Logo

ՉԼ հաղթողը՝ ավելի հզո՞ր. 3 «բոմբ» տրանսֆերներ, որ սպառնում է անել «Չելսին»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 28.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Screenshot 7 1 - ՉԼ հաղթողը՝ ավելի հզո՞ր. 3 «բոմբ» տրանսֆերներ, որ սպառնում է անել «Չելսին»

Վերջին ժամերին տեղեկություններն ակտիվանում են (Ֆաբրիցիո Ռոմանոյի մակարդակով) Ժյուլ Կունդեի՝ «Չելսի» հավանական տեղափոխության մասին: Եվրոպայի գործող չեմպիոնը «քնից» վերջապես արթնանում և գործուն քայլեր է ձեռնարկում՝ իր առաջին տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ:

VNews-ը շարունակում է ուսումնասիրել եվրոպական գրանդ ակումբների տրանսֆերային գործունեությունը ամառային պատուհանի ընթացքում և հասկանալ՝ ինչ կազմ է ունենալու տվյալ ակումբը հաջորդ մրցաշրջանում:

«Չելսի»

Ինչպես արդեն հասկացաք նախաբանից՝ այսօր անդրադառնում ենք Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Չելսիին»: Լոնդոնյան ակումբը շատ հետաքրքիր ու դինամիկ զարգացումներով հարուստ մրցաշրջան ունեցավ: Թիմի մեկնարկը շատ անհաջող էր. Լեմպարդի գաղափարներն այլևս չէին աշխատում, իրականացված թոփ տրանսֆերները (Զիեշ, Հավերց, Վերներ) ոչ մի արդյունք չէին տալիս, արդյունքում՝ «Չելսին» հունվարին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 9-րդն էր, Լեմպարդն էլ հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: Թվում էր՝ սա անցումային մրցաշրջան է, որը պարզապես պետք էր շատ շուտ ավարտել ու ամեն ինչ սկսել նոր էջից՝ հաջորդ մրցաշրջանից: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, նոր էջն էլ՝ Լեմպարդի հեռանալուց, ավելի ճիշտ՝ Տոմաս Տուխելի ժամանումից անմիջապես հետո:

Thomas Tuchel not impressed with new Champions League format

Գերմանացի մասնագետը, որին առանց լուրջ հիմնավորումների հեռացրին ՊՍԺ-ից, եկավ ու կախարդական փայտիկով փոխեց թիմում ամեն ինչ: Տուխելը կարողացավ ֆուտբոլիստներին ստիպել շատ արագ մոռանալ իրենց սիրելի Լեմպարդին՝ ստեղծելով լավ մթնոլորտ՝ խաղացողների հետ հաղորդակցման բարձր մակարդակ ապահովելու շնորհիվ: Տուխելը հիմնովին փոխեց թիմի մարզումային ծրագրերը, որպեսզի ֆուտբոլիստներն արագ ընտելանան նրա մարտավարություններին: Հատուկ մարզումներ՝ գնդակի վերահսկողությունը, ֆիզիկական վիճակը և մարտավարական տարբեր լուծումներ գտնելու ունակությունը կատարելագործելու ուղղությամբ: Արդյունքում՝ «Չելսին» սկսեց ավելի շատ տիրել գնդակին ու ճիշտ փոխանցումներ կատարել, 90 րոպե խաղալ բարձր ինտենսիվությամբ և ունենալ տակտիկական ճկունություն: Այս ամենը հանգեցրեց նրան, որ Տուխելի սաներն ունեցան անպարտելիության երկար ձգվող շարք (15 խաղ), մտան լավագույն քառյակ, հասան Անգլիայի գավաթի եզրափակիչ և հաղթեցին Չեմպիոնների լիգան:

Տուխելը մի քանի ամսում փոխեց «Չելսիի» ուժը, դիրքը և կարգավիճակը ֆուտբոլային քարտեզում: Այդուհանդերձ՝ նույն ֆուտբոլով ու նույն կազմով դժվար է զարմացնել ուժեղ մրցակիցներին և հավակնել ԱՊԼ-ում կամ ՉԼ-ում հաղթելուն: Տուխելին թիմն ավելի նորացնելու և «իրենը դարձնելու» համար ոչ շատ, բայց մի քանի տրանսֆերներ անհրաժեշտ են:

Մեր ընտրանին

Ովքե՞ր են հեռացել

Նախ՝ հասկանանք, թե ովքեր են հեռացել կամ հեռանալու այս ակումբից: Ակնհայտ է, որ կազմի առումով «Չելսին» հեղափոխության չի ենթարկվելու, պարզապես հեռանալու են կամ արդեն հեռացել են այն ֆուտբոլիստները, որոնց հետ կամ Տուխելը հույսեր չի կապում, կամ նրանցից ոմանք չեն ցանկանում երկրորդական դերում լինել «Չելսիում» և իրենց բախտը որոնում են այլ ակումբներում:

Օլիվյե Ժիրու

Դեռ նախորդ տարվանից լուրեր էին շրջանառվում, որ Ժիրուն ցանկանում է հեռանալ «Չելսիից», քանի որ, նախ, դարձել էր Թեմի Աբրահամի փոխարինողը, իսկ Տիմո Վերների գալուց հետո թիմում կարևոր կարգավիճակ ունենալը դարձավ անհնար: Ֆրանսիացին ևս մեկ տարի մնաց լոնդոնյան ակումբի կազմում, Տուխելի օրոք երբեմն ստացավ նաև խաղաժամանակ, դարձավ «Ատլետիկոյի» դեմ կարևոր (նաև հիասքանչ) գոլի հեղինակ, նույնիսկ երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ:

Official: AC Milan Sign Olivier Giroud From Chelsea To Be New No. 9 - The AC Milan Offside

Բայց երկարաձգումից շաբաթներ անց հայտարարվեց Ժիրուի հեռացման մասին: Այդ փաստաթղթի շնորհիվ «Չելսին» պարզապես վաստակեց ևս 1-2 մլն եվրո ու հանգիստ բաց թողեց հարձակվողին «Միլան»: Օլիվյեն կծանոթանա իտալական ֆուտբոլին, կունենա ավելի մեծ դեր և կխաղա Չեմպիոնների լիգայում:

Ֆիկայո Տոմորի

Ֆիկայո Տոմորին «Չելսիի»՝ Լեմպարդի գլխավորությամբ առաջին մրցաշրջանի կարևոր օղակներից էր: Երիտասարդ պաշտպանը բավական հաջող էր գործում, բայց նրա խաղը Լոնդոնում խամրեց, արդեն հունվարին նա վարձավճարով տեղափոխվեց «Միլան», որն ուներ ֆուտբոլիստին գնելու իրավունք: «Չելսին» համաձայնեց հունիսին վաճառել Տոմորիին, քանի որ ֆուտբոլիստը, հնարավոր է, դժվարություններ ունենար Տուխելի սխեմաներում, իսկ նրա վաճառքից ակումբը վաստակելու էր 30 մլն եվրո: Այդպես էլ եղավ:

Ովքե՞ր կարող են հեռանալ

Կուրտ Զումա

Տուխելի համար առաջնային խնդիրներից է թիկունքի ուժեղացումը, բայց նրան այս դիրքում «խցանում» պետք չէ: Որակյալ պաշտպան «Չելսին» ձեռք կբերի, բայց կվաճառի նաև կենտրոնական պաշտպաններից մեկին, մասնավորապես՝ Կուրտ Զումային:

Ֆրանսիացին որոշակիորեն վերականգնեց մարզավիճակը և պահանջարկ ունի Եվրոպայում: Նշվում էր Մոուրինյոյի «Ռոմայի» և «Տոտենհեմի» հետաքրքրվածության մասին, որը բաժանվեց Տոբի Ալդերվեյրելդից: Բայց վերջին ժամերի տեղեկություններով՝ Զուման կարող է պարզապես Կունդեի գործարքի մաս կազմել և կարիերան շարունակել «Սևիլիայում»:

Kurt Zouma fires a warning to the Chelsea defense

Տիեմուե Բակայոկո

Տիեմուե Բակայոկոն, որը 2017-ին 45 մլն-ի դիմաց «Մոնակոյից» տեղափոխվեց «Չելսի»՝ այդպես էլ չարդարացրեց երկրպագուների սպասելիքները, հետո վարձավճարով դեգերեց «Միլանում» ու «Նապոլիում» և այս տարի հաստատ վերջնականապես կհեռանա Լոնդոնից: Ամենահավանական տարբերակը տեղափոխությունն է «Նապոլի», բայց արդեն ոչ վարձավճարով:

Հակիմ Զիեշ

Տուխելի գալուց հետո «Չելսիի»՝ նախորդ տարվա սուպերտրանսֆերներից Տիմո Վերներն ու հատկապես Կայ Հավերցը կարողացան վերգտնել իրենց խաղը և վերջապես ցույց տալ իրենց որակները, բայց Հակիմ Զիեշին դա անել չհաջողվեց: Թեև մարոկացին հաջողությամբ փոխարինման էր դուրս գալիս, այդուհանդերձ՝ նա դուրս մնաց հիմնական կազմից՝ բարձր մրցակցությունում տեղը զիջելով Մաունթին, երբեմն նաև Պուլիշիչին: Իսկ «Չելսին» «Այաքսին» 40 մլն չէր վճարել, որ Զիեշը դառնար պահեստային ֆուտբոլիստ:

Ziyech Could Leave Chelsea to Join Sevilla This Summer

28-ամյա ֆուտբոլիստը, հնարավոր է, այլևս չհամբերի ու տեղափոխվի այլ ակումբ: Նրա հիմնական գնորդներից մեկը, արդեն զվարճալի է, բայց այո, «Միլանն» է: Ամեն ինչ ավելի կհստականա միջմրցաշրջանային ընկերական խաղերի ընթացքում, երբ Տուխելը ևս կողմնորոշվի Զիեշի՝ «Չելսիում» ապագայի հարցում:

Թեմի Աբրահամ

«Չելսին» կարող է իր մյուս կենտրոնական հարձակվողից ևս ազատվել: Հաշվի առնելով՝ որքան հարուստ ընտրություն ունի Տուխելը հարձակման գծում, Աբրահամի կորուստը շատ ցավոտ չի լինի «Չելսիի» համար, իսկ նրանից ստացված գումարը քիչ չէ՝ 40 մլն եվրո: Աբրահամի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»: Պետք չէ մոռանալ նաև, որ «Չելսին» մտադիր է նոր հարձակվող գնել, և այդ հավանական տրանսֆերի կայանալ-չկայանալուց էլ կախված է Աբրահամի ճակատագիրը:

Ովքե՞ր կգան

Վերջապես հասանք «Չելսիի» ուժեղացման հարցին: Ռոման Աբրամովիչը կփորձի ամրապնդել 3 դիրք. պաշտպանությունը, հենակետայինի գոտին ու հարձակման կենտրոնը: Բոլոր դիրքերում «Չելսին» ունի իր նախընտրած խաղացողներին:

Ժյուլ Կունդե

Ամենամոտալուտ տրանսֆերը «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի ձեռքբերումն է, որի հարցով լոնդոնցիները բանակցություններ են սկսել իսպանացի իրենց գործընկերների հետ: Այս տրանսֆերի հարցում իրավիճակը, ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, հետևյալն է

  • Կունդեն ու «Չելսին» օրեր առաջ արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը, և այդ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: Կունդեն ցանկանում է տեղափոխվել թիմ, որը հեռուն կգնա Չեմպիոնների լիգայում:
  • Ակումբները վերջին ժամերին սկսել են բանակցություններ՝ տրանսֆերի արժեքի հարցում համաձայնության հասնելու համար: Կունդեի հրաժարագինը 80 մլն է, բայց ակումբները քննարկում են այլ մեխանիզմներ՝ այլ պայմաններով տրանսֆերն իրականացնելու համար:
  • Բանակցությունների ընթացքում քննարկվել է փոխանակության տարբերակը: Ինչպես արդեն նշվեց՝ «Սևիլիա» կարող է տեղափոխվել Կուրտ Զուման, որը զգալիորեն կնվազեցնի այն գումարի չափը, որ կվճարի «Չելսին» Կունդեի համար:

Portugal – France – Koundé, ready to take off: “The stronger the attacker, the more Jules wants to eat him”

Կունդեն «Սևիլիայում» անցկացրած տպավորիչ մրցաշրջանից ու Ֆրանսիայի հավաքականում ԵՎՐՈ 2020-ում խաղալուց հետո վերջնականապես «հաստատեց», որ պատրաստ է խաղալ շատ ավելի ուժեղ թիմում: Նա դարձավ Եվրոպայի ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկը. նրանով հետաքրքրված են ՄՅՈւ-ն, «Ռեալը», բայց, կարծես, մրցավազքում հաղթում է «Չելսին»: Կունդեն հրաշալի կտեղավորվի «Չելսիի» 3 կենտրոնականով սխեմայում՝ գործելով կենտրոնում կամ աջ եզրում:

Դեկլան Ռայս

Նույն իրավիճակում Դեկլան Ռայսն է. իր խաղամակարդակով ու հասունությամբ նա արդեն ավելի ուժեղ թիմում պետք է խաղա, քան «Վեսթ Հեմն» է: Էլ որտե՞ղ, եթե ոչ «Չելսիում»՝ իր հարազատ թիմում: Նա լոնդոնյան ակումբի ակադեմիայի սան է, և «Վեսթ Հեմ» տեղափոխվելուց հետո միշտ էլ մտապահել է մի օր «Չելսի» վերադառնալու տարբերակը: Կարծես՝ ճիշտ պահը եկել է:

Ռայսը շարունակեց իր կայուն ելույթները «Վեսթ Հեմում», իսկ Անգլիայի հավաքականում փայլուն խաղաց ԵՎՐՈ 2020-ի ժամանակ՝ «իշխելով» խաղադաշտի կենտրոնում:

Լեմպարդի հեռանալուց հետո Անգլիայում կարծում էին, որ «Չելսիի» հետաքրքրությունը կմարի 22-ամյա ֆուտբոլիստի հանդեպ, բայց տեղի ունեցավ հակառակը: The Telegraph-ի ու Football.London-ի տվյալներով՝ Տոմաս Տուխելը բավական բարձր է գնահատում Ռայսի խաղն ու ակումբի մարզական տնօրեն Մարինա Գրայանովսկային խնդրել զբաղվել ֆուտբոլիստի ձեռքբերման հարցով: Հաղորդվում է, որ Գրայանովսկայան կապի մեջ է «Վեսթ Հեմի» ղեկավարության հետ, որոնք սկզբում պահանջել են 100 մլն ֆունտ, բայց հետո նվազեցրել ախորժակն ու մտածել ողջամիտ թվերի մասին: «Չելսին» կարող է գործարքում ներառել նաև Թեմի Աբրահամին՝ ֆուտբոլիստ, որը չափազանց կարևոր խաղացող կարող է լինել «Վեսթ Հեմի» համար:

England happy to prove critics wrong as Rice reveals 'togetherness' within squad

Առանցքային է Ռայսի դիրքորոշումը: Եթե նա վճռական լինի, «Վեսթ Հեմը», հավանաբար, համաձայնության կհասնի «Չելսիի» հետ:

Էրլինգ Հալանդ

«Չելսիին» անհրաժեշտ է նոր՝ թոփ կենտրոնական հարձակվող: Դիդյե Դրոգբայի հեռանալուց հետո սա հավերժական խնդիր է այս ակումբում: Թվում էր՝ Վերների գալով այն կլուծվի, բայց ոչ. 9 համարի դիրքում Վերների անհավանական վրիպումներից մեկ մրցաշրջանի ընթացքում 4-5 րոպեանոց տեսանյութ հավաքվեց, Տուխելն էլ, հասկանալով դա, իր հայրենակցին օգտագործում է եզրում, որտեղ Տիմոն շատ ավելի արդյունավետ ֆուտբոլիստ է: Մինչև մրցաշրջանի ավարտ «Չելսին» ստիպված էր հարձակման կենտրոնում օգտագործել Կայ Հավերցին, որը, թեև դարձավ «Սիթիի» դեմ ՉԼ եզրափակիչի հաղթական գոլի հեղինակը, այնուամենայնիվ՝ գոլահար չէ:

«Չելսին» ամեն ինչ անելու է թոփ հարձակվող գնելու համար, և այս դիրքում ֆավորիտը «Բորուսիայի» ռմբարկու Էրլինգ Հալանդն է: Իհարկե՝ տրանսֆերն իրականացնելը չափազանց բարդ խնդիր է յուրաքանչյուր ակումբի համար. պետք է Հալանդին համոզել, որ հենց քո մարզական նախագիծն է լավագույնը, իսկ Ռայոլային համոզել, որ հենց քո առաջարկած պայմաններն են ֆինանսապես ավելի շահավետ: Չխոսենք «Բորուսիայի» մասին, որը նորվեգացու համար պահանջում է 180 մլն եվրո՝ գումար, որը զարմացնում է նույնիսկ Հալանդին: Ըստ ֆուտբոլիստի՝ դա չափազանց մեծ թիվ է մեկ ֆուտբոլիստի տրանսֆերի համար:

Haaland pronounces on his future: "I still have 3 years of contract"

«Չելսիի»՝ ֆուտբոլիստին գնելու ցանկությունը մեծ է, բայց վերջին շաբաթների ընթացքում որևէ առաջխաղացում չկա: Հալանդն այլ ակումբ տեղափոխվելու հարցում շտապելու ոչինչ չունի. «Բորուսիայում» նա առաջատար է, խաղում է Չեմպիոնների լիգայում և Դորտմունդում ամեն ինչ նպաստում է, որ նա իր խաղը զարգացնի: «Չելսին» պետք է անհավանական գումարներ դնի սեղանին՝ բոլորից առաջ անցնելու համար: Ըստ անգլիական մամուլի՝ լոնդոնցիները տրանսֆերային շուկայի մինչև վերջին օրը փորձելու են հասնել իրենց երազանք/նպատակին:

Պլան բ. Ռոբերտ Լևանդովսկի

«Չելսիի» պլան Բ-ն, նախապես, Հարի Քեյնն էր, որը «Տոտենհեմից» հեռանալու, բայց Անգլիայից չհեռանալու ցանկություն էր հայտնել: Բայց Քեյնը, կարծես, ընտրել է «Մանչեսթեր Սիթին», իսկ «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ բանակցելու համար պետք էր տրամադրել 2-3 ամիս: Աբրամովիչը և ակումբի մենեջմենթը նախընտրեցին այլ տարբերակներ փնտրել:

Քեյնին ու Հալանդին այլընտրանք կա շուկայում՝ Ռոբերտ Լևանդովսկի: Լեհ հարձակվողը, եթե հավատանք գերմանական ԶԼՄ-երին, ևս նոր հորիզոններ բացահայտելու ցանկություն է հայտնել: Լևանդովսկուն դժվար է պատկերացնել այլ մարզաշապիկով, բայց նրա այդ ցանկությունը տրամաբանական է. Լևան, որ դարձավ աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը, վերջին տարիներին, 11 տարի է՝ Բունդեսլիգայում է խաղում և պատրաստ է փորձել իր ուժերը այլ երկրների առաջնությունում: «Չելսիի» համար էլ Լևանդովսկին ոչ երկարաժամկետ, բայց լավ լուծում է: Դատելով ֆուտբոլիստի մարզավիճակից կարելի է ենթադրել, որ նա դեռ 2-3 մրցաշրջան կշարունակի մեծ թվով գոլեր խփել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: