Logo

Տանը գրպանից հանեց բանալին, Մոդրիչին ու Կովաչիչին. ով է «Յորքշիրի Պիռլոն», որ թնդեցրեց Եվրոպան

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 15.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
kalvin phillips england vs croatia euro 2020 indy7u6e9u3i1p1h7ru3rzf16 - Տանը գրպանից հանեց բանալին, Մոդրիչին ու Կովաչիչին. ով է «Յորքշիրի Պիռլոն», որ թնդեցրեց Եվրոպան

Ահա և մեկնարկեց այդքան սպասված ԵՎՐՈ 2020-ը: Ամեն օր՝ 3 անգամ վայելում ենք մեծ ֆուտբոլ, տեսնում ենք հիասքանչ գոլեր ու չենք կարոտում մեր սիրելի դեմքերին: Եվրոպայի առաջնությունից օրեր են անցել, նույնիսկ առաջին տուրը դեռ չի ավարտվել, բայց արդեն ճանաչել ենք նոր ֆուտբոլիստի, որի մասին քչերը գիտեին և չէին էլ խոսում: Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Քելվին Ֆիլիպսը անհատական գերազանց ելույթ ունեցավ Խորվաթիայի ընտրանու դեմ խաղում՝ նաև կատարելով խաղի միակ ու հաղթական գոլի ասիստը:

Ո՞վ էր այս տղան, որ նույնիսկ մեկնարկային կազմում նրա տեղը երաշխավորված չէր, որ փայլեց բոլորից վառ՝ խաղալով Ֆոդենի, Ստեռլինգի, Մաունթի ու Քեյնի նման ֆուտբոլիստների կողքին: Ավելի խորը բացահայտենք Ֆիլիպսին՝ որտեղից է նա գալիս, ինչպես է դարձել այն ֆուտբոլիստը, որին տեսանք խորվաթների դեմ խաղում և ինչպես կարողացավ նա «անջատել» աշխարհի փոխչեմպիոններին:

Դառը մանկությունն ու մեծ հետք թողած խնդիրները

Ինչպես շատ ֆուտբոլիստներ՝ Քելվին Ֆիլիպսը նույնպես ունեցել է շատ բարդ ու ծանր մանկություն, անցել է մի շարք դժվարությունների միջով, ունեցել ընտանեկան խնդիրներ, որոնք մինչև հիմա մեծ հետք են թողել իր հոգում:

«Ապրում էինք շատ փոքր բնակարանում եղբայրներիս, քույրերիս ու մորս հետ: Բոլորս չէ, որ քնելու տեղ ունեինք: Մայրս քնում էր բազկաթոռին: Դպրոցում օգտվում էի միայն անվճար սննդից՝ տեսնելով, թե ինչպես են դասընկերներս համեղ սենդվիչներ կամ շոկոլադներ ուտում: Մայրս ասում էր, որ մենք նման ճոխություն չէինք կարող մեզ թույլ տալ», – խոստովանում է Ֆիլիպսը:

Մեր ընտրանին

25-ամյա ֆուտբոլիստի հայրը բանտում է, ինչը ևս մեծ ցավ է պատճառում նրան:

«Հայրս իմ կյանքում և եղել է, և չի եղել: Հայրս նույնպես ծանր մանկություն է ունեցել. նա երբեք չի տեսել իր հորը, նա միակ սևամորթն է եղել իր դպրոցում ու թաղամասում: Նա իր առաջին երեխային՝ ավագ քրոջս ունեցել է 13 տարեկանում, անհաջող շրջապատում է հայտնվել, տարվել է թմրանյութերով: Բայց մենք հիմա էլ լավ հարաբերություններ ենք պահպանում, շփվում ենք ամեն օր հեռախոսով: Նա հետևում է իմ խաղին ու հպարտանում ինձանով», – նշում է ֆուտբոլիստը:

Ինչպես Ֆիլիպսը դարձավ Բիելսայի տղան՝ «Յորքշիրի Պիռլոն»

Դժոխային մանկությունից ու դառը իրականությունից Ֆիլիպսի փախուստը ֆուտբոլն էր: Նա հաճախում էր «Ուորթլի» ակումբի դպրոց, հետո՝ 15 տարեկանում արդեն «Լիդսի» ակադեմիայում էր:

Մինչև 2018 թվականը Ֆիլիպսի համար կյանքն ընթանում էր իր խաղաղ հունով. նա իր ծննդավայրի գլխավոր ակումբում էր՝ «Լիդսում», խաղում էր իր սիրելի, իր իմացած դիրքում՝ կիսապաշտպանության կենտրոնում, իր վրա չէր զգում ճնշում ու համակերպվել էր միջակության հետ՝ խաղալով Չեմպիոնշիփում: Փոթորիկը Ֆիլիպսի կյանքում սկսեց 2018-ի ամռանը, երբ թիմը գլխավորեց Մարսելո Բիելսան: Ֆիլիպսը դարձավ Բիելսայի «պրոյեկտը». «խենթը» պահանջեց Ֆիլիպսից ոչ թե բարելավել իր խաղային որակներն ու կատարելագործել ունակությունները, այլև զարգացնել նոր որակներ ու խաղադաշտում ունենալ նոր դեր: Ֆիլիպսն իրեն պատկերացնում էր box to box-ի դերում, որտեղ ինքը կկարողանար հարձակվել ուզածի չափ, կմիանար գրոհներին ու կխաղար մեծ ազատությամբ: Դրան նախորդած մրցաշրջանում նա 7 գոլ էր խփել: Բայց Բիելսան այս ֆուտբոլիստի մեջ այլ ուժեղ կողմեր տեսավ և չսխալվեց:

Kalvin Phillips: 'The Yorkshire Pirlo' that England can thank Bielsa for | Goal.com

«Բիելսան միջմրցաշրջանի ավարտից հետո սկսեց կարդալ մեր անուններն ու ասել, թե որ ֆուտբոլիստը որ համարի մարզաշապիկն է կրելու: Կարծում էի՝ նա պետք է ինձ հանձներ 8 համարը կամ նմանատիպ մեկ այլ համար՝ հաշվի առնելով իմ դիրքը: Բայց ինձ համար մեծ անակնկալ էր, երբ նա ինձ տվեց 4 համարի մարզաշապիկը: Մտքովս անգամ չէր անցնում, որ ես կարող եմ խաղալ այդ դիրքում: 8 համարը բաժին հասավ Կլիխին, 10-ը՝ Պաբլո Էրնանդեսին: Ես չէի սպասում նման բան, բայց չէի էլ պատրաստվում որևէ կերպ առարկել: Բիելսան գիտի՝ որ ֆուտբոլիստը խաղադաշտում ինչ պետք է անի, նա գիտեր նաև, թե որն է լինելու իմ դերը: Ես լուռ լսեցի նրան ու այժմ չեմ զղջում:

Մենք առանձնազրույց ունեցանք, նա ասաց, որ ինձ տեսնում է հենակետային կիսապաշտպանի դիրքում, ցանկանում է, որ պաշտպանողական որակներս բարելավեմ ու ավելի լավ խաղամ երկրորդ հարկում», – ասում է Ֆիլիպսը, որը «Լիդսի»՝ Չեմպիոնշիփում խաղալու 2 տարիներին արդեն ապացուցեց, որ կարող է իրագործել մարզչի մտքերն ու դառնալ Բիելսայի հավատարիմ զինվորը: Ֆիլիպսն ուներ ամենապատասխանատու դերը խաղադաշտում. նա պետք է իմանար՝ ինչ է կատարվում իր թիկունքում, բայց պետք է նաև կարդար այն ամենն, ինչ տեղի էր ունենում իր աչքի առաջ:

Leeds United star Kalvin Phillips urges fans not to panic, responds to supporter

2019/20-ին «Լիդսը» ֆանտաստիկ մրցաշրջան ունեցավ ու հաղթեց Չեմպիոնշիփը՝ վերադառնալով Պրեմիեր լիգա: Այդ հաջողության մեջ մեծ էր Ֆիլիպսի ներդրումը, որը թիմում ամենից շատ (հաջողված) սահանկումներն էր կատարել ու մրցակիցների մեծ թվով փոխանցումներ «բռնել»: Բայց, թե ինչպես նա հասավ այդ խաղամակարդակին՝ պատմում է հենց ինքը.

«Իմ խաղը զարգացրի 2 առումով՝ ֆիզիկական ու տակտիկական: Չափազանց շատ եմ աշխատել, որ ունենամ ֆիզիկական նման պատրաստվածություն, արել եմ առանձնահատուկ վարժություններ: Բիելսան ցանկանում է, որ մենք անվերջ վազենք, որ լինենք  խաղադաշտում ամենաշատ աշխատող թիմն առաջնությունում, և այդպես էլ կա: Նախկինում՝ մինչև Բիելսայի գալը, երբեք չեմ նայել իմ վազքի վիճակագրությունը, բայց վստահ եմ՝ հիմա մենք վազում ենք տասնապատիկ անգամ ավելին, քան այն ժամանակ:

Leeds fans want Kalvin Phillips contract talks wrapped up swiftly - The Boot Room

Երկրորդ գործոնը տակտիկականն է: Մրցակցի կազմում միշտ կան ֆուտբոլիստներ, որոնց վրա կենտրոնանում եմ ու փորձում եմ չտալ նրանց շնչելու հնարավորություն: Բիելսան խաղի ընթացքում միշտ հարցնում է՝ «ո՞ւր է քո մարդը»: Ես, առաջին հերթին, փորձում եմ թույլ չտալ, որ գնդակը հասնի «իմ մարդուն», իսկ եթե հասնում է, զրկում եմ նրան տարածությունից: Այդ առումով ինձ համար ամենահիշարժանը «Արսենալի» հետ Անգլիայի գավաթի խաղերից մեկն էր, երբ «իմ մարդն» Օզիլն էր, ես նրա երեկոն փչացրի», – ասում է Ֆիլիպսը:

Բայց ինչո՞ւմն է կայանում Ֆիլիպսի խաղի դրաման, որն առանձնացնում է իրեն մյուս հենակետայիններից: Ֆիլիպսը, շնորհիվ կարիերայի սկզբում box to box դերում խաղալու փորձի, կարողանում է շատ լավ խաղալ նաև գնդակով, կատարել երկար ու կարճ փոխանցումներ, իր տեմպը թելադրել, առաջ շարժվել գրոհների ժամանակ: Այդ պատճառով էլ Ֆիլիպսը ստացավ «Յորքշիրի Պիռլո» մականունը:

Ֆիլիպսի ներկայացումը ԵՎՐՈ 2020-ում. ինչպես նա հաղթեց խորվաթներին

Քելվին Ֆիլիպսի աստղային ժամը եկավ ԵՎՐՈ 2020-ին, երբ նա ներկայացավ երկրպագուների ավելի լայն զանգվածի: Նա նշել էր իր նորամուտը Անգլիայի հավաքականում դեռ նախորդ տարվա սեպտեմբերին, նա խաղացել էր մարտին կայացած ԱԱ ընտրական փուլի 3 խաղերին, բայց իր մասին Ֆիլիպսը ստիպեց խոսել Խորվաթիայի դեմ ԵՎՐՈ 2020-ի առաջին տուրի խաղում: Ֆիլիպսի խաղն իսկական դասախոսություն էր՝ «գերազանց կիսապաշտպանի հիմնական դրույթները» թեմայով:

Kalvin Phillips' England success in more advanced role no surprise to Eddie Gray | Shropshire Star

Խորվաթիայի հավաքականը խաղադաշտ էր դուրս եկել պաշտպանությունում լավ պատրաստված: Նրանք ամբողջովին մեկուսացրել էին Հարի Քեյնին, մեկ, երբեմն՝ մի քանի ֆուտբոլիստներով դիմավորում էին այն ֆուտբոլիստներին, որոնցից ամենաշատն էին վտանգ սպասում՝ Ֆոդենին, Մաունթին, Ստեռլինգին: Խորվաթիայի հավաքականի թիմային տեղաշարժը բավական լավն էր, նրանք թիկունքում ճեղքեր գրեթե չէին տալիս, Գարեթ Սաութգեյթի՝ հաղթանակի հասնելու գաղափարներն էլ ժամանակի հետ ավարտվում էին, քանի որ կենտրոնով ու եզրերից եկած բոլոր փոխանցումները փակ էին:

Հենց այդ ժամանակ Ֆիլիպսը հասկացավ՝ ինքն է, որ պիտի ստեղծի խաղի տարբերությունը և իր ոչ ստանդարտ, անկանխատեսելի գործողությամբ ազդի խաղի ելքի վրա: Հանդիպման 57-րդ րոպեին Ֆիլիպսը սկսեց վազել թիկունքից, անցավ «իր մարդուն» (նա ամենաշատ հաջող անցումներ կատարած ֆուտբոլիստն էր այդ օրը), հայտնվեց մրցակցի հենակետայինի թիկունքում ու կտրող փոխանցումով ճիշտ պահին գնդակն ուղարկեց Ռահիմ Ստեռլինգին: Գործողություն, որի շնորհիվ Անգլիան հաղթեց այդ խաղում: Բայց այդ ասիստը չէ, որ ամբողջությամբ արտացոլում է Ֆիլիպսի կատարյալ խաղը:

Kalvin Phillips' heatmap in England's 1-0 win over Croatia

Բացի հարձակվողական հաջող գործողություններից և փոխանցումների ճշգրտությունից (93 տոկոս), Ֆիլիպսը շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց խաղադաշտում ու հրաշալի իրականացրեց հենակետայինի իր պարտականությունները: Զարմանալի էր, բայց նույնիսկ Բիելսայի թիմում այդքան վազելուց հետո նա խաղադաշտում ամենաթարմ տեսքն ունեցող ֆուտբոլիստն էր: Ֆիլիպսը կիրառում էր բարձր պրեսինգ խաղադաշտի ամբողջ հատվածում, ինչի շնորհիվ միայն 6 անգամ գնդակը խլեց մրցակցի կիսադաշտում. նման ցուցանիշ չգրանցեց «Ուեմբլիում» գտնվող ոչ մի ֆուտբոլիստ: Նա ստեղծագործելու, մտածելու, խաղադաշտում լողալու գեթ մեկ հնարավորություն չտվեց Խորվաթիայի կիսապաշտպաններ Մոդրիչին, Կովաչիչին ու Բրոզովիչին: Այդ որակներով ժամանակին բոլորից լավ աչքի էր ընկնում հենց Մոդրիչը:

Kalvin Phillips' defensive actions for England against Croatia

Հենց նա է Ֆիլիպսը՝ դրեդերով, ֆիզիկապես ամուր ու խարիզմատիկ տղան, որից արդեն ավելին են պահանջում Եվրոպայի ընթացիկ առաջնության ժամանակ: Մրցակիցների համար դժվար է հասկանալ՝ ինչպես է պետք խաղալ նրա դեմ: Ո՞վ է Ֆիլիպսը՝ հենակետայի՞ն, թե՞ կառուցող: Գատուզո՞ն է, Պիռլո՞ն, թե՞ Կական: Գուցե՝ 3-ը մեկում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: