Logo

«ՍուպերՄոնչին». Աշխարհի լավագույն մարզական տնօրենի հաջողության գաղտնիքները

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 26.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
asda3s0d3 - «ՍուպերՄոնչին». Աշխարհի լավագույն մարզական տնօրենի հաջողության գաղտնիքները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:59

-

-

Ֆուտբոլում թիմի հաջողությունների փառքը վայելում են ֆուտբոլիստներն ու մարզիչները: Բայց կուլիսների ետևում կա պաշտոն, որը պակաս կարևոր չէ թիմի/ակումբի համար: Խոսքը մարզական տնօրենի հաստիքի մասին է:

Ի՞նչ գործառույթ ունի մարզական տնօրենը

Իսկ ո՞վ է մարզական տնօրենը, ո՞րն է նրա առաքելությունը: Մարզական տնօրենը նման է մարդկային ռեսուրսների վարչության պետի պաշտոնին. հենց մարզական տնօրենն է պատասխանատու ակումբի կազմում խաղացող ֆուտբոլիստների և մարզչական շտաբի ընտրության համար:

Մարզական տնօրենը, կարելի է ասել, երկրորդ մարդն է ակումբում՝ նախագահից հետո. նա կապ է ստեղծում բոլոր օղակների՝ նախագահի, մարզչի, սկաուտների և նույնիսկ ակադեմիայի մարզիչների միջև: Տրանսֆերներ իրականացնելու, ակումբի հեռանկարներն ու նախագծերը կազմելու և բոլոր կարևոր որոշումներն ընդունելու հարցում վերջին խոսքը մարզական տնօրենին է պատկանում:

Իսկ ո՞վ է աշխարհի լավագույն մարզական տնօրենը

Չկա որևէ ցուցիչ՝ որոշելու, թե ով է լավագույն մարզական տնօրենն աշխարհում: Բայց կա մեկը, որն այս պաշտոնում իր գրանցած հաջողություններով տպավորել է բոլորին:

Ռամոն Ռոդրիգես Վերդեխոն՝ հանրությանը հայտնի որպես Մոնչի, ֆուտբոլի պատմության ամենահաջողակ մարզական տնօրեններից է: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2000-ից 2017 թվականներին «Սևիլիայում», այնուհետև 2 տարի՝ «Ռոմայում», և 2019-ից մինչ օրս կրկին «Սևիլիայում»: Մոնչին զբաղվում է ակումբի ակադեմիայի համակարգի զարգացմամբ, ինչպես նաև վարում է ակումբի տրանսֆերային քաղաքականությունը՝ Իսպանիայի ներսում և արտասահմանյան շուկայում:

Իր պատմության առաջին 110 տարիների ընթացքում «Սևիլիան» նվաճել է 4 կարևոր տիտղոս, իսկ վերջին 20 տարիներին, երբ Մոնչին դարձավ ակումբի մարզական տնօրեն, անդալուզիան ակումբը հաղթել է 10 մեծ տիտղոս:

sevilla hoping champions league run can continue monchis success but dortmund test awaits 960x540 - «ՍուպերՄոնչին». Աշխարհի լավագույն մարզական տնօրենի հաջողության գաղտնիքները

Սակայն 52-ամյա այս մասնագետը միայն տիտղոսներ ու գավաթներ չէ, որ պարգևել է ակումբին: Նրա՝ տրանսֆերային շուկայում մեծ փորձը, վարպետությունը, բանակցություններ վարելու փայլուն ունակությունը լցրել են ակումբի քսակը միլիոններով ու էականորեն մեծացրել բյուջեն: «Սևիլիան» Իվան Ռակիտիչին, Վիսամ Բեն Յեդերին, Դանի Ալվեսին, Կլեման Լանգլեին ու Վիտոլոյին, վաճառել է նվազագույնը 4 անգամ ավելի բարձր գնով, քան վճարել էր ակումբը՝ նրանց գնելու համար:

Ռակիտիչի համար «Սևիլիան» «Շալկեին» վճարել է 2.5 միլիոն եվրո, ու 4 տարի անց վաճառել «Բարսելոնային» 18 միլիոնով: Բեն Յեդերը եկել է 9.5 միլիոնով, հեռացել՝ «Սևիլիայի» գանձարանում թողնելով 40 միլիոն: Մոնչիի սուր աչքը նկատեց 21-րդ դարի լավագույն աջ պաշտպաններից մեկին՝ Դանի Ալվեսին, որի համար անդալուզցիները վճարեցին ընդամենը 550 հազար եվրո: 5 տարի անց նրան վաճառեցին 35 միլիոնով: Լանգլեն համալրեց սևիլիացիների շարքերը 5.4 միլիոնով, իսկ հետո տեղափոխվեց «Բարսելոնա» 36 միլիոնի դիմաց: Վիտոլոն էլ «Ատլետիկո» տեղափոխվեց 35 միլիոնով այն դեպքում, որ նրա համար վճարվել էր ընդամենը 3 միլիոն:

Մոնչին ժլատություն չի անում և բացահայտում է իր այս փառահեղ հաջողությունների գաղտնիքները, խոսում իր մեթոդների մասին իր MONCHI 13 Masterclass շարքում:

Ինչպե՞ս է Մոնչին ընտրում տրանսֆերները

Մոնչին ճիշտ, թիրախային ու արդյունավետ տրանսֆերներ իրականացնելու 5 բանաձև ունի:

Իսպանացու համար առաջնահերթն ու գլխավորը սկաուտների՝ հնարավոր լավագույն թիմ ունենալն է՝ ցանկալի ֆուտբոլիստների մասին առավելագույն տեղեկություն իմանալու համար: «Սկաուտների որակյալ ցանց ունենալը քեզ թույլ է տալիս վերահսկողություն ունենալ տրանսֆերային շուկայում», – ասում է Մոնչին:

2-րդը՝ թիմի գլխավոր մարզչի հետ ստեղծել ֆուտբոլիստի այն կերպարը, որը անհրաժեշտ է թիմին. «Նույն դիրքում խաղացող շատ ֆուտբոլիստներ կան, բայց նրանք տարբեր առանձնահատկություններ ունեն: Այս հարցում առանցքային նշանակություն ունի մարզչի հետ շփումը»:

caparros y monchi  001 960x639 - «ՍուպերՄոնչին». Աշխարհի լավագույն մարզական տնօրենի հաջողության գաղտնիքները

3-րդը՝ պոտենցիալ նոր ֆուտբոլիստի թիմի և առաջնության ուսումնասիրությունն է , որի հիման վրա էլ հետևություններ ու կանխատեսումներ են արվում, թե ինչպես նա կհարմարվի «Սևիլիայի» խաղաոճին ու Իսպանիայի առաջնությանը: «Շատ դեպքերում ֆուտբոլիստներին գնում ենք տարբեր երկրների առաջնություններից: Պետք է գնել այնպիսի խաղացողների, որոնք շատ արագ կկարողանան ընտելանալ թիմին», – ընդգծում է Մոնչին:

4-րդը ճանաչելն է ֆուտբոլիստին՝ որպես անհատ: «Պետք է ֆուտբոլիստի հետ ամենօրյա աշխատանք տանել, որպես խաղացող և որպես մարդ: Փորձում ենք հասկանալ՝ ինչ խնդիրներ, ինչ պահանջմունքներ և անհանգստություններ ունի, որոնք կարող են խանգարել նրան ու թույլ չտալ ամբողջովին իրացնել և զարգացնել իր ներուժը մեր թիմում»:

5-րդ կետը ֆուտբոլիստին բացատրելն է, թե ինչ է նրան սպասում թիմում. «Մենք սիրում ենք ամեն ինչ բացատրել. նոր եկած ֆուտբոլիստը պետք է իմանա ակումբի փիլիսոփայությունը, ինչպես շփվել տեղի ԶԼՄ-երի հետ, պետք է իմանա քաղաքը, տեղյակ լինի «Բետիսի» հետ սկզբունքային մրցակցության մասին, գիտակցի, թե ինչ ճնշումներ են նրան սպասում այստեղ և այլն», – նշում է իսպանացին:

Տվյալների կարևորությունը՝ տրանսֆերային ծրագրերում

Մոնչիի «Սևիլիայի» տրանսֆերային քաղաքականությունը երբեք չի մնում իմպրովիզացիայի «հույսին»: Ակումբի ռադարում ամեն տրանսֆերային պատուհանի ժամանակ կա 18 հազար ֆուտբոլիստ, որոնք կարող են համալրել «Սևիլիան»: Բայց ինչպիսի՞ն է գործընթացը:

«Ակումբում ստեղծել ենք Big Data-ի բաժին, որը զբաղվում է ֆուտբոլիստների տվյալների ու վիճակագրության ուսումնասիրություններով՝ թե ինչ արդյունավետություն ունեն նրանք, որքան են վնասվածքներ ստանում, որքան փոխանցում են կատարում և այլն: Հրավիրել ենք մասնագետների, որոնք նույնիսկ կապ չունեն ֆուտբոլի հետ (մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, ինժեներներ, վերլուծաբաններ և այլն): Big Data-ն ֆուտբոլի ապագան է, և հարցն այն չէ, որ մենք գնում ենք՝ հիմնվելով զուտ վիճակագրության վրա. պարզապես այդ տվյալներն օգնում են մեզ որոշումներ կայացնել ու նվազեցնել ռիսկերը», – նշում է Մոնչին: Տրանսֆերներ իրականացնելու գործընթացը հետևյալն է՝

1. Ոսումնասիրել ամբողջ աշխարհում 18 հազար ֆուտբոլիստի, որոնք ֆուտբոլային գործոնով և ֆինանսական հնարավորությունով կհամապատասխանեն ակումբին:

2. Մարզչի հետ որոշել՝ որ դիրքի ֆուտբոլիստ պետք է ընտրել: Օրինակ՝ երբ որոշվում է, որ պետք է գնել եզրային հարձակվող, այդ 18 հազարը կրճատվում ու դառնում է 1500 թեկնածու:

3. Մարզիչը բացատրում է Մոնչիին՝ ինչ առանձնահատկություններով ֆուտբոլիստի է ցանկանում. արա՞գ, բարձրահասա՞կ, թե՞ տեխնիկապես զարգացած: Ամեն ինչ կախված է թիմի խաղաոճից ու կարիքներից: Այս գործընթացից հետո ուսումնասիրվող ֆուտբոլիստների քանակը հասնում է 500-ի: Մարզիչը բացատրում է ֆուտբոլիստի պրոֆիլը, իսկ մենք՝ տալիս նրան անունների ցանկ:

4. Big Data-ն սկսում է աշխատել ու օգնել համապատասխան ֆուտբոլիստին ընտրելու հարցում. «Այն մեզ օգնում է ընտրություն կատարել ոչ թե 500, այլ 30 ֆուտբոլիստի միջև: Մեր գործը հեշտանում է», – բացատրում է Մոնչին:

5. Ֆուտբոլիստի վերջնական ընտրությունն արդեն կախված է լինում տրանսֆերային արժեքից և ավելի խորը վերլուծության արդյունքից. «Մեր նպատակն է նվազեցնել սուբյեկտիվությունն ու բարձրացնել օբյեկտիվությունը՝ 18 հազար ֆուտբոլիստի միջև ընտրության հարցում մարդկային գործոնով պայմանավորված սխալի հավանականությունը նվազեցնելու համար»:

Մեր ընտրանին

Տեխնիկայի ու մասնագետների ճիշտ համադրությունը

Բնականաբար՝ միայն վիճակագիրների աշխատանքն ու տվյալների հավաքագրումը դեռ հաջողություն չեն երաշխավորում: Մոնչին կարծում է, որ որոշումներ կայացնելիս գլխավոր հանգամանքը շարունակում է մնալ մարդկային ինտուիցիան, բայց պետք է լինել հնարավորինս տեղեկացված: «Սևիլիայի» սկաուտների թիմի աշխատանքը տարվա ընթացքում բաժանվում է 2 մասի.  հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսներին 12 սկաուտ, յուրաքանչյուրն իրեն վստահված առաջնությունում ուսումնասիրություններ են կատարում ու տվյալներ հավաքում: Հունվարից մայիս ամիսներին նրանք ավելի մանրամասն են հետևում իրենց առանձնացրած ֆուտբոլիստներին, և ակումբին ներկայացնում 15-ական ֆուտբոլիստ՝ յուրաքանչյուր դիրքի համար:

«Յուրաքանչյուր խաղում գեներացվում է 8 միլիոն տվյալ/վիճակագրություն, բայց դրանցից բոլորը չեն, որ անհրաժեշտ են մեզ: Մեր ստեղծած մեկ այլ վարչություն՝ արհեստական բանականության բաժինը զբաղվում է հենց մեզ համար պիտանի տեղեկությունների ու տվյալների զտմամբ:

image 1 960x540 - «ՍուպերՄոնչին». Աշխարհի լավագույն մարզական տնօրենի հաջողության գաղտնիքները

Մրցաշրջանի վերջում մենք մանրամասն քննարկում ենք մարզչի հետ, ներկայացնում նրան իր պահանջած տվյալներով օժտված ֆուտբոլիստների 6-7 տարբերակ, իսկ նա ընտրում է այդ ցանկից: Այդպես՝  մարդկային գործոնի ու տեխնիկայի համադրությամբ կատարում ենք մաքսիմալ ճիշտ ընտրություն:

«Բարսելոնան» ունի Մեսի, «Ռեալն» ուներ Ռոնալդու, «Լիվերպուլն» ունի Կլոպ, իսկ «Սևիլիան»՝ Մոնչի՝ մարդ, որ փոխեց անդալուսիական ակումբի պատմությունը: Պրոֆեսիոնալ, որ կառուցեց ակումբը ներսից, ներդրեց իր քաղաքականությունը ու նոր մոտեցում ցույց տվեց:

2000 թվականին ակումբի ենթակառուցվածքը 0 էր: Այժմ մենք ակումբ ենք, որ օրինակ ենք ծառայում մյուսների համար, և դա շատերի աշխատանքի պտուղներն են: Մենք չենք կանգնելու. շարունակելու ենք զարգանալ. Մոնչի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: