Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում Իտալիայի չեմպիոն դառնալու արդյունքում նվաճեց կարիերայի 24-րդ տիտղոսը։
35-ամյա կիսապաշտպանը երբեք չէր դարձել եվրոպական թոփ-5 լիգաների (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) չեմպիոն։ Երևանի «Փյունիկի», Դոնեցկի «Մետալուրգի» ու «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», անգլիական «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու իտալական «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում դարձել է Հայաստանի քառակի և Ուկրաինայի եռակի չեմպիոն, նվաճել Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի գավաթները և այլ տիտղոսներ։
Ռեկորդային՝ 11 անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մխիթարյանը կարիերայի ընթացքում արժանացել է նաև բազմաթիվ անհատական մրցանակների։ Նա մինչև օրս Ուկրաինայի առաջնության ռեկորդակիրն է մեկ մրցաշրջանում խփած գոլերի ցուցանիշով (25 գոլ)։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխը մասնակցել է 33 խաղի, դարձել 2 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները
«Փյունիկ»
Հայաստանի չեմպիոն (4 անգամ) - 2006, 2007, 2008, 2009
Հայաստանի գավաթակիր - 2009
Հայաստանի սուպերգավաթակիր (2) - 2007, 2008
«Շախտյոր»
Ուկրաինայի չեմպիոն (3) - 2010/11, 2011/12, 2012/13
Ուկրաինայի գավաթակիր (3) 2010/11, 2011/12, 2012/13
Ուկրաինայի սուպերգավաթակիր - 2012
«Բորուսիա» (Դորտմունդ)
Գերմանիայի սուպերգավաթակիր (2) - 2013, 2014
«Մանչեսթեր Յունայթեդ»
Անգլիական լիգայի գավաթակիր - 2016/17
Անգլիայի սուպերգավաթակիր - 2016
Եվրոպա լիգայի հաղթող - 2016/17
«Ռոմա»
Կոնֆերենցիաների լիգայի հաղթող - 2021/22
«Ինտեր»
Իտալիայի չեմպիոն - 2023/24
Իտալիայի գավաթակիր - 2022/23
Իտալիայի սուպերգավաթակիր (2) - 2022, 2023