Logo

Ուրիշի կյանքով ապրողը. ինչու և ինչպես է Ա սերիայի աստղը 6 տարի խաղացել կեղծ անունով

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 23.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
luciano s est revele sous un autre nom 162604 - Ուրիշի կյանքով ապրողը. ինչու և ինչպես է Ա սերիայի աստղը 6 տարի խաղացել կեղծ անունով

90-ականների Իտալիայի առաջնության հզորության մասին գիտեն շատերը։ 20-րդ դարի վերջին Ապենինյան թերակղզում հավաքվել էր համաշխարհային ֆուտբոլի ամենաշքեղ աստղաբույլը՝ Զիդան, Ռոնալդո, Բատիստուտա, Դել Պիերո, Շևչենկո, Վերոն…։ Նրանց կողքին աճում ու զարգանում էին երիտասարդները ու երազում վաղ թե ուշ հասնել այդ ֆուտբոլիստների փառքի գոնե կեսին։ Յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ Ա սերիայի թիմերի սկաուտներն ուսումնասիրում էին հազարավոր ֆուտբոլիստների, ու միայն ամենաարժանիներին էր առաջարկվում պայմանագիր։ Ուժեղագույն դիվիզիոնի թիմերի մեծամասնությունն իրենց պոտենցիալ ապագա աստղերին գտնում էին Հարավային Ամերիկայից։ 1998/1999 մրցաշրջանը ևս բացառություն չէր։

«Վենեցիա» – «Բոլոնիա» հանդիպման ժամանակ հյուրեի գլխավոր մարզիչը դաշտ դուրս բերեց ֆուտբոլիստի, որը ընդամենը մի քանի րոպե անց դարձավ խաղային օրվա հերոսը։ Էրիբերտո անունով կիսապաշտպանը, գնդակը ստանալով սեփական կիսադաշտում, հրթիռային արագությամբ կտրեց անցավ մոտ 70 մետր տարածություն ու հանգիստ գրավեց մրցակցի դարպասը։ Մարզիչ Մասիմո Ներին խաղից հետո, զարմանքից ապուշ կտրած, փորձում էր վերլուծել ֆենոմենալ գոլը. «Նա 80 մետրն անցավ 8 վայրկյանում։ Փաստացի, նա գնդակին դիպավ միայն 3-4 անգամ։ Ես իմ ամբողջ մարզչական կյանքում նման բան երբեք չէի տեսել։ Ու ես ապշած եմ, որովհետև իր բնույթով Էրիբերտոն սպրինտեր չէ»։

Այդպես, անանուն բրազիլացին ֆանտաստիկ գոլը խփելու հաջորդ առավոտյան արթնացավ Ա սերիայի ապագա աստղի կարգավիճակում։ Նրա մանկության երազանքը կատարվեց. ամենուրեք լսվում էր միայն 1 անուն՝ Էրիբերտո։ Rai հեռուստաընկերությունը, որը գրեթե միշտ յուրաքանչյուր խաղային օրից հետո անում էր մեծ քննարկում, այդ օրը տաղավարում քննարկման առարկա էր դարձրել բրազիլացի երիտասարդի խփած գնդակը։ Էլ ի՞նչ է պետք է երջանիկ լինելու համար։ Բայց Էրիբերտուն հասկանում էր, այդ փառքն իրենը չէ, ոչինչ իրենը չէ, նույնիսկ այն անունը, որը նա կրում է։

1995 թվականի դրությամբ Ռիո-Բոնիտո փոքրիկ քաղաքում իր կյանքն էր ապրում Լուսիանոն։ Նա տարիներ առաջ լավ ֆուտբոլ էր խաղում տարբեր թիմերում, նրան տաղանդավոր էին համարում, սակայն տարիների ընթացքում նա կորցրեց հետաքրքրությունը ֆուտբոլի հանդեպ որպես ապրուստի միջոց։ Նա բաց չէր թողնում Ա սերիայի ոչ մի հանդիպում, եթե, իհարկե, խանութում բանվորի ծանր աշխատանքից հետո 20-ամյա պատանին ուժ էր ունենում  հեռուստացույց դիտելու։ Հերթական օրը սպանելու ընթացքում Լուսիանոյին կանչեցին տեղի եկեղեցի, որտեղ քահանան պատանուն ասաց. «Լուսիանո, ծանոթացիր, Մորենոն է. նա ֆուտբոլային գործակալ է»։ Կարճ դադարից հետո գործակալը տղային ասաց. «Կուզե՞ս «Վասկո դա Գամայում» խաղալ, երիտասա՛րդ»։

lucianochievo 2506596 960x540 - Ուրիշի կյանքով ապրողը. ինչու և ինչպես է Ա սերիայի աստղը 6 տարի խաղացել կեղծ անունով

«Այդ խոսակցությունն արմատապես փոխեց իմ կյանքը։ Չգիտեի՝ ինչ պատասխանել։ Դրական պատասխան տվեցի, ինչից հետո Մորենոն ասաց, որ ես ֆուտբոլիստի համար արդեն մեծ եմ, ուստի պետք է փորձաշրջան անցնեմ այլ տարիքով։ Կարճ ժամանակ անց նա վերադարձավ. ձեռքին նոր ծննդյան վկայական էր, որտեղ գրված էր. «Էրիբերտո, 17 տարեկան», – հիշում է Լուսիանոն։

Խորամանկ գործակալը կատարել էր իր համար սովորական գործ. գտել էր ավելի երիտասարդ թիմերում խաղացող, ոչ այնքան վառ հեռանկար ունեցող ֆուտբոլիստի ու վերցրել նրանից իր ծննդյան վկայականը։ Իհարկե, գումարով։ Լուսիանոյի խոսքով իր համար մեկ էր այդ ժամանակ. «ես ո՛չ հայր ունեի, ո՛չ էլ մայր, ունեի-չունեի՝ սերն էր ֆուտբոլի հանդեպ», – հիշում է ֆուտբոլիստը։ Այդպես նա հայտնվեց «Պալմեյրասում», 2 տարի անց նրան նկատեցին «Բոլոնիայում», հետո՝ «Կիևոյում»։ Ապենինյան թերակղզում նա դարձավ նորահայտ աստղ։ Բոլորին թվում էր՝ «Կիևոյի» նորեկը բրազիլական հեքիաթի հերոս էր։ Իրականում Լուիսիանոն հազիվ էր իրեն զսպում, որ անելանելիությունից չպայթեր։

Մեր ընտրանին.

Նա ոչ մի կերպ չէր կարողանում մոռանալ, որ իր կարիերան սկսել է խաբեությունից։ Ամեն անգամ, երբ թիմակիցները նրա արտաքին տեսքի մասին հումոր էին անում ու ասում «մեր երիտասարդ բիձուկը», Լուսիանոն գրեթե ուշագնաց էր լինում։ «Նրանց թվում էր՝ դա զվարճալի էր, բայց իմ մեջ գիտեի, որ ես խաբել եմ նրանց, բոլորին, իմ հարազատներին ու ընկերներին», – պատմում է Լուսիանոն։

Հատկապես ծանր էր դարասկզբին, երբ ծնվեց ֆուտբոլիստի որդին։ Բրազիլական անունները բաղկացած են 3 մասից՝ անունը, 1-2 բառից բաղկացած մոր և նույնքան բաղկացուցիչ ունեցող հոր անունները։ Բնականաբար, կեղծ փաստաթղթերով ապրող Լուսիանոն չէր կարող որդուն տալ իր հայրանունը։ Նորածինը նույնիսկ չուներ ծննդյան վկայական։ Նա հասկանում էր, որ ապրում է կեղծ փաստաթղթերով, ինչը ապրիորի նշանակում էր, որ որդու փաստաթղթերն էլ էին կեղծ լինելու։ Այդպես, բրազիլացի ֆուտբոլիստը կամաց-կամաց դարձավ իր պատմության գերին, երբ իր անունով ապրել չէր կարելի, ուրիշի անունով էլ չէր լինում գտնել լիարժեք երջանկություն։

luciano chievo bzcfu8las2es1gs02x1fsm2bo 960x640 - Ուրիշի կյանքով ապրողը. ինչու և ինչպես է Ա սերիայի աստղը 6 տարի խաղացել կեղծ անունով

Ամեն ինչ փոխվում էր, երբ Լուսիանոն հագնում էր «Կիևոյի» մարզաշապիկը, որի մեջքին գրված էր «Էրիբերտո»։ Ու սկսվում էր 90 րոպե տևողությամբ ֆիլմ աննկարագրելի արագությունների մասին։ Նա վերցնում էր գնդակը ու սլանում էր մրցակցի տուգանային հրապարակ՝ նույնիսկ առանց մրցակից թիմի ֆուտբոլիստներին նկատելու։ 2001/2002 մրցաշրջանում «Կիևոն» նշեց իր նորամուտն Ա սերիայում ու գրավեց 5-րդ տեղը։ Տաղանդավոր բրազիլացուն ձեռք բերելու համար «թռչող իշուկների» գրասենյակի դիմաց հերթեր էին գոյացել։

Ամենից շատ գումար առաջարկեց այն տարիներին «մեծահարուստ» համարվող «Լացիոն»՝ 18 միլիոն 23-ամյա եզրային հրեշի համար, որն ուներ այսօրվա Մբապեի սենսացիոն արագությունն ու Կանտեի դիմացկունությունը։ Բրազիլացին համաձայնեց կնքել 5 տարվա պայմանագիր։ Ամեն ինչ պատրաստ էր, կողմերն ընտրել էին պայմանագիրը ստորագրելու տեղն ու ժամը, երբ հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստն անհետացել է։

eriberto luciano chievo o74u0jjxyjkh11o62cq4ra4cd 960x540 - Ուրիշի կյանքով ապրողը. ինչու և ինչպես է Ա սերիայի աստղը 6 տարի խաղացել կեղծ անունով

«Լացիոն» բացատրություն էր պահանջում, վերոնացիները պնդում էին, որ իրենց ֆուտբոլիստին թույլ են տվել կարճ ժամանակով վերադառնալ Բրազիլիա, բայց բացատրություն տալու պահին նույնիսկ ակումբի աշխատակիցները ամենուրեք «հետախուզում» էին տվել խաղացողի գործակալին։ Gazzetta dello Sport-ը գրում էր, իբրև ֆուտբոլիստն ունի խիստ անձնական ու խիստ ծանր խնդիրներ։ Բոլորն իրենց դրել էին իրադրությունից «գլուխ հանողի» տեղ, մինչդեռ ոչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում։ Ամբողջ Իտալիան սրտատրոփ սպասում էր բառի ամենաուղիղ իմաստով «բրազիլական սերիալի» հանգուցալուծմանը։ Ամեն ինչ պարզ դարձավ 2002 թվականի օգոստոսի 21-ին. այդ օրը Սան Պաուլու քաղաքի ոստիկանության բաժանմունքներից մեկը մտավ մի երիտասարդ ու հայտարարեց. «Իմ իսկական անունը Լուսիանո է, ոչ թե Էրիբերտո, ես 26 տարեկան եմ, ոչ թե 23։ Վերջապես ես իմ մեջ ուժ գտա՝ ասելու ամբողջ ճշմարտությունը…»։

«Ես ցանկանում եմ պատմել, որ կանգնել եմ սխալ ճանապարհի վրա։ Հուս ունեմ, որ այն մարդիկ, ումից կախված է իմ կյանքն ու սպորտային ապագան, ինձ խիստ դատելուց առաջ կլսեն իրենց սրտին։ Ես ոչ ոքի չեմ խաբել։ Ես միայն երազում էի Իտալիայում խաղալու մասին։ Իսկ հիմա ամեն ինչ սկզբից եմ սկսելու։ Ես հրաժարվում եմ «Լացիոյի» շքեղ պայմանագրից, քանի որ այս պահին պետք է իմ խղճի առաջ պատասխան տամ», – չարաբաստիկ օրը հիշում է Լուսիանո-Էրիբերտոն։

luciano 1200x900 1 960x720 - Ուրիշի կյանքով ապրողը. ինչու և ինչպես է Ա սերիայի աստղը 6 տարի խաղացել կեղծ անունով

Հաջորդ օրը նրա գործակալը հայտարարեց, որ Լուսիանոյի պատմության մասին իմացել է միայն վերջերս ու ինքն է առաջարկել ֆուտբոլիստին անմիջապես պատմել պատմությունը ոստիկանությունում։ Գործակալը աջ ու ձախ ասում էր, որ ծանոթ չէ իրավիճակին, մինչդեռ ինքն էր ամեն ինչ սկսել։ Ոստիկանության բաժանմունքում հայտնվելուց հետո Լուսիանոն արդեն չէր մտածում կարիերան շարունակելու մասին։ Նրան որակազրկման փոխարեն սպառնում էր երկարաժամկետ ազատազրկում։ Սակայն նույնիսկ դա չէր ֆուտբոլիստի խնդիրը։ ԶԼՄ-ներում պատմության մասին իմանալուց հետո «ոչ մի տեղից» հայտնվեց իսկական Էրիբերտոն։

Իրականում ծանր էր նաև Էրիբերտոյի կյանքը, որը ըստ la Repubblica պարբերականի, սեփական կամքով էր վաճառել իր ծննդյան վկայականը գործակալին։ Կորցնելով այդ փաստաթուղթը՝ Էրիբերտոն չէր կարող գրանցվել որևէ աշխատավայրում, գույք գրանցել սեփական անունով։ Միակ հույսը իր բոստանից քաղած բանջարեղենն էր ու պատահական վարձատրությունները, որոնք նա ստանում էր այս կամ այն ֆիզիկական աշխատանքն անելու շնորհիվ։ Իտալական այլ ԶԼՄ-ներ գրում էին, որ Էրիբերտոն Լուսիանոյին շանտաժի է ենթարկել, սակայն ֆուտբոլիստը հերքել է այդ տեղեկությունը։

eriberto - Ուրիշի կյանքով ապրողը. ինչու և ինչպես է Ա սերիայի աստղը 6 տարի խաղացել կեղծ անունով

Էրիբերտոն դիմեց դատարան «անձի գողության» մեղադրանքով, սակայն դատարանը չբավարարեց այդ հայցը բյուրոկրատական քաշքշուքի պատճառով։ Ըստ բրազիլական օրենսդրության՝ նման գործը քննվում է, եթե դեպքից անցած չի լինում 5 տարի և 1 օր, մինչդեռ Էրիբերտոյի և Լուսիանոյի միջև միջադեպը տեղի էր ունեցել 6 տարի առաջ։ Հայրենիքում իրավապահների «հարցերը լուծելուց հետո» Լուսիանոյին մնում էր «հաշտվել» իտալացիների հետ։ Քաղաքացիական դատարանները, մեղմ մոտեցան հարցին ու կասեցրին վարույթը։ ԻՖՖ-ն Լուսիանոյին որակազրկեց կես տարով ու տուգանեց 160 հազար եվրոյով. ավելի մեղմ պատիժ չի լինում։

«Երբ վերադառնամ, ավելի ուժեղ եմ լինելու, որովհետև ինձ այլևս ոչինչ չի տանջում, ես թաքցնելու ոչինչ չունեմ։ 100 տոկոսով ես եմ լինելու», – պնդում էր Լուսիանոն։ Բայց այստեղ էլ նա սուտ դուրս եկավ։ Որակազրկումից հետո նա վերադարձավ «Կիևո», սակայն նախկին մակարդակը հետ բերել չհաջողվեց։ «Լուսիանոն Էրիբերտո չի դառնա» – այսպիսի վերնագրով լույս տեսած La Gazetta dello Sport պարբերականը իր կամքից անկախ վերջակետ դրեց երկակի կյանքով ապրող բրազիլացի տաղանդավոր ֆուտբոլիստի կարիերայում։

Ինքը Լուսիանոն խաղակոշիկները մեխից կախեց միայն 38-ում։ Էլ ի՞նչ բրազիլական սերիալ, եթե այն մի 15 տարի չի տևում, չէ՞։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա