Logo

Ո՛չ Յուրչենկոն, ո՛չ էլ Գուֆրանը․ Ով է VBET ՀՊԼ 30-րդ առաջնության ամենատարեց մասնակիցը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 09.08.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
230029099 319406289688069 8436651813254096805 n - Ո՛չ Յուրչենկոն, ո՛չ էլ Գուֆրանը․ Ով է VBET ՀՊԼ 30-րդ առաջնության ամենատարեց մասնակիցը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկն այնքան բուռն էր և հարուստ տարբեր իրադարձություններով, որ ստվերում թողեց մեկ այլ ոչ պակաս ուշագրավ փաստ: Սովորաբար յուրաքանչյուր մրցաշրջանի մեկնարկում նշում ենք առաջնության ամենատարեց ֆուտբոլիստին:

Եվ այսպես, ո՞վ է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական՝ 30-րդ առաջնության ամենատարեց ֆուտբոլիստը: Ֆուտբոլասերներից շատերը հավանաբար կնշեն «Ալաշկերտի» 35-ամյա դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին, մյուսներն էլ կհիշատակեն 35-ամյա մեկ այլ ֆուտբոլիստի՝ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Յոան Գուֆրանի ազգանունը:

Միանգամից ասենք, որ դա հարցի ճիշտ պատասխանը չէ: Գուցե շատերի համար անակնկալ լինի, երբ տեղեկանան, որ ամենատարեց ֆուտբոլիստը «Վանի» 37-ամյա դարպասապահ Նիկոլայ Ցիգանն է, որի ծննդյան տարեդարձը օգոստոսի 9-ին է:

222326747 315886506706714 9194089350398398679 n 960x595 - Ո՛չ Յուրչենկոն, ո՛չ էլ Գուֆրանը․ Ով է VBET ՀՊԼ 30-րդ առաջնության ամենատարեց մասնակիցը

Ուկրաինացի դարպասապահը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում նորամուտը նշել էր օգոստոսի 2-ին «Սևանի» հետ կայացած խաղում, որում բաց թողած 5 գոլերում մեղքի իր բաժինն ուներ: «Արարատի» հետ կայացած հանդիպումն էլ անհաջող դասավորվեց: Բաց թողած գոլի դրվագում Ցիգանն ուսի վնասվածք ստացավ ու լքեց խաղադաշտը:

«Արարատի» հետ խաղում Նիկոլայ Ցիգանը մի քանի ուշագրավ ցուցանիշ գրանցեց: Նախ, նա դարձավ «Վանի» կազմում Բարձրագույն խմբում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը (36 տարեկան 364 օրական)՝ գերացանցելով Միհրան Մանասյանի արդյունքը, որն իր վերջին խաղը թիմի կազմում անցկացրել էր 31 տարեկան 332 օրականում:

Նիկոլայ Ցիգանը նաև ընդգրկվեց ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենատարեց լեգեոնականների ցանկում՝ եզրափակելով լավագույն հնգյակը: Հիշեցնենք, որ ցանկը գլխավորում է «Միկայի» նախկին պաշտպան Սերգեյ Գոռլուկովիչը, որը թիմում ելույթ էր ունեցել 40 տարեկան 168 օրականում:

228907734 204460568357494 4824342282874756186 n 960x641 - Ո՛չ Յուրչենկոն, ո՛չ էլ Գուֆրանը․ Ով է VBET ՀՊԼ 30-րդ առաջնության ամենատարեց մասնակիցը

Եվ վերջապես 3-րդ՝ ամենահետաքրքիր ցուցանիշն այն է, որ Ցիգանը նաև ընդգրկվեց ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենատարեց դարպասապահների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Էդիկ Երիցյանին (36 տարեկան 213 օրական):

Մեր ընտրանին.

Ինչպես հայտնի է, անցյալ տարվա նոյեմբերի 22-ին «Ուրարտուի» հետ խաղում «Շիրակի» դարպասը պաշտպանած Գևորգ Կասպարովը հերթական պատմական նվաճմանն էր հասել՝ դառնալով Հայաստանի առաջնություններում հանդես եկած ամենատարեց դարպասապահը: Այդ օրն անկախության շրջանի հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկը 40 տարեկան 120 օրական էր: Գևորգ Կասպարովը գերազանցել էր Երևանի «Կանազի» նախկին դարպասապահ Ռոբերտ Պալյանի ռեկորդային ցուցանիշը, որը 1992թ. նոյեմբերի 4-ին ՀՄՄ-ՖԻՄԱ-ի հետ անցկացրած առաջնության իր վերջին խաղում 40 տարեկան 94 օրական էր:

Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում Կասպարովն իր վերջին խաղն էր անցկացրել ֆուտբոլային հարուստ կարիերայում՝ ռեկորդային վերջնական ցուցանիշը հասցնելով 40 տարեկան 140 օրականի:

128002838 1527159304147624 2739947415038964222 n - Ո՛չ Յուրչենկոն, ո՛չ էլ Գուֆրանը․ Ով է VBET ՀՊԼ 30-րդ առաջնության ամենատարեց մասնակիցը

VNews.am-ն առաջարկում է ծանոթանալ Բարձրագույն խմբում հանդես եկած ամենատարեց դարպասապահների թարմացված ցանկին:

Դարպասապահներ Վերջին ակումբը Տարիքը Վերջին խաղը
1. Գևորգ Կասպարով «Շիրակ» 40 տ. 120օր. 22.11.2020 «Ուրարտու»՝ 0-3
2. Ռոբերտ Պալյան «Կանազ» 40 տ. 94 օր. 04.11.1992 ՀՄՄ-ՖԻՄԱ՝ 2-1
3. Սլավա Սուքիասյան «Լեռնագործ» Երևան 40 տ. 38 օր. 15.09.2005 «Շիրակ»՝ 1-0
4. Աշոտ Ստեփանյան «Նիգ» 40 տ. 22 օր. 29.10.1992 «Դեբեդ»՝ 4-2
5. Արմեն Մանուկյան «Շենգավիթ» 37 տ.  246 օր. 03.11.1992 «Զորավան»՝ 4-4
6. Ռայմոնդ Զադուրյան «Շիրակ» 37 տ.  106 օր. 31.08.2008«Արարատ»՝ 1-2
7. Արմեն Ավագյան «Էրեբունի» 37 տ.  25 օր. 02.07.1999«Ցեմենտ»՝ 0-3
8. Նիկոլայ Ցիգան «Վան» 36տ.  364օր. 08.08.2021«Արարատ»՝ 0-1
9. Վահան Շմավոնյան «Ուլիս» 36 տ.  268 օր. 09.11.2006 «Բանանց»՝ 0-7
10. Սեյրան Ղուլիջանյան «Ազնավուր» 36 տ.  231 օր. 13.10.1992 «Լոռի»՝ 6-1

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա