնդակն ուղարկել էր սեփական դարպասը: Հետագայում ՀՄԸՄ-ին հաջողվեց 3 անգամ գրավել Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը, բայց մինչև ընդմիջման գնալը հյուրերը 11մ հարվածով վերականգնեցին հավասարակշռությունը:

Ընդմիջումից հետո մրցակիցները 2-ական գնդակ փոխանակեցին: Թվում էր, թե խաղը կավարտվի ոչ-ոքի, սակայն խաղավարտից երկու րոպե առաջ մրցավար Սլավա Ղազարյանը 11մ հարված նշանակեց Բերեզովսկու դարպասին, ինչը հարուցեց սյունիքցիների բուռն արձագանքը: Խաղադաշտում կրքերը բորբոքվեցին: «Սյունիքի» ֆուտբոլիստները շրջապատել էին մրցավարին ու պահանջում էին փոխել վճիռը: Հյուրերից ամենաակտիվը՝ Սարգիս Աղաջանյանը հարվածեց մրցավարին, որի համար հեռացվեց խաղադաշտից՝ հետագայում որակազրկվելով 10 խաղով: Խորեն Հովհաննիսյանը հստակ իրացնելով 11մ հարվածը, կարևոր հաղթանակ պարգևեց իր սաներին: Իսկ Սլավա Ղազարյանն ու իր օգնականները ստիպված էին ոստիկանների ուղեկցությամբ լքել խաղադաշտը:

kriv 960x606 - Թիմեր Հայաստանի 16 քաղաքից, հաշվեհարդար մրցավարների հետ, 17-ամյա Բերեզովսկին․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 1-ին)
Դրվագ ՀՄԸՄ – «Սյունիք» հանդիպումից, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Ցավոք, նման դեպքերը եզակի չէին Հայաստանի անդրանիկ առաջնությունում: Ցածր էր թիմերի կարգապահությունը, մրցավարներն էլ հաճախ սխալ վճիռներ էին կայացնում, ինչը խաղադաշտերում կրքերի բորբոքման պատճառ էր դառնում՝ երբեմն վերածվելով ծեծկռտուքի: Ֆուտբոլիստներն էլ միմյանց նկատմամբ առանձնակի հանդուրժողականությամբ ու հարգանքով աչքի չէին ընկնում: Կրակի վրա յուղ էին լցնում նաև մարզիչները, որոնցից շատերը խաղերից անմիջապես հետո մրցավարական սենյակում փորձում էին իրենց հարաբերությունները պարզել, երբեմն էլ պարզապես հաշվեհարդար տեսնել մրցավարների հետ, որոնց հայհոյելը սովորական երևույթ էր:

«Ոսկե» միավորների հաշվարկով լավագույնը «Շիրակն» էր

Երկրորդ ենթախմբում փորձառու «Կոտայքից» և «Շիրակից» բացի, իրենց լավ դրսևորեցին նաև նորաստեղծ «Կիլիկիան» (գլխավոր մարզիչ՝ Սամվել Պետրոսյան) ու «Վանը» (գլխավոր մարզիչ՝ Արսեն Չիլինգարյան), ինչպես նաև Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ հանդես եկող Էջմիածնի «Զվարթնոցը»: Շիրակցիները վստահ անցկացրին նախնական փուլը՝ դառնալով 2-րդ ենթախմբի հաղթող: «Ոսկե» միավորների քանակով էլ «Շիրակը» գերազանցեց մրցակիցներին:

«Շիրակն» ընդամենը մեկ պարտություն կրեց՝ 9-րդ տուրում 1-2 հաշվով զիջելով «Կոշկագործին»: Իսկ մինչ այդ առաջնության մեկնարկային 8 հանդիպումներում Արթուր Հովհաննիսյանն անառիկ էր պահել սեփական դարպասը՝ դառնալով յուրօրինակ ռեկորդի հեղինակ: 22 հանդիպումներում «Շիրակն» ընդամենը 8 գոլ բաց թողեց, խփեց 76 գոլ, որից 18-ի հեղինակը թիմի ռմբարկու Գրիգոր Գրիգորյանն էր:

Shirak Champion 960x677 - Թիմեր Հայաստանի 16 քաղաքից, հաշվեհարդար մրցավարների հետ, 17-ամյա Բերեզովսկին․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 1-ին)
«Շիրակի» ֆուտբոլիստները, լուսանկարը՝ Մելիք Բաղդասարյանի («Ֆոտոլուր»)

Արդյունավետությամբ աչքի ընկան նաև «Կիլիկիայի» ֆուտբոլիստները, որոնք ևս 76 գոլ խփեցին: Թիմին հովանավորում էր «Հրազդան» մարզադաշտի տնօրենությունը: Ցավոք, նախնական փուլի ավարտից հետո հայտնվելով ֆինանսական ճգնաժամի ճիրաններում, «Կիլիկիան» չկարողացավ փրկության ուղիներ գտնել:  Թիմից հեռացան ոչ միայն ֆուտբոլիստները, այլ նաև մարզչական շտաբը: Փորձառուներին փոխարինած տակավին պատանի ֆուտբոլիստները գլխավոր մարզիչ Աշոտ Մարտիրոսյանի գլխավորությամբ ի վիճակի չեղան դիմագրավելու մրցակիցներին՝ եզրափակիչ փուլի բոլոր 11 հանդիպումներում էլ պարտվելով, որից 10-ը՝ խոշոր հաշվով:

Այսպիսով, նախնական փուլի արդյունքներով ենթախմբերում 1-6-րդ տեղերը գրաված թիմերը վաստակած «ոսկե միավորներով» եզրափակիչ փուլում պետք է սկսեին պայքարը մեդալների համար: Մյուս 12 թիմերը կրկին «ոսկե միավորներով» պետք է մրցավեճի բռնվեին 13-15-րդ տեղերի համար, ինչը հնարավորություն կտար պահպանելու տեղը Բարձրագույն խմբում: Նշենք, որ դեռևս նախնական փուլում երկու թիմ անվանափոխվեց: Երևանի «Կոշկագործը» վերանվանվեց «Շենգավիթ», իսկ Նոյեմբերյանի «Պահածոյագործը» ելույթները շարունակեց «Ազնավուր» անվանումով:

Նախնական փուլ

Ամփոփիչ աղյուսակներ

1-ին ենթախումբ

Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ
1. «Արարատ» Երևան 22 17 3 2 84-18 37
2. «Բանանց» Կոտայքի մարզ 22 17 3 2 66-19 37
3. ՀՄԸՄ Երևան 22 14 5 3 58-26 33
4. «Սյունիք» Կապան 22 13 5 4 63-43 31
5. ՀՄՄ-ՖԻՄԱ Երևան 22 9 6 7 33-26 24
6. «Նաիրի» Երևան 22 8 5 9 27-26 21
7. «Մալաթիա» Երևան 22 7 6 9 34-42 20
8. «Զորավան» Եղվարդ 22 8 1 13 39-43 17
9. «Լոռի» Վանաձոր 22 6 5 11 28-50 17
10. «Նիգ» Ապարան 22 5 1 16 21-60 11
11. «Ալաշկերտ» Մարտունի 22 3 2 17 32-77 8
12. «Ախթամար» Սևան 22 3 2 17 14-69 8

 2-րդ ենթախումբ

Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ
1. «Շիրակ» Գյումրի 22 18 3 1 76-8 39
2. «Կոտայք» Աբովյան 22 16 3 3 58-23 35
3. «Վան» Երևան 22 15 3 4 67-26 33
4. «Կիլիկիա» Երևան 22 14 3 5 76-29 31
5. «Զվարթնոց» Էջմիածին 22 9 8 5 51-35 26
6. «Կանազ» Երևան 22 10 5 7 49-37 25
7. «Քասախ» Աշտարակ 22 8 6 8 32-37 22
8. «Շենգավիթ» Երևան 22 7 6 9 31-42 20
9. «Իմպուլս» Դիլիջան 22 5 1 16 30-57 11
10. «Ազնավուր» Նոյեմբերյան 22 3 5 14 25-47 11
11. «Արաքս» Արմավիր 22 2 3 17 11-78 7
12. «Դեբեդ» Ալավերդի 22 1 2 19 25-112 4

«Ոսկե» միավորների հաշվարկով

1-12-րդ տեղեր

Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ
1. «Շիրակ» Գյումրի 10 8 2 0 23-3 18
2. ՀՄԸՄ Երևան 10 6 3 1 25-12 15
3. «Բանանց» Երևան 10 6 2 2 18-11 14
4. «Վան» Երևան 10 6 1 3 16-13 13
5. «Արարատ» Երևան 10 5 3 2 17-11 13
6. «Կոտայք» Աբովյան 10 5 2 3 15-11 12
7. «Սյունիք» Կապան 10 3 3 4 19-20 9
8. «Կիլիկիա» Երևան 10 3 2 5 15-19 8
9. «Զվարթնոց» Էջմիածին 10 1 4 5 13-22 6
10. ՀՄՄ-ՖԻՄԱ Երևան 10 1 3 6 7-18 5
11. «Նաիրի» Երևան 10 0 4 6 3-17 4
12. «Կանազ» Երևան 10 0 3 7 12-26 3

13-24-րդ տեղեր

Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ
13. «Քասախ» Աշտարակ 10 7 2 1 21-3 16
14. «Զորավան» Եղվարդ 10 7 1 2 27-9 15
15. «Շենգավիթ» Երևան 10 6 3 1 20-6 15
16. «Մալաթիա» Երևան 10 5 3 2 20-14 13
17. «Իմպուլս» Դիլիջան 10 5 1 4 17-13 11
18. «Լոռի» Վանաձոր 10 5 1 4 21-18 11
19. «Ազնավուր» Նոյեմբերյան 10 3 4 3 17-12 10
20. «Նիգ» Ապարան 10 4 1 5 12-19 9
21. «Ախթամար» Սևան 10 3 1 6 9-19 7
22. «Ալաշկերտ» Մարտունի 10 2 1 7 10-20 5
23. «Արաքս» Արմավիր 10 2 1 7 6-25 5
24. «Դեբեդ» Ալավերդի 10 1 1 8 9-31 3

Նախնական փուլի լավագույն ռմբարկուները             

Ֆուտբոլիստներ Ակումբ Գոլ
1. Վահե Յաղմուրյան «Արարատ» 30
2. Վարդան Ղազարյան «Սյունիք» 20
3. Գեղամ Հովհաննիսյան «Վան» 19
4. Հովակիմ Հովակիմյան «Զվարթնոց» 18
5. Մկրտիչ Հովհաննիսյան «Կանազ» 18
6. Գրիգոր Գրիգորյան «Շիրակ» 18

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա