Logo

Վերածնունդ՝ Մանչինիի ձևով. 5 կետ, որոնցով Իտալիան դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 12.07.2021ՍՊՈՐՏ
italy site euro graphic - Վերածնունդ՝ Մանչինիի ձևով. 5 կետ, որոնցով Իտալիան դարձավ Եվրոպայի չեմպիոն

Վերածնունդը, կամ ինչպես ասում են՝ Ռենեսանսը, Կենտրոնական Եվրոպայի մշակութային և գաղափարական զարգացման դարաշրջան էր, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի: Այդ դարաշրջանը մեկնարկել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում՝ 14-րդ դարում:

Ֆուտբոլային վերածնունդը ևս սկսվեց Իտալիայում 2018 թվականին՝ այս անգամ մայրաքաղաք Հռոմում: «Սկուադրա աձուրան» շատ տխուր իրավիճակում էր ու 60 տարվա դադարից հետո չէր կարողացել նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Ֆիասկոյի պատճառները տարբեր էին. նախ՝ այդ ժամանակ բավական վատ վիճակում էր իտալական ֆուտբոլը՝ Ա սերիայում այդ ժամանակ տոտալ մոնոպոլիա էր՝ «Յուվենտուսի» «շնորհիվ», իտալական ակումբները թույլ էին եվրագավաթներում, սերնդափոխությունը չափազանց դանդաղ էր ընթանում՝ Բարձալիի, Կանդրևայի և Պարոլոյի նման ֆուտբոլիստներն արդեն ծեր էին ու դանդաղ, իսկ նոր տաղանդներ Իտալիայում չկային: Մեղավորներից էր նաև գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան, որի տակտիկաներն անհասկանալի էին, որոշումներն էլ՝ խիստ վիճելի: Շվեդիայի դեմ որոշիչ խաղում նա պահեստայինների նստարանին թողեց լավ մարզավիճակում գտնվող Դանիելե դե Ռոսիին ու Լորենցո Ինսինյեին:

Քաոսի ու հուսահատության այդ օրերին թիմը գլխավորեց Ռոբերտո Մանչինին։ Իտալացի երկրպագուները նրա հետ մեծ հույսեր չէին կապում: Ակումբային ֆուտբոլում Մանչինին կարիերայի անկում էր գրանցել՝ «Մանչեսթեր Սիթին» գլխավորելուց հետո նա աշխատել էր «Գալաթասարայում», հետո արդեն «Զենիթում» (այդ ընթացքում «Ինտերի» հետ անհաջող էտապ էր ունեցել):

Roberto Mancini Throws' Grenades At the Azzuri #1196 – Everything Roma

Բայց Մանչինին վերցրեց Իտալիայի հավաքականի ղեկն ու սկսեց իր երկար ճանապարհը՝ քարը քարի վրա դնելով թիմ կառուցելու գործընթացը: Մանչինին  փաթեթի մեջ վերցրեց բոլոր իտալացի ֆուտբոլիստներին ու լայն մոնիթորինգ իրականացրեց, ինչի մասին վկայում է մի շատ հետաքրքիր փաստ. ընդամենը 3 տարվա ընթացքում Իտալիայի հավաքականում խաղացել/փորձվել է 67 ֆուտբոլիստ/: Միայն 35 ֆուտբոլիստ Մանչինիի օրոք իր նորամուտն է նշել Իտալիայի հավաքականում: Մանչինին սկսեց իրական սերնդափոխությունը՝ շանս տալով Տոլոիին, Էմերսոնին, Բաստոնիին, Բարելային, Լոկատելիին, Պեսինային ու մյուսներին՝ չվնասելով հին գվարդիայի այն ֆուտբոլիստներին (Կյելինի, Բոնուչի), որոնք դեռ բարձր խաղամակարդակ ունեն:

«Ուեմբլիի» փառք տանող ճանապարհը մեկնարկեց 2018-ի սեպտեմբերից՝ Պորտուգալիայի հավաքականից կրած պարտությունից հետո: Նվազագույն հաշվով կրած այդ պարտությունը Իտալիայի տխուր օրերի վերջի սկիզբն էր: Այդ օրվանից հետո Մանչինիի Իտալիան անհավանական ցուցանիշներ գրանցեց:

  • Իտալիայի հավաքականն արդեն 34 խաղ է, որ չի պարտվում՝ գերազանցելով Վիտորիո Պոցոյի արդյունքը, որը, ի դեպ, հաղթել էր Մունդիալ 1934-ն ու 1938-ը, ինչպես նաև Օլիմպիական ոսկին 1936-ին
  • Մինչև ԵՎՐՈ 2020-ի կիսաեզրափակիչում Իսպանիայի ընտրանու հետ անցկացրած ոչ-ոքին՝ Իտալիայի հավաքականը հաղթանակների ռեկորդային շարք էր գրանցել՝ տանելով 13 անընդմեջ հաղթանակ: Դա ամենաերկար շարքն է «սկուադրա աձուրայի» պատմության մեջ
  • Իտալիայի հավաքականը հաղթեց ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի իր խմբում՝ ցույց տալով հարյուր տոկոսանոց արդյունք (10 խաղ, 10 հաղթանակ)՝ լինելով երկրորդը ամենաշատ գոլեր խփած թիմերի շարքում և բաց թողնելով ընդամենը 4 գոլ:

Այժմ ավելի մանրամասն ու դետալային վերլուծենք՝ որ գործոնների շնորհիվ Մանչինին վերակառուցեց Իտալիայի հավաքականն ու 3 տարվա ընթացքում փլատակների տակից հանեց թիմին և դարձրեց Եվրոպայի չեմպիոն:

Ուժեղ՝ որպես թիմ

ԵՎՐՈ 2020-ի գլխավոր ֆավորիտների շարքում Իտալիան չկար: Բոլորը նայում էին հնչեղ ֆուտբոլիստներին և ըստ այդմ կազմում ֆավորիտների ցանկը: Ֆրանսիան ուներ Մբապե, Պոգբա, Բենզեմա, Գրիզման, Գերմանիան՝ Կրոս, Կիմիխ, Հավերց, Գնաբրի, Պորտուգալիան՝ Ռոնալդու, Ֆերնանդեշ, Սիլվա, Անգլիան՝ Քեյն, Ստեռլինգ, Ֆոդեն, Սանչո:

Իտալիայի հավաքականը չուներ նման ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցեր 100 միլիոն եվրոն, բայց Մանչինիին, ամենակարևորը՝ հաջողվեց ստեղծել թիմ՝ շատ ամուր կոլեկտիվ: Մեծ անուն և վառ ընդգծված առաջատար չունենալն իր դրական դերը խաղաց Իտալիայի հանդերձարանում: Բալանսավորված խաղի և թիմային ոգու շնորհիվ Իտալիան հաղթող էր դուրս գալիս նույնիսկ այն խաղերում, երբ վատ էր խաղում:

Euro 2020: What to expect from Turkey vs Italy in the opener?

Ռոմանտիկ խաղաոճ, որին սիրահարվեց Եվրոպան

Ամենաշատը, որ գրավեց ու զարմացրեց Իտալիայի խաղում ԵՎՐՈ 2020-ի հենց բացման օրը՝ համարձակ, հարձակողական, գեղեցիկ ու կոմբինացիոն ֆուտբոլն էր իտալացիների կատարմամբ՝ մի բան, որ պատմականորեն հեռու է իտալական ֆուտբոլի մշակույթից: Իտալիայի հավաքականը, որ նույնիսկ Անդորայի դեմ խաղում կարող էր գործել պաշտպանությունից ու ընտրել հակագրոհային մարտավարություն, դուրս էր գալիս խաղադաշտ և տիրում գնդակին, հարձակվում, գրոհում: Այսպիսի Իտալիայի հավաքականին սկսեցին սիրել նաև օբյեկտիվ երկրպագուներն ու նույնիսկ հեյթերները:

Ի տարբերություն Անգլիայի հավաքականի, որը հարձակման գծում շատ ավելի լայն ընտրություն ու հնարավորություններ ուներ, Իտալիայի հավաքականը խաղում էր դիտարժան ֆուտբոլ, ու եզրափակիչում հաղթելով Անգլիային՝ Իտալիան ապացուցեց, որ կարելի է հաղթել նաև առանց պրագմատիկ ֆուտբոլի՝ տուրք տալով ֆուտբոլային հույզերին:

Մեր ընտրանին

Հզոր կիսապաշտպանություն

Իտալիայի այս հավաքականը բավական բալանսավորված ու հավասարակշռված թիմ էր և չուներ թույլ կողմեր, բայց ուներ ուժեղ կողմ: Այդ ուժեղ գոտին թիմի կիսապաշտպանությունն էր:

Կենտրոնում գործում էր Ժորժինյոն, որն ապահովում էր գնդակի վերահսկողությունն ու կանգնած դիրքից ճիշտ փոխանցումները դեպի եզրեր: Ժորժինյոյի կողքին խաղում էին 2 շատ աշխատասեր ֆուտբոլիստներ՝ Նիկոլո Բարելան և Մարկո Վերատին, որոնք և քանդում էին մրցակցի գրոհները, և իրենք կազմակերպում իրենց թիմի գրոհները: Դե իսկ պահեստում Մանչինին ուներ Մանուել Լոկատելի՝ ֆուտբոլիստ, որն այս ԵՎՐՈ-ից հետո անպայման կտեղափոխվի թոփ ակումբ:

Jorginho-Verratti-Barella, the watch of Italy - JuniperSports

Խաղադաշտի կենտրոնով՝ Վերատի-Բարելա-Ժորժինյո եռյակով Մանչինիի համար հնարավոր դարձավ իրականացնել իր բոլոր գաղափարները:

Դոնարուման ու ծերուկները

Իտալացի երկրպագուների համար ամենահետաքրքիր ու հանելուկային հարցը մեկն էր՝ ով է լինելու դարպասում Ջանլուիջի Բուֆոնից հետո:

Բարեբախտաբար, հայտնվեց մեկ այլ Ջանլուիջի: Երիտասարդ Դոնարուման պատվով է կատարում Բուֆոնին փոխարինողի դերն ու դեռ երկար տարիներ Իտալիայի հավաքականի երկրպագուները կարող են հանգիստ լինել դարպասապահի հարցով: Մանչինիի վստահությունը նրա հանդեպ այս հարցում էլ շատ կարևոր էր: Դոնարուման փայլուն մրցաշար անցկացրեց՝ ճանաչվելով ԵՎՐՈ 2020-ի լավագույն ֆուտբոլիստ: Նրա սեյվերը կարևոր պահերին ու եզրափակիչում 11-մետրանոց հարվածաշարում վճռորոշ նշանակություն ունեցան չեմպիոնության հարցում:

OptaPaolo on Twitter: "5/5 - Gianluigi Donnarumma has won each of the five games in which his team has faced penalty shootouts: three for his club and two for the National Team.

Եվ, իհարկե, չմոռանանք ծերուկների՝ Բոնուչի-Կյելինի զույգի հրաշալի խաղը պաշտպանությունում: Այս զույգի խաղը վերջին 2-3 տարիներին առաջվանը չէր. Ալեգրիի հեռանալուց հետո ո՛չ Սարին, ո՛չ Պիռլոն չկարողացան առավելագույնը քաղել լեգենդար տանդեմից, բայց Մանչինիի մոտ դա ստացվեց: Նրանց վստահ խաղն ու եզրայինների՝ Դի Լորենցոյի և Սպինացոլայի մեծ ծավալի աշխատանքն օգնեց դիմակայել իտալացիներին ամենածանր պահերին, երբ հարձակման գծում ոչինչ չէր ստացվում:

Փորձն ու հոգեբանությունը

Թեև Իտալիայի այս կազմը, մեծ հաշվով, երիտասարդ է, բայց նույն Կիելինի-Բոնուչի զույգն ու այս թիմի պատմությունը խոշոր մրցաշարերում նույնպես մեծ նշանակություն ունեցան: Իտալիայի հավաքականն ուներ հաղթողի հոգեբանություն, մեծ ինքնավստահություն:

Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում, Իսպանիայի դեմ ծանր 120 րոպեներից հետո միայն Կիելինին կարող էր անհոգ ժպիտով նայել Ժորդի Ալբայի աչքերին ու ինչ-որ տեղ նաև հոգեբանական ճնշում գործադրել մրցակցի վրա: Իտալացի ֆուտբոլիստները ասուլիսներին, նախախաղային մարզումներին ու էլ չխոսենք արդեն օրհներգը երգելիս ունեին չափազանց մեծ ինքնավստահություն:

B/R Football on Twitter: "Still only one way to sing the Italian national anthem 🗣️… "

Այժմ՝ Քաթարում կայանալիք ԱԱ 2022-ից մոտ 500 օր առաջ Իտալիան հաստատեց, որ վերածնվել է ու վերադարձել ամենաթոփ հավաքականների շարք և ապացուցեց, որ իրենց երբեք չի կարելի ֆավորիտների կազմից դուրս հանել՝ ինչ էլ որ պատահի: Իտալիան մնում է Իտալիա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա