Լեգենդները ֆուտբոլի անբաժանելի մասն են, սակայն առավել հետաքրքիր են տարօրինակ անեծքները: Ֆուտբոլի պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ թիմերը նման անեծքների «զոհ» են դարձել:
VNews-ը ներկայացնում է պատմության 5 առավել հայտնի ֆուտբոլային անեծքները:
Գնչուների անեծքը
Անգլիական «Բիրմինգեմն» և «Դերբին» բախտակիցներ են: Խնդիրն այն է, որ երկու ակումբներն էլ փորձել են իրենց ստադիոնը կառուցել գնչուների բնակության վայրում:
Ըստ լեգենդի՝ գնչուներն անիծում են երկու ակումբներին, որ 100 տարվա ընթացքում ոչ մի տիտղոս չնվաճեն:
Դրանից հետո «Բիրմինգեմը» ընդամենը 2 անգամ է նվաճել Անգլիական լիգայի գավաթը, իսկ «Դերբիի» ղեկավարները 1946-ի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչից առաջ հանդիպում են գնչուների հետ, ներողություն են հայցում և խնդրում են հանել անեծքը:
Հետաքրքիր է, որ թիմը հաղթում է եզրափակիչում և նվաճում են պատմության մեջ առաջին և առայժմ վերջին տիտղոսը:
Շամանն ու Ավստրալիայի հավաքականը
Մինչև 1974 թվականն Ավստրալիայի հավաքականը, որը մինչև 1974-ը ոչ մի անգամ չէր մասնակցել Մունդիալներին, աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի վերջին խաղում մրցելու էր Զիմբաբվեի հետ: Երկու հանդիպումներն էլ ավարտվում են 1-1 հաշվով:
Այդ ժամանակ Ավստրալիայի ներկայացուցիչները դիմում են շամանի օգնությանը: Ավստրալացիները հաղթում են 3-1 հաշվով, սակայն չեն վճարում շամանին խոստացած 1000 ֆունտ ստերլինգը:
Վհուկը որոշում է վրեժխնդիր լինել: Շուրջ 30 տարի «Կանաչ մայրացամաքը» ոչ մի կերպ չի կարողանում Մունդիալի ուղեգիր նվաճել:
2004-ին հեռուստահաղորդավար Ջոն Սաֆարին անձնական նախաձեռնությամբ մեկնում է Մոզամբիկ, տեղի շամաններից մեկին խնդրում է կապվել վհուկի հոգու հետ և ներողություն է խնդրում հայրենակիցների փոխարեն:
Զարմանալի է, բայց Ավստրալիան որակավորվում է 2006-ի աշխարհի առաջնությանը և նունիսկ դուրս է գալիս փլեյ-օֆֆ, իսկ դրանից հետո 3 անգամ անընդմեջ մասնակցում է Մունդիալներին:
Բրազիլական գորտը
1937 թվականին բրազիլական «Վասկո դա Գամայի» ավտոբուսը վթարի է ենթարկվում և չի կարողանում ժամանել նախատեսված խաղին:
Մրցակից «Անդարաի» ակումբի ղեկավարները, որոնք հնարավորություն ունեին օգտվել տեխնիկական պարտություն գրացելու իրավունքից, համաձայնում են սպասել հյուրերին: Բայց «Վասկոն» մարդկային վերաբերմունքին պատասխանում է 12-0 հաշվով:
Դրանից հետո տանտերերի ֆուտբոլիստներից մեկը «Վասկոյի» տնային ստադիոն է տանում գորտի և անեծքով խնդրում է, որպեսզի «թշնամին» 12 տարվա ընթացքում ոչ մի տիտղոս չնվաճի:
Նույն մրցաշրջանում «Վասկոն», որին մի քանի քայլ էր մնացել չեմպիոնությունը ձևակերպելու համար, ձեռքից բաց է թողնում հնարավորությունը: Դրան հաջորդած 8 տարիների փորձերը նույնպես ապարդյուն էին:
Աարոն Ռեմզի. սերիական մարդասպանը
Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Աարոն Ռեմզիի լեգենդին շատերն են ծանոթ:
Ամեն ինչ սկսվեց 2011-ին. «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը գրավելու հաջորդ օրը սպանվում է այն ժամանակ մոլորակի ամենավտանգավոր ահաբեկիչ համարվող Ուսամա Բեն Լադենը: Ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնի, եթե շղթան շարունակական չլիներ:
Շուտով ուելսցի կիսապաշտպանի գոլերից հետո զոհերի ցուցակում են հայտնվում Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին, Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը, փոփ-սոուլի համաշխարհային աստղ Ութնի Հյուսթոնը, Արգենտինայի նախկին դիկտատոր Խորխե Ռեդոնդոն, Հոլիվուդի աստղեր Փոլ Ուոքերը, Ալան Ռիքմանը, ինչպես նաև երաժիշտներ Դևիդ Բոուին և Քեն Նորթոնը:
Բելա Գուտման. «Բենֆիկայի» մղձավանջը
Ֆուտբոլային ամենահայտնի անեծքը պատկանում է հանրահայտ մարզիչ Բելա Գուտմանին:
Ավստրոհունգարացի մասնագետը 1960-1961 և 1961-1962 մրցաշրջանում «Բենֆիկայի» հետ նվաճում է Չեմպիոնների գավաթն ու վերջ է դնում Մադրիդի «Ռեալի» հեգեմոնիային:
Դրանից հետո Գուտմանը լիսաբոնյան ակումբի ղեկավարներին խնդրում է բարձրացնել աշխատավարձը, բայց մերժում է ստանում: Զայրացած մարզիչը հեռանալիս անիծում է, որ «Բենֆիկան» 100 տարվա ընթացքում ոչ մի տիտղոս չնվաճի:
Դրանից հետո «Արծիվները» 8 անգամ հասնում են եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչ, բայց ձեռնունայն են մնում:
1990-ին «Միլանի» հետ եզրափակիչից առաջ լեգենդար Էուսեբիոն մեկնում է Վիեննա, որտեղ թաղված էր իր նախկին մարզիչը և խնդրում է հանել անեծքը, սակայն ինչպես երևում է, Գուտմանը մերժել է անգամ պորտուգալական ֆուտբոլի լեգենդին: