Logo

Մեյսոն Մաունթ. ով է Լեմպարդի «բալիկը», որ դարձավ «Չելսիի» ամենաառանցքային ֆուտբոլիստը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 03.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Screenshot 9 - Մեյսոն Մաունթ. ով է Լեմպարդի «բալիկը», որ դարձավ «Չելսիի» ամենաառանցքային ֆուտբոլիստը

Շատերն են քննադատում Լեմպարդին՝ «Չելսիի» անհաջող մեկնարկի համար այս մրցաշրջանում, շատերն արդեն մոռացել են նրան՝ տարված լինելով Տուխելով, բայց Ֆրենկին իր հետևից մեծ ժառանգություն թողեց թիմին, հետո նոր հեռացավ. Մեյսոն Մաունթ:

«Չելսին» նախորդ ամռանը ծախսեց մոտ 300 միլիոն եվրո, գնեց հարձակման գծի 3 աստղային ֆուտբոլիստների՝ Տիմո Վերներին, Հակիմ Զիեշին ու Կայ Հավերցին՝ «հաշվից դուրս» թողնելով Մեյսոն Մաունթին: Հունվարին Լեմպարդը հեռացվեց, ու բոլորին թվաց, որ Մաունթը վերջնականապես կորցրել է իր տեղը թիմում: Տոմաս Տուխելն իր առաջին խաղում՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ, թույլ տվեց իր եզակի սխալներից մեկը՝ պահեստայինների նստարանին թողնելով Մաունթին:

Գերմանացի մասնագետը, սակայն, շատ արագ ուղղեց իր սխալը: Այդ օրվանից հետո անցել է 4 ամիս, մրցաշրջանն ավարտվել է, ու ի՞նչ պատկեր ունենք հիմա. Մաունթը «Չելսիի» ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկն է դարձել (մրցաշրջանից առաջ տրանսֆերային արժեքը կազմում էր 45 մլն, հիմա՝ 75 մլն), նվաճել է թիմի հետ Չեմպիոնների լիգան: Բայց ո՞վ է Մաունթը, որ դիմացավ «աստղային դավադրությանը», ինչ ճանապարհ է անցել և ինչպես կարողացավ նա դառնալ Տուխելի առանցքային օղակներից մեկը:

Մեր ընտրանին

Կարիերայի սկիզբը. «Չելսիի» ակադեմիա, «Վիտես»…

Մեյսոն Մաունթը դեռ «հողերի հետ էր խաղում», երբ 6 տարեկանում նրան նկատեցին «Չելսիի» սկաուտները: Պորթսմութում ծնված երիտասարդը միանգամից ընդունվեց «թոշակառուների» ակադեմիա: Նա խաղացել ու հաջողության է հասել «Չելսիի» բոլոր տարիքային խմբերում:

2016-ին Մաունթը «Չելսիի» երիտասարդական թիմի հետ հաղթեց UEFA Youth League-ը (երիտասարդական Չեմպիոնների լիգան) և Անգլիայի գավաթը: Մաունթն այդ մրցաշրջանում խաղում էր լոնդոնյան թիմում այժմյան իր խաղընկեր Թեմի Աբրահամի, ինչպես նաև «Միլանում» վարձավճարով խաղացող Ֆիկայո Տոմորիի հետ: Մունիր Էլ Հադադիի հետ միասին նա դարձավ այն եզակի ֆուտբոլիստը, որ հաղթել է ՉԼ-ն թե՛ երիտասարդական, թե՛ առաջին թիմի հետ: 2017-ին Մ18 տարիքայինների խմբում Մաունթը հաղթում է նաև Պրեմիեր լիգան:

Screenshot 8 - Մեյսոն Մաունթ. ով է Լեմպարդի «բալիկը», որ դարձավ «Չելսիի» ամենաառանցքային ֆուտբոլիստը

2017-ին Մաունթը վարձավճարով տեղափոխվում է «Վիտես»՝ հոլանդական ակումբ, որից հիմնականում երիտասարդ կադրերով «սնվում» է «Չելսին: Այստեղ էլ նա իրեն հրաշալի է դրսևորում ու անցկացրած 40 խաղում դառնում է 13 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: Մաունթը ճանաչվում է Նիդերլանդների տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ «Վիտեսի» օգնելով նվաճել Եվրոպա լիգայի ուղեգիր։

«Դերբի». ճակատագրական հանդիպում կուռքի հետ

Մաունթի կարիերան հեքիաթի է նման այնքանով, որ նա ոչ միայն խաղում է ֆուտբոլային իր կուռքի թիմում, այլև դառնում այդ կուռքի «աջ ձեռքը»:

«Ես դեռ մանկուց ուշադրությամբ հետևել եմ Լեմպարդի խաղին: Նա ինձ համար ֆուտբոլային կատարյալ մոդել է: Հիանում էի՝ ինչպես էր նա հարվածում, գոլեր խփում ու որքան էր օգնում թիմին պաշտպանվելու գործում», – ասում է Մաունթը, որի խաղն էլ տպավորել էր իր կուռքին՝ Լեմպարդին: Գուցե «Չելսիի» լեգենդն, իսկապես, իր խաղի արտացոլանքը տեսնում էր Մաունթի ելույթներում:

What Derby County boss Frank Lampard said about Mason Mount's form - Derbyshire Live

2018-ին «Դերբին» Լեմպարդի խնդրանքով վարձակալում է Մաունթին, որը չի հիասթափեցնում իր ուսուցչին. «Կարծում եմ՝ Մաունթի՝ Անգլիայի հավաքականում խաղալը ժամանակի հարց է», – ասում էր Լեմպարդն այդ տարիներին: «Երբեք չեմ տեսել ֆուտբոլիստ, որն այսքան կարճ ժամանակահատվածում ունենա այսքան մեծ ազդեցություն թիմի խաղի վրա: Մեյսոնը կարող է հեռու գնալ այնքան, որքան ցանկանա», – նշում է «Դերբիում» Մաունթի խաղընկեր Սքոթ Քարսոնը:

«Դերբիում» էլ Մաունթը 44 խաղում խփում է 11 գոլ ու կատարում 6 գոլային փոխանցում՝ օգնելով թիմին դուրս գալ Չեմպիոնշիփի անցումային խաղերի եզրափակիչ, որտեղ, սակայն, Լեմպարդի թիմը պարտվում է «Ասթոն Վիլային»:

Թռիչք «Չելսի»՝ Լեմպարդի գրկում

2019-ին «Չելսին» գլխավորում է Լեմպարդը՝ իր հետ, բնականաբար, տանելով Մաունթին:

Առհասարակ՝ Լեմպարդը հարազատ ակումբի ղեկին իր առաջին մրցաշրջանում շեշտը դնում է երիտասարդ կադրերի վրա՝ թե՛ ստիպված, քանի որ թիմի վրա կար տրանսֆերային արգելք, և թե՛ մեծ սիրով, քանի որ լավ էր ճանաչում բոլորին ու նրանց խաղային հնարավորությունները: Տոմորի, Ռիս Ջեյմս, Աբրահամ և Մաունթ: Մաունթը, որին շատերը պատկերացնում էին միայն որպես 10 համար՝ խաղարկող, 2019/20-ի ընթացքում ընդլայնում է իր հմտություններն ու ավելի մեծ դեր ունենում դաշտում, քան պարզապես վերջին փոխանցում կատարող ֆուտբոլիստի կարգավիճակն է:

Մաունթն իր մեծ մասնակցությունն ունեցավ «Չելսիի» խփած գոլերում՝ լինելով հարձակման գծի գլխավոր ուժերից մեկը (8 գոլ, 6 ասիստ), բայց նաև դարձավ ավելի ամբողջական կիսապաշտպան՝ նահանջելով ու ավելի նմանվելով Լեմպարդին: Մաունթը սկսեց խաղադաշտում ավելի մեծ տեղ զբաղեցնել, համագործակցել ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության գծի ֆուտբոլիստների հետ: Հարկ եղած դեպքում Մաունթը գործում էր նաև եզրերում: Նրա խաղային քարտեզը 2019/20-ին շատ բանի մասին է խոսում:

1602760863 screen shot 2020 10 14 at 10.06.23 pm - Մեյսոն Մաունթ. ով է Լեմպարդի «բալիկը», որ դարձավ «Չելսիի» ամենաառանցքային ֆուտբոլիստը

Մրցաշրջանի ավարտից հետո բոլորը գոհ էին «նորաստեղծ» «Չելսիի» արդյունքներից: ՉԼ-ում թիմը դուրս մնաց ապագա չեմպիոն «Բավարիայից», իսկ Պրեմիեր լիգայում տեղ գտավ լավագույն քառյակում:

2020/21. մեծ փոփոխություններ, բայց ավելի մեծ փառք

Ինչպես արդեն նշվեց՝ 2020-ի ամռանը Ռոման Աբրամովիչը որոշեց հիմնովին նորոգել կազմը և ծախսեց 300 միլիոն: Բայց Լեմպարդը շարունակում էր վստահել Մաունթին ու աստղային ֆուտբոլիստների առկայությամբ էլ խաղաժամանակ տրամադրում նրան:

Տոմաս Տուխելն էլ Լոնդոն ժամանելուց հետո շատ արագ հասկացավ, որ Մաունթն իր անքակտելի տեղն ունի այս թիմում. 22-ամյա ֆուտբոլիստը լավ տեղավորվեց նաև Տուխելի տակտիկաներում՝ կարողանալով խաղալ արագ՝ մեկ հպումով փոխանցումներով ու ինտենսիվ պրեսինգով և երբեմն հարվածել հեռվից՝ ինչպես Լեմպարդն էր անում դժվար իրավիճակներում. «Մաունթը տաղանդի, ֆիզիկայի ու լավ հոգեբանության փաթեթ ունի իր մեջ: Նա ունի շատ մեծ ինքնավստահություն՝ բառիս ամենադրական իմաստով, ամեն օր մարզաբազա է գալիս ինչ-որ նոր բան սովորելու ցանկությամբ: Մեծ հաճույք է նրան ունենալը թիմում: Մեյսոնի վրա բացասական ազդեցություն չեն ունենում գովեստի խոսքերը, և դա շատ կարևոր է: Այս տղան չի վախենում ճնշումից, պատասխանատվությունից ու մարտահրավերներից, և սիրում է առավելագույնը քաղել իրենից», – հայտարարեց տպավորված Տուխելը, որը մեկնարկային կազմը կառուցում էր այնպես, որ Մաունթի համար անպայման տեղ լիներ:

Chelsea-Real Madrid: Mount pays Kroos for his pre-match statements - The Indian Paper

Համարձակությունը, աշխատանքն ու տաղանդը շատ արագ ստացան իրենց փոխհատուցումը: Մաունթի խաղը նշանավորվում էր կարևոր գոլերով: «Էնֆիլդում» երիտասարդ ֆուտբոլիստը դարձավ հաղթական գոլի հեղինակ, Չեմպիոնների լիգայի 1/4-ում բացեց հաշիվը «Պորտուի» դեմ խաղում, իսկ կիսաեզրափակիչում գոլ խփեց նաև «Ռեալին». «Դժվար է բառեր գտնել՝ զգացողություններիս մասին պատմելու համար, բայց սա անմոռանալի խաղ էր: Դեռ չեմ կարողանում մարսել այն: Ի՜նչ ափսոս էր, որ երկրպագուներ չկային «Սթեմֆորդ Բրիջում», – խաղից հետո հայտարարեց Մաունթը մադրիդյան գրանդի նկատմամբ տարած հաղթանակից հետո: Այդ խաղում, ի դեպ, փոխանցումների ճշգրտությամբ (96%) նա գերազանցել էր ոչ ավել, ոչ պակաս Տոնի Կրոսին (92.4%) ու Լուկա Մոդրիչին (86.9%):

Եկավ արդեն ՉԼ եզրափակիչը՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ «Դրագաո» մարզադաշտում, որտեղ Մաունթը կրկին ուրախացրեց իր թիմի երկրպագուներին: «Չելսիի» հակագրոհներից մեկ ժամանակ Մեյսոնը ստացավ գնդակը սեփական կիսադաշտում, ճիշտ ժամանակին տեսավ Հավերցի արագացումն ու հրաշալի փոխանցում կատարեց՝ կտրելով «Սիթիի» պաշտպանության կենտրոնն ու թիմակցին դուրս բերելով մեն-մենակ: Թվում է՝ ամեն ինչ շատ պարզ է, բայց եթե այդքան պարզ է, ապա ինչպե՞ս դա դարձավ այդ խաղի միակ ու հաղթական գոլը: Մաունթը նվաճեց «Չելսիի» հետ ՉԼ գավաթն ու կրկնեց ակումբի լեգենդ Դիդյե Դրոգբայի վազքը՝ «մեծականջը» ձեռքին:

Chelsea star Mason Mount recreates Didier Drogba's iconic 2012 UCL trophy run: WATCH

Տեսեք՝ որքան ծախսեց «Չելսին» Վերների ու Հավերցին գնելու համար, բայց թիմին առաջ տանողը Մաունթն է. Փոլ Մերսոն

Անգլիայի հավաքական. դեպի ԵՎՐՈ 2020՝ բարձր տրամադրությամբ

Մաունթը լավ է խաղում նաև Անգլիայի հավաքականում: Մեյսոնը նորամուտն ազգային հավաքականում նշել է 2019-ի սետեմբերի 7-ին: Սաութգեյթի թիմում նա հասցրել է անցկացնել 16 խաղ, դարձել է 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Մաունթը խաղացել է ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլում, ԱԱ 2022-ի նախընտրական փուլում, Ազգերի լիգայում ու մասնակցել 2 ընկերական հանդիպման: Նա վայելում է Գարեթ Սաութգեյթի վստահությունը և վերջին 8 խաղում (չհաշված Ավստրիայի դեմ հանդիպումը) հայտնվել է թիմի մեկնարկային կազմում:

Chelsea news: Mason Mount says new season has been 'a blur' but Blues starlet felt no nerves ahead of England debut against Bulgaria | Goal.com

Սաութգեյթը վաղուց է երկրպագում Մաունթին, որին դեռ 2018-ին հրավիրել էր առաջին թիմի հետ մարզմանը՝ աշխարհի առաջնությունից առաջ. «Մեյսոնը բացառիկ ֆուտբոլիստ է: Նա շատ խելացի կերպով է կարողանում գտնել ազատ տարածություններ, լավ է վարվում գնդակի հետ, ստեղծում է պահեր ու խփում գոլեր», – նշում է Սաութգեյթը:

Մաունթի հաջորդ մարտահրավերը ԵՎՐՈ 2020-ն է, որին Անգլիան ներկայանում է նոր՝ երիտասարդ սերնդով՝ Մաունթ, Ֆոդեն, Սանչո, Ռայս: Չեմպիոնների լիգան նվաճելուց հետո տրիումֆը ԵՎՐՈ-ում կդառնա գերազանց մրցաշրջանի հիասքանչ ավարտ:

«Նպաստով ապրողը հաղթեց Չեմպիոնների լիգան». Էդուար Մենդիի հերոսական պատմությունը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա