Logo

#Ոսկե գնդակի_տիրակալները. Բոլոր ժամանակների լավագույն պաշտպանը, որն ընկերություն էր անում հայերի հետ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 22.04.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
beckebnauer 43 - #Ոսկե գնդակի_տիրակալները. Բոլոր ժամանակների լավագույն պաշտպանը, որն ընկերություն էր անում հայերի հետ

Մեր օրերում դժվար է պատկերացնել, որ պաշտպանը կարող է «Ոսկե գնդակ» ստանալ: Վերջին 10 տարում միայն Վիրջիլ վան Դեյկն է մոտ եղել մրցանակին, իսկ երկու «Ոսկե գնդակ» ստանալու մասին նրանք նույնիսկ չեն էլ երազում: Մեր հերոսն այդ մրցանակը երկու անգամ է ստացել և այնպիսի կարիերա ունեցել, որ այդ նվաճումները նույնիսկ նրա գլխավոր հաջողությունները չեն համարվում, այլ բնական գնահատականն են նրա փառքին:

«Ոսկե գնդակի» տիրակալները շարքում այսօր պատմում ենք «Կայզեր Ֆրանցի»՝ լեգենդար Ֆրանց Բեկենբաուերի մասին, որը Գերմանիային դարձրեց հզոր, «Բավարիային»՝ անպարտելի, իսկ իր անունը գրեց որպես պատմության լավագույն կենտրոնական պաշտպան:

Ճակատագրական որոշում ծեծկռտուքի պատճառով

Բեկենբաուերը ծնվել է 1945 թվականին՝ Մյունխենում, երբ քաղաքը գրավել էին ամերիկյան զորքերը: Նա իր հարազատ քաղաքում է սկսել ֆուտբոլի հաճախել, սակայն նրա թիմի՝ «Մյունխեն 1906»-ի մասին հիմա քչերն են լսել, բայց այդ ժամանակ դա քաղաքի գլխավորներից մեկն էր: Սակայն «1906»-ը չուներ ակադեմիա, այդ պատճառով համաձայնության հասավ Բավարիա դաշնային հողի ամենասիրելի ակումբի՝ «Մյունխեն 1860»-ի հետ, որի ակադեմիա պետք է տեղափոխվեին բոլոր սաները: Այդ պահին Ֆրանցը 13 տարեկան էր և նույնպես պատրաստվում էր տրանսֆերին, սակայն մանկապատանեկան մրցաշարերից մեկի եզրափակիչում հանդիպեցին այդ երկու թիմերը և «1860»-ի ֆուտբոլիստներն այնքան կոպիտ խաղացին, որ Բեկենբաուերը տեղում որոշեց չմիանալ այդ ակումբին: Խաղի ժամանակ նույնիսկ ծեծկռտուք սկսվեց, որի ժամանակ ուժեղ հարվածեցին Ֆրանցի ականջին: Հաջորդ օրը նա իր թիմակիցների հետ գնաց մյունխենյան այլ ակումբի՝ «Բավարիա» ակադեմիա: Հիմա «Բավարիան» աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է, իսկ այն ժամանակ անհույս հետնապահ էր, որը նույնիսկ Բունդեսլիգայում չէր խաղում: Գերմանացի պատանու ծնողները դեմ էին, որ իրենց որդին այդքան թույլ ակումբ տեղափոխվի, բայց նա անվրդով էր:

Առաջին հաջողությունները և սկանդալին միջադեպը

Ֆրանցի երիտասարդության տարիները համընկան աշխարհում երաժշտական հեղափոխության հետ և նա ֆուտբոլին զուգահեռ սկսեց երգեր գրել ու ինքն էլ կատարել: 1966-ին, երբ Ֆրանցը 21 տարեկան էր, նրա «Gute Freunde kann niemand trennen» երգը դարձավ իսկական հիթ, ամբողջ Մյունխենն այդ երգի բառերն էր կրկնում: Gute Freunde-ն նույնիսկ համաշխարհային չարթերում հայտնվեց, որտեղ Ֆրանցը մրցակցում էր «Բիթլզի», «Ռոլինգ Սթոունզի», Ֆրենկ Սինատրայի և «Բիչ Բոյզի» հետ:

Բեկենբաուերի առաջին փառքը երգի շնորհիվ էր և այն խելքահան արեց երիտասարդին, որը սկանդալային միջադեպում հայտնվեց: Նրա 18-ամյա ընկերուհին հղիացավ և իմանալով, որ Ֆրանցը չի պատրաստվում ամուսնանալ նրա հետ, «անվայելուչ պահվածքի» մեղադրանքով դիմաց ԳՖՀ-ի ֆուտբոլային ղեկավարությանը: Բեկենբաուերի կարիերան վտանգի տակ էր, սակայն նրան փրկեց երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դետմար Կրամերը, որը պաշտոնյաներին համոզեց, որ այդպես նրանք կարող են կոտրել խոստումնալից ֆուտբոլիստին: 70-ականներին Բեկենբաուերը Կրամերին շնորհակալություն հայտնեց նրա համար երկու Չեմպիոնների գավաթ նվաճելով, երբ Դետմարը գլխավորում էր «Բավարիան»: Միջադեպից քիչ անց ամեն ինչ կարգավորվեց: Ֆրանցը «Բավարիային» օգնեց Բունդեսլիգայի ուղեգիր նվաճել և հրավիրվեց ազգային հավաքական:

Նորամուտի Աշխարհի առաջնությանը և անմիջապես հերոս

Անգլիայում կայացած Մունդիալի ժամանակ Բեկենբաուերը դեռ խաղում էր ձախ հարձակվողի դիրքում: Խմբային փուլում նա երկու գոլ խփեց Շվեյցարիային և իր թիմին օգնեց դուրս գալ փլեյ-օֆֆ: Քառորդ եզրափակիչում Ֆրանցը գրավեց Ուրուգվայի դարպասը, իսկ կիսաեզրափակիչում՝ ԽՍՀՄ-ի: Մունդիալի հերոս դառնալու համար մնում էր հաղթել եզրափակիչում, որում նրանք մրցում էին Անգլիայի հետ: Այդ խաղում որոշիչ դարձավ լրացուցիչ ժամանակում Ջեֆ Հերստի «ուրվական գոլը», որի կրկնապատկերը դիտելիս մինչև հիմա հնարավոր չէ հասկանալ գնդակը հատե՞լ էր դարպասային գիծը, թե՞ ոչ: Այդուհանդերձ, խաղից հետո Բեկենբաուերը մեղադրեց ոչ թե մրցավարներին, այլ ինքն իրեն.

«Անգլիան հաղթեց, որովհետև ես ավելի վատ խաղացի, քան Բոբի Չարլթոնը»: Դա ՖԻՖԱ-ին չխանգարեց գերմանացուն ճանաչել Մունդիալի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

Մեր ընտրանին

Ռևանշ անգլիացիներից և աշխարհի չեմպիոնի կոչում

Մունդիալ-70-ում ԳՖՀ-ն հեշտությամբ հաղթահարեց խմբային փուլը: Ֆրանցի գոլերի կարիքն արդեն չկար, որովհետև թիմում էին երկու սուպերռմբարկուներ՝ Գերդ Մյուլերը և Ուվե Զելերը: Քառորդ եզրափակիչում կայացավ խաղ, որին գերմանացիները 4 տարի էին սպասել՝ հանդիպում Անգլիայի հետ: «Բունդեսթիմը» ռևանշի հասավ՝ հաղթելով 3:2 հաշվով: Գերմանացիները քամբեք կատարեցին 0:2-ից հետո: Սկիզբը դրեց Բեկենբաուերի գոլը, իսկ վերջակետը՝ Մյուլերը: Կիսաեզրափակիչում կայացավ ֆուտբոլի պատմության լավագույն խաղերից մեկը: Իտալացիների հետ մրցավեճի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում ևս 5 գոլ գրանցվեց. «սկուադրա աձուրան» հաղթեց՝ 4:3:

Գերմանիայի փառքի ժամը եկավ 1974-ին: Երկու խմբային փուլերը հաղթահարելուց հետո «բունդեսթիմը» մտավ եզրափակիչ, որտեղ մրցեց իրենց «տոտալ ֆուտբոլով» հեղափոխություն կատարող Նիդերլանդերի հետ: Գերմանիան կամային հաղթանակի հասավ 2:1 հաշվով և դարձավ աշխարհի չեմպիոն: Հաղթական գոլը խփեց Մյուլերը, իսկ գավաթը բարձրացրեց թիմի ավագը՝ Բեկենբաուերը:

franz beckenbauer 1 - #Ոսկե գնդակի_տիրակալները. Բոլոր ժամանակների լավագույն պաշտպանը, որն ընկերություն էր անում հայերի հետ

Խաղաոճ հնարողը, ինչը «Բավարիան» գրանդ դարձրեց

1966-ի Մունդիալից վերադառնալուց հետո Բեկենբաուերը «Բավարիային» օգնեց առաջին Եվրոպական տիտղոսը նվաճել՝ Գավաթակիրների գավաթը: Որոշ ժամանակ անց Բեկենբաուերը փոխեց իր դիրքը և դարձավ լիբերո՝ ազատ պաշտպան: Այդ խաղային դիրքը հիմա այլևս չի օգտագործվում, սակայն այն ժամանակ «Կայզեր Ֆրանցն» իր նրբանկատության շնորհիվ գերմանական ֆուտբոլը դարձրեց հեգեմոն: Դասական լիբերոն ընդամենը ապահովագրում էր պաշտպաններին, նա վերջին ապավեն էր դարպասապահի համար, բայց Բեկենբաուերը չէր ցանկանում դրանով սահմանափակվել: Նրան ոգեշնչեց «Ինտերի» ձախ պաշտպան Ջաիչինտո Ֆակետիի խաղը, որը հակառակ այն ժամանակների ընդունված կարգին, հաճախ միանում էր գրոհներին և թողնում իր դիրքը: Ֆրանցը ցանկացավ այդ մոտեցումը կիրառել իր թիմերում՝ դաշտի կենտրոնում: Քանի որ այն ժամանակ գրեթե բոլոր թիմերը խաղում էին անհատական հսկողության տակտիկայով, լիբերոները միակ ֆուտբոլիստներն էին, որոնք ազատություն էին ստանում և կարող էին կառավարել խաղը: Մեր նախկին եզրային հարձակվողն արտակարգ էր կարողանում խորքից միանալ գրոհներին, հիասքանչ փոխանցումների ու դրիբլինգի էր տիրապետում, ինչպես նաև ուներ առաջատարի այնպիսի հատկանիշներ, որ 23 տարեկանում ընտրվեց «Բավարիայի» ավագ: Մյունխենյան ակումբում շատ արագ հասկացան Բեկենբաուերի մտահղացման պոտենցիալը և նրան թույլ տվեցին կիրառել այն:

«Ֆակետին ինձ ոգեշնչեց այդ քայլին դիմել: Զգացի որ նման մոտեցմամբ մեծ ճանապարհորդության եմ գնում»,- հետագայում հիշել է գերմանացին:

Ֆրանցը իր հանկարծակի տեղաշարժումներով ցանկացած իրավիճակում թիմի համար մեկ լրացուցիչ ֆուտբոլիստի առավելություն էր ստեղծում: Անակնկալի եկած մրցակիցները չէին հասկանում ինչպես վերահսկել լիբերոյին, որը նաև թիմի խաղարկողն էր ու գրոհները եզրափակողը (իր կարիերայի ընթացքում գերմանացին 97 գոլ է խփել):

beckenbauer  960x540 - #Ոսկե գնդակի_տիրակալները. Բոլոր ժամանակների լավագույն պաշտպանը, որն ընկերություն էր անում հայերի հետ

Նոր ավագի ու առաջատարի շնորհիվ «Բավարիան» դարձավ դոմինանտ: 5 տարում Գերմանիայի չեմպիոնի 4 կոչում (1969-1974): Մյունխենցիները հաջողությունը զարգացրին նաև Եվրոպայում` Չեմպիոնների գավաթի երեք անընդմեջ տիտղոս (1974-1976):

Գերմանիայի հավաքականում գլխավոր մարզիչ Հելմուտ Շենը «կայզերին» (գերմաներեն՝ կայսեր) երկար ժամանակ թույլ չէր տալիս համարձակ գործել, միանալ գրոհներին: Նա «հանձնվեց» Եվրո-1972-ի եզրափակիչում՝ Ֆրանցին տալով ազատություն: Արդյունքում, գերմանացիները 3:0 հաշվով ջախջախեցին ԽՍՀՄ-ի հավաքականին, իսկ տարվա վերջում Բեկենբաուերը ստացավ իր առաջին «Ոսկե գնդակը»: Մյուս «Ոսկե գնդակը»՝ 4 տարի անց էր, երբ նա արդեն 31 տարեկան էր և մոտեցել էր իր կարիերայի շրջադարձային որոշմանը:

Տեղափոխություն ԱՄՆ

Եվրոպայում ամեն ինչ նվաճելուց հետո Բեկենբաուերն անսպասելիորեն տեղափոխվեց ԱՄՆ: Այդ ժամանակ նա Եվրոպայի գործող լավագույն ֆուտբոլիստն էր և ընդամենը 32 տարեկան էր: Այդ պատճառով նրա որոշումը Գերմանիայում վատ ընդունվեց: Բոլորը վստահ էին, որ նա փողի համար է գնացել «Նյու-Յորք Կոսմոս»: Բայց «կայզերն» այլ բացատրություն ուներ.

«Իմ տեղափոխության հիմնական պատճառներից մեկը Պելեի հետ խաղալու հնարավորությունն էր («ֆուտբոլի արքան» ամերիկյան թիմում է խաղացել 1975-1977 թվականներին-խմբ): Ես ցանկանում էի կրկնել նրա ճանապարհը: Պելեն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Նա 10 անգամ ավելի տաղանդավոր է, քան ցանկացած այլ ֆուտբոլիստ, իսկ թեթև եսասիրությունը նրան իսկական առաջատար էր դարձնում»:

beckenbauer pele 960x540 - #Ոսկե գնդակի_տիրակալները. Բոլոր ժամանակների լավագույն պաշտպանը, որն ընկերություն էր անում հայերի հետ

Այն ժամանակ «Կոսմոսի» մեծահարուստ սեփականատերերը ցանկանում էին Պելեի, Բեկենբաուերի ու Նեսկենսի պես աստղերի շնորհիվ ԱՄՆ-ում ավելի զարգացնել ֆուտբոլը, նրանք 4 տարում 3 անգամ չեմպիոն դարձան, սակայն ամերիկացիները դեռ պատրաստ չէին սիրել այդ խաղը:

Դրանից հետո Ֆրանցը վերադարձավ Գերմանիա, բայց «Համբուրգ», այլ ոչ թե «Բավարիա»: Հեշտ է գլխի ընկնել, որ «կայզերի» հետ միասին «Համբուրգը» նվաճեց Բունդեսլիգայի չեմպիոնի կոչումը: Դրանից հետո գերմանացին կրկին վերադարձավ «Նյու-Յորք Կոսմոս», որտեղ էլ 1983-ին ավարտեց կարիերան:

Բեկենբաուերը և հայերը

Հայկական ակումբային ֆուտբոլի ամենալուսավոր կետը 1973 թվականին «Արարատի»՝ ԽՍՀՄ-ի չեմպիոնի ու գավաթակրի կոչումն է: Հաջորդ մրցաշրջանում «Արարատը» մասնակցեց Չեմպիոնների գավաթի խաղարկությանը, որում հասավ քառորդ եզրափակիչ և հանդիպեց գործող չեմպիոն «Բավարիային»: Մյունխենում տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով, իսկ պատասխան խաղում «Արարատն» առավելության հասավ՝ 1:0: Միակ գոլը գլխի հարվածով խփեց Արկադի Անդրեասյանը, որն օդային պայքարում հաղթեց հենց Բեկենբաուերին:

1978 թվականին, երբ «կայզերը» «Կոսմոսում» էր, ակումբը ձեռք բերեց իրանահայ պաշտպան Անդրանիկ Էսկանդարյանին, որի խաղը նրանց գրավել էր Մունդիալ-1978-ում: Հայ ֆուտբոլիստն առաջին մարզմանը գնալու համար Նյու-Յորքի փողոց է դուրս եկել ակումբի հանդերձանքով: Այդ պահին մեքենայով անցնող Բեկենբաուերն առաջարկել է ուղեկցել իր նոր թիմակցին: Այդպես նրանք մոտ ընկերներ են դարձել: Հենց գերմանացին է Անդրանիկին ներկայացրել թիմակիցներին: Նրանց թվում է եղել «ֆուտբոլի արքա» Պելեն, որի հետ հանդիպումից հետո Էսկանդարյանը «շոկի» մեջ է եղել: Էսկանդարյանը կարիերան ավարտելուց հետո էլ լավ հարաբերություններ է պահպանել Բեկենբաուերի հետ, որին հանդիպում է տարբեր ֆուտբոլային միջոցառումների ժամանակ: Անդրանիկի որդին՝ Ալեկոն, նույնպես դարձավ ֆուտբոլիստ և նույնիսկ նորամուտը նշեց ԱՄՆ-ի հավաքականի կազմում:

ararat bayern 1 - #Ոսկե գնդակի_տիրակալները. Բոլոր ժամանակների լավագույն պաշտպանը, որն ընկերություն էր անում հայերի հետ

Մարզչական կարիերան

Բեկենբաուերը երբեք չի թաքցրել, որ չի ցանկանում մարզիչ աշխատել, բայց 1984-ին նրան համոզեցին գլխավորել ԳՖՀ-ի հավաքականը: Ֆրանցը չուներ մարզչական արտոնագիր, այդ պատճառով նրան գրանցեցին որպես թիմի տնօրեն: Նրա գլխավորած թիմը 1986-ին հասավ Մունդիալի եզրափակիչ, որում պարտվեց Դիեգո Մարադոնայի Արգանտինայի հավաքականին, սակայն 4 տարի անց ռևանշի հասավ «ալբիսելեստեի» նկատմամբ և դարձավ աշխարհի չեմպիոն:

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, երբ բոլոր գերմանացիները տոնում էին չեմպիոնությունը, Ֆրանցը միայնակ քայլում էր խաղադաշտի կենտրոնում. «Դա միակ վայրն էր, որտեղ կարող էի մենակ մնալ»:

Հետագայում «կայզերը» կարճ ժամանակով գլխավորեց Մարսելի «Օլիմպիկը» և «Բավարիան», որոնց օգնեց չեմպիոն դառնալ իրենց երկրներում, սակայն 1996-ից հետո այլևս չի զբաղվում մարզչական աշխատանքով: Այդ ժամանակներից մինչև օրս նա «Բավարիայի» նախագահն է եղել և տնօրենների խորհրդի ղեկավարը: Նրա ղեկավարության օրոք մյունխենցիները վերադարձրին Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկի կոչումը և 10 տարի է Բունդեսլիգայում հավասարը չունեն:

beckenbauer pokale fcb 960x540 - #Ոսկե գնդակի_տիրակալները. Բոլոր ժամանակների լավագույն պաշտպանը, որն ընկերություն էր անում հայերի հետ

Մեծագույնի ճանաչում

Երկար ժամանակ Բեկենբաուերին անվանում էին բոլոր ժամանակներին լավագույն պաշտպան, բայց դա ոչ մի տեղ չէր գրանցվում: 2020-ին «Ֆրանս ֆուտբոլը» կազմեց բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը: Թիմում միայն մեկ կենտրոնական պաշտպանի տեղ էր հատկացվել: Թեկնածուների ազգանունները կարդալիս արդեն իսկ գլխապտույտ է սկսվում. Բարեզի, Կուման, Ռամոս, Կանավարո, Պասարելա, Շիրեա, Զամեր, Դեսայի, Մուր:

Բայց ոչ ոք չզարմացավ, որ մեծ առավելությամբ հաղթող դարձավ Բեկենբաուերը: Նա այն աստիճան անգերազանցելի է եղել, այնքան անհատական նվաճումներ ունի, այնպես է փոխել ֆուտբոլը, որ բոլորի գիտակցությունում ամրագրված է որպես բոլոր ժամանակների լավագույն կենտրոնական պաշտպան: Հիմա պարզապես դա հաստատվեց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա