Logo

Բալեկյանը մինչ օրս սխալ է օգտագործվել հավաքականում․ Որոնք են Նորբերտոյի լավագույն խաղային որակները

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 07.05.2020Հայկական ֆուտբոլ
96asd6asd - Բալեկյանը մինչ օրս սխալ է օգտագործվել հավաքականում․ Որոնք են Նորբերտոյի լավագույն խաղային որակները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:37

-

-

Վերջին շրջանում թմբկահարվում էր Նորբերտո Բրիասկո Բալեկյանի նկատմամբ «Միլանի» հետաքրքրվածության մասին: Նման տեղափոխությունն այս պահին փոքր-ինչ անհավանական է թվում, բայց ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում: Եվրոպայում հաստատապես կլինեն ակումբներ, որոնք կցանկանան իրենց կազմում տեսնել արգենտինական «Ատլետիկո Հուրականի» 24-ամյա ֆուտբոլիստին: Հայաստանում շատ քչերն են դիտում Արգենտինայի առաջնության հանդիպումները, Բալեկյանը կանոնավոր կերպով դեռևս չի էլ հրավիրվում ազգային հավաքական, որպեսզի հասարակությունը նրա խաղային որակները գնահատի այնտեղ ունեցած ելույթներով: Այդ դեպքում ինչո՞վ է յուրահատուկ այդ տղան, որի խաղը վերջերս բարձր էր գնահատել անձամբ Դիեգո Մարադոնան, և ամենակարևորը՝ ինչո՞ւ մինչ օրս չի ամրապնդվել Հայաստանի հավաքականում: Փորձենք հասկանալ:

Նախ նշենք, որ Արգենտինայում ծնված և մեծացած, սակայն մորական կողմից հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստն արդեն 4-րդ մրցաշրջանն է անցկացնում «Ատլետիկո Հուրականում»: Վերջինս բավականին վստահ հանդես եկավ նախորդ 2 առաջնություններում: Թիմը նախ անակնկալի բերեց բոլորին՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, ապա նախորդ մրցաշրջանում եզրափակեց լավագույն տասնյակը: Բալեկյանի թիմն ընթացիկ առաջնությունում լուրջ խնդիրներ ունի, անցկացրած 23 խաղից հետո 24 թիմի պայքարում 21-22-րդ տեղերն է բաժանում «Ալդոսիվիի» հետ: Պատահական չէ, որ «Հուրականն» այս մրցաշրջանում արդեն 3 գլխավոր մարզիչ է փոխել:

AoCEPdMpp3o 960x638 - Բալեկյանը մինչ օրս սխալ է օգտագործվել հավաքականում․ Որոնք են Նորբերտոյի լավագույն խաղային որակները

Բալեկյանը դասական վինգեր կամ կենտրոնական հարձակվող չէ

Արգենտինահայ խաղացողն արդեն 20 տարեկանում սկսեց հանդես գալ Արգենտինայի Սուպերլիգայում: Նրա աճի հարցում մեծ ազդեցություն ունեցավ գլխավոր մարզիչ Խուան Մանուել Ասկոնսաբալը: Երիտասարդ Բալեկյանը 2016/17թթ․ առաջնությունում մասնակցեց 18 խաղի (14 դեպքում՝ մեկնարկային կազմում): Ասկոնսաբալի ամենակիրառելի սխեմաներն էին 4-2-3-1-ը, 4-4-2-ը և 4-3-3-ը: Թիմը ցուցադրում էր հարձակողական ֆուտբոլ՝ հագեցած կոմբինացիաներով, գրոհները զարգանում էին կարճ և միջին տարածության փոխանցումներով, մշտապես կիրառվում էր բարձր պրեսինգ: Նման խաղաոճ ունեցող թիմին Բալեկյանը շատ էր պետք:

Շատերը Նորբերտոյին ներկայացնելիս նշում են որպես հարձակվող, ինչը շփոթություն է առաջացնում: Չէ՞ որ նա Արգենտինայի առաջնությունում մինչ օրս ընդամենը 7 գոլ է խփել, ինչը կենտրոնական հարձակվողի պարագայում շատ ցածր ցուցանիշ է: Բալեկյանն իր առաջին մրցաշրջանում, ինչպես և հետագա կարիերայի գերակշիռ հատվածում, գործել է աջ եզրային հարձակողական ոճի կիսապաշտպանի (խաղերի ընթացքում հաճախ տեղափոխվելով կիսաեզր կամ կենտրոն) կամ էլ «երկրորդ հարձակվողի» դիրքում, որի հիմնական առաքելությունն ընդգծված կենտրոնական հարձակվողին օգնելն է: Շատ կարևոր էր նաև, որ գլխավոր մարզիչը չէր սահմանափակում երիտասարդ խաղացողի գործողությունները, նրան տալիս էր մանևրելու հնարավորություն:

Դրվագի առաջին հատված․ Բալեկյանը տվյալ դեպքում տարածություն է բացում խորքից միացող կիսապաշտպանի համար: Տեղաշարժվելով եզր՝ իր հետևից տանում է մրցակցի կենտրոնական պաշտպանին՝

1 1 960x506 - Բալեկյանը մինչ օրս սխալ է օգտագործվել հավաքականում․ Որոնք են Նորբերտոյի լավագույն խաղային որակները

Դրվագի երկրորդ հատված․ Բալեկյանի թիմակիցն անմիջապես օգտվում է մրցակցի կիսադաշտում առաջացած բավականին մեծ ազատ տարածությունից և այնտեղ գնդակ ստանում: Գրոհը շատ վտանգավոր ստացվեց: Եվ այս ամենը կյանքի կոչվեց հիմնականում նրա շնորհիվ, որ Բալեկյանն իրականացրեց առաջին հայացքից պարզ գործողություն՝

2 2 960x506 - Բալեկյանը մինչ օրս սխալ է օգտագործվել հավաքականում․ Որոնք են Նորբերտոյի լավագույն խաղային որակները

Բալեկյանը, եթե հայտավորված էր լինում որպես նոմինալ աջ եզրային, միայն թիմային պաշտպանության ժամանակ էր հայտնվում այդ եզրում: Իսկ երբ թիմը դիրքային գրոհներ էր ձեռնարկում (այնպիսի խաղաոճ էր, որ նման դրվագները գերակշռում էին), եզրը թողնում էր միացող պաշտպանին ու տեղափոխվում կենտրոն՝ կատարելով «ինսայդի» դեր: Նա շատ լավ էր կարողանում ազատ դիրքերում հայտնվել, անընդհատ շարժման շնորհիվ ազատ տարածություններ բացել թիմակիցների համար: Ո՛չ, ստեղծարար փոխանցումներ կատարելը Նորբերտոյի լավագույն որակների մեջ չէր մտնում, բայց նա հսկայածավալ աշխատանք էր իրականացնում, ինչը գուցե վրիպում էր երկրպագուների, բայց ոչ մարզիչների ուշադրությունից:

Բալեկյանն իր թիմի դիրքային գրոհի ժամանակ աջ եզրը զիջում է միացող պաշտպանին ու տեղափոխվում կենտրոն: Տեղ զբաղեցնելով մրցակցի պաշտպանական գծերի միջև՝ անընդհատ տեղաշարժերի շնորհիվ միշտ պատրաստ է լինում հնարավորինս ազատ դիրքում փոխանցում ստանալ խաղընկերներից: Կամ էլ՝ շեղել մրցակցի խաղացողների ուշադրությունն ու գնդակ ստանալու հնարավորություն տալ մոտակայքում գտնվող թիմակիցներին՝

3 1 960x506 - Բալեկյանը մինչ օրս սխալ է օգտագործվել հավաքականում․ Որոնք են Նորբերտոյի լավագույն խաղային որակները

Բալեկյան․ «Միլանը» մեծագույն ակումբ է, բայց այս պահին մտածում եմ միայն «Հուրականի» մասին»

Աստիճանաբար հղկվեցին ևս մի քանի գործառույթներ, որոնք հետագայում կդառնան Բալեկյանի այցեքարտերը: Մեկնարկային բարձր արագության և ագրեսիվության շնորհիվ գերազանց է պրեսինգի ենթարկում մրցակիցներին, և որ ամենակարևորն է՝ ճնշումը սկսելու համար գտնում է ամենահարմար պահը: Ինչպես Ասկոնսաբալը, այնպես էլ նրա հետագա մարզիչները շատ էին գնահատում այդ հմտությունը՝ թիմում հենց Նորբերտոյին վստահելով բարձր պրեսինգը սկսելու համար պատեհ պահ գտնելը: Նմանապես կարևոր է նաև հակապրեսինգի դիմելու ունակությունը: Բալեկյանն իր թիմի՝ գնդակը կորցնելուց անմիջապես հետո հաճախ է վերադարձնում այն՝ մեծամասամբ կասեցնելով հնարավոր վտանգավոր հակագրոհները: Այդ կտրուկությունը բնորոշ է մեր այսօրվա հերոսին:

Դեռ այն ժամանակ ուրվագծվեց այն փաստը, որ ընդգծված կենտրոնական հարձակվողի դիրքը չի համապատասխանում այս ֆուտբոլիստին: Նորբերտոյին հոգեհարազատ է նահանջելը, հաճախ եզրեր տեղափոխվելը, որի միջոցով մրցակցի խաղացողներին դուրս է բերում իրենց դիրքերից և տարածություն բացում թիմակիցների համար: Բալեկյանը չունի «մարդասպանի բնազդ», նա տուգանային հրապարակում հանկարծակիի չի բերում մրցակցի պաշտպաններին, «գոլային հոտառություն» ասվածը գործնականում բացակայում է այս խաղացողի բնութագրից: Դրանով է պայմանավորված քիչ գոլեր խփելու փաստը: Բալեկյանը նախընտրում է մասնակցել գրոհների կառուցմանը, ոչ թե եզրափակմանը:

Վայրէջք և վերելք

«Հուրականի» համար հետագա 2 մրցաշրջանները լավ դասավորվեցին, սակայն դրանք հաջողակ չէին Բալեկյանի համար: Նա շատ քիչ խաղաժամանակ էր ստանում Գուստավո Ալֆարոյի օրոք (վերջինս ժամանակին դիտարկվում էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում): Այդ մասնագետը 1,5 տարում շատ կազմակերպված թիմ ստեղծեց, կիրառվում էր 4-4-2 սխեման: Մեծ ուշադրություն էր դարձվում պաշտպանությանը, վինգերներին քիչ ազատություն էր տրվում: Եզրայինների պարտականությունները հարձակման ժամանակ սովորաբար սահմանափակվում էին եզրերից փոխանցումներ կատարելով միայն: Ալֆարոյին հաջորդած մասնագետը, որն աշխատեց կես տարի, նույնպես նմանօրինակ մոտեցում ուներ: Տվյալ պարագայում Բալեկյանն ավելի շատ դիտարկվում էր որպես փոխարինման մտնող ֆուտբոլիստ (2 մրցաշրջաններում միասին անցկացրեց 18 մրցավեճ, ընդամենը 7 անգամ ընդգրկվեց մեկնարկային կազմում):

56931845 2611270345611312 7873955860060307456 o 960x638 - Բալեկյանը մինչ օրս սխալ է օգտագործվել հավաքականում․ Որոնք են Նորբերտոյի լավագույն խաղային որակները

Այլ է իրականությունն ընթացիկ մրցաշրջանում: Թիմում արդեն 3 գլխավոր մարզիչ է փոխվել, սակայն նրանք բոլորն էլ իրենց սխեմաների և մարտավարության մեջ կարևոր տեղ են հատկացրել Բալեկյանին: Ընթացիկ առաջնությունում արդեն 18 անգամ է դուրս եկել խաղադաշտ (14-ը՝ հիմնական կազմում): Այս առումով միանշանակ պետք է առանձնացնել Իսրայել Դամոնտեին, որը ներկայումս գլխավորում է «Հուրականը»: Հայ ֆուտբոլիստը նրա գլխավորած թիմում համարյա անփոխարինելի մասնիկ է: Բալեկյանն Արգենտինայի Սուպերլիգայում նրա գլխավորությամբ անցկացրած 5 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում: Սակայն ամենանշանակալին այն օգուտն է, որ Նորբերտոն տալիս է իր թիմին:

Եվ այսպես, ներկայիս «Հուրականը» շատ ավելի անհավասարակշիռ թիմ է, քան 1-2 տարի առաջ էր, սակայն ագրեսիվ ու կոմբինացիոն խաղաոճը լիովին համապատասխանում է Բալեկյանին: Նա վերջին շրջանում սկսեց խաղալ նաև ձախից: Առավել հաճախ կիրառվող 4-4-2 (4-4-1-1) սխեմայում նա զբաղեցնում է իր սիրելի «երկրորդ հարձակվողի» դիրքը, ինչպես և մեկ անգամ օգտագործված 3-5-2 դասավորությունում: Դամոնտեն չի սահմանափակում հայ խաղացողի գործողությունները, նրան անընդհատ կարելի է տեսնել եզրեր տեղափոխվելիս, իսկ երբ հայտավորված է լինում հենց որպես եզրային՝ կենտրոնում, կիսաեզրում կամ էլ ավելի խորքից գործելիս: Նա հիանալի է խորքից փոխանցում ստանալուց հետո գնդակն իր մոտ պահելու և հետո եզրերում գրոհի շարունակություն ընտրելու հարցում: Նույնիսկ գործելով կենտրոնում՝ հաճախ է տեղաշարժվում եզրեր, ինչի շնորհիվ բացեր է առաջացնում մրցակցի պաշտպանությունում:

Բալեկյանը, լինելով կենտրոնում և տեղափոխվելով աջ եզր, իր հետևից տանում է նաև կենտրոնական պաշտպանին, ինչը շատ մեծ ճեղք է առաջացնում մրցակցի պաշտպանությունում՝

5 1 960x506 - Բալեկյանը մինչ օրս սխալ է օգտագործվել հավաքականում․ Որոնք են Նորբերտոյի լավագույն խաղային որակները

Բալեկյանի որակների հետ կապված մի կարևոր նկատառում: Գործելով եզրում՝ կարողանում է կոմբինացիաների մասնակցել, նաև անհրաժեշտության դեպքում կարող է լավ փոխանցումներ կատարել դեպի տուգանային հրապարակ, բայց թույլ է 1-1-ի դեմ պայքարում: Դրիբլինգի դիմելը, մի քանի մրցակիցների շրջանցելը մեծ խնդիր է Նորբերտոյի համար: Եթե նույնիսկ գնդակով եզրից տեղափոխվում է կենտրոն, 99% դեպքերում փոխանցումներ է կատարում, ոչ թե հարվածում:

Եզրում հնարավոր են նաև այսպիսի արդյունավետ կոմբինացիաներ, Բալեկյանն այստեղ գոլային փոխանցում կատարեց՝

Նա 2 տարի ծառայեց բանակում, իսկ այսօր հավաքականի առաջատարներից մեկն է․ Տիգրան Բարսեղյանի պատմությունը

Վերջին շրջանի ամենահիշարժան հանդիպումներից մեկը «Խիմնասիա Լա Պլատայի» դեմ մրցավեճն էր (1-1), վերջինիս գլխավոր մարզիչը լեգենդար Դիեգո Մարադոնան էր: Բալեկյանը խաղը սկսեց ընդգծված կենտրոնական հարձակվողի թիկունքից գործելով, ապա, երբ սխեման դարձավ 4-2-3-1, տեղափոխվեց աջ եզր: Նորբերտոն հիանալի խաղ ցուցադրեց, աչքի ընկավ նշված բոլոր դրական կողմերով, դրվագներից մեկում նույնիսկ փառահեղ անցում ձեռնարկեց և թիմակցին դուրս բերեց հարվածային դիրք: Արգենտինահայ տղան այդ հանդիպմանը գոլ չխփեց կամ «ասիստ» չգրանցեց, բայց Մարադոնայի աչքից չվրիպեց 24-ամյա ֆուտբոլիստի խաղը: «Բալեկյանն իսկական հայտնություն է: Նրա խաղն ինձ շատ դուր եկավ»,- հանդիպումից հետո ասաց բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը:

Բալեկյանի տպավորիչ անցումը և փոխանցումը «Խիմնասիա Լա Պլատայի» դեմ մրցավեճում՝

Այս ամենը հանրագումարի բերելով՝ պետք է փաստել, որ Բալեկյանն իսկական թիմային ֆուտբոլիստ է, մեծ աշխատանք է կատարում թե՛ գնդակով, թե՛ հատկապես առանց գնդակի, ունիվերսալ է, բայց նրա խաղային որակները լիովին կբացահայտվեն, եթե աշխատի իր տաղանդն իսկապես գնահատող մարզչի հետ:

Ինչո՞ւ մինչ օրս չի հաստատվել Հայաստանի հավաքականում

Բալեկյանն առայժմ 4 խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականում, 2-ական՝ Արթուր Պետրոսյանի և Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Հայաստանի գլխավոր թիմում մինչ օրս չամրապնդվելու առաջին կողմը շատ պարզ է․ Լատինական Ամերիկայից Եվրոպա ժամանելը, կլիմայափոխվելը և հանդիպումներին կազմուպատրաստ լինելն արդեն իսկ շատ բարդ է: Սակայն կա նաև մարտավարական կողմը: Բալեկյանը 4 դեպքում էլ գործել է որպես կենտրոնական հարձակվող, մինչդեռ արդեն նշել ենք, որ նա իրեն լավ չի զգում այդ դիրքում, չունի գոլահարի տվյալներ:

Իրավիճակին նայենք նաև մարզչական տեսանկյունից: Հավաքականը եզրային ենթահարձակվողների դիրքում ֆուտբոլիստների պակաս վերջին տարիներին չի ունեցել, ինչը չի կարելի ասել հարձակման կենտրոնի մասին, որտեղ Յուրա Մովսիսյանի՝ հրավիրվել դադարելուց հետո շանս են ստացել մեծ թվով խաղացողներ: Բնական է՝ մարզիչները ցանկանում էին Բալեկյանի միջոցով առնվազն մրցակցություն ստեղծել այդ դիրքում: Մեր մարտավարության շրջանակում աջից գործելու համար ավելի հարմար են Տիգրան Բարսեղյանը կամ Արաս Օզբիլիսը, որոնք ձախլիկ են, ունեն լավ դրիբլինգ, ինչպես նաև աջից կենտրոն տեղափոխվելուց հետո կարողանում են տպավորիչ հարվածներ կատարել:

2Armenia Estonia7A4642 - Բալեկյանը մինչ օրս սխալ է օգտագործվել հավաքականում․ Որոնք են Նորբերտոյի լավագույն խաղային որակները

Նորամուտի հանդիպումը 2018-ի մարտին էր՝ էստոնացիների դեմ ընկերական մրցավեճը, որում փոխարինման մտավ ու անցկացրեց 22 րոպե: Լիտվայի հավաքականի դեմ 3 օր անց կայացած մրցավեճում արդեն մեկնարկային կազմում էր: Արթուր Պետրոսյանը հետաքրքիր լուծում էր գտել: Ընտրվել էր 4-4-2 սխեման, որտեղ առջևի գծում դուետ էին կազմել Բալեկյանն ու Սարգիս Ադամյանը: Նորբերտոյի համար հարազատ դասավորություն էր, սկզբում ավելի շատ նա էր խորքից գործում, 1-2 պահ ստեղծեց թիմակիցների համար, սակայն հետագայում՝ մինչև փոխարինվելը, կրկին հանդես եկավ որպես ավելի ընդգծված կենտրոնական հարձակվող: Համագործակցությունը լավ չստացվեց: Մեր ընտրանին պարտվեց 0-1 հաշվով: Պետրոսյանը բազմաթիվ փորձարկումներ կատարեց կազմում, խաղակցվածության խնդիրներ նկատվեցին: Բալեկյանի ցուցադրած խաղի համար ևս մեկ պատճառ կար: Նա նախքան հավաքականին միանալը մոտ 1,5 ամիս հանդիպման չէր մասնակցել: Պետրոսյանը, գնահատելով իրավիճակը, վստահություն հայտնեց, որ Բալեկյանը հետագայում կարող է օգուտ տալ հավաքականին:

Մյուս հրավերը եղավ արդեն 2019-ի մարտին, երբ հավաքականի ղեկին Արմեն Գյուլբուդաղյանցն էր: Բոսնիացիների դեմ արտագնա մրցավեճում (1-2) մտավ փոխարինման, շատ լավ էր գործում պրեսինգի ժամանակ, նաև ունեցավ գոլային հնարավորություններ, սակայն եզրափակիչ հարվածի հարցում կրկին թերացավ: Ֆինների դեմ մի քանի օր անց կայացած խաղում (0-2) արդեն մեկնարկային կազմում էր, ընտրվել էր 4-4-2 սխեման, Բալեկյանը հարձակման կենտրոնում էր, թիկունքից՝ Գևորգ Ղազարյանը: Մի քանի անգամ վրիպեց նպաստավոր դիրքերից, մեծ էր խոտանը նաև փոխանցումների ժամանակ: Մեր մարզչական շտաբը վերջնականապես հասկացավ, որ Բալեկյանի համար օպտիմալ չէ կենտրոնական հարձակվողի դիրքը: Նա դրանից հետո մինչ օրս չի միացել ազգային հավաքականին:

Բալեկյանի վրիպումները Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղում՝

10 տարի է՝ հավաքականը չունի հայաստանցի կենտրոնական հարձակվող․ Այդ ինչպե՞ս

Բալեկյանը հրավիրվել էր նաև հունիսյան հանդիպումների համար, սակայն անհասկանալի իրավիճակ էր ստեղծվել: Թեև Արգենտինայի առաջնությունն արդեն ավարտվել էր, չհամաձայնեց ավելի շուտ միանալ հավաքականին ու այստեղ մարզվելու միջոցով մարզավիճակ պահպանել: Իսկ երբ առաջարկվել էր նախքան Հայաստան գալը մարզվել մեր ընտրանու ֆիզպատրաստության մարզչի ծրագրով և, ինչպես ինքն էր ցանկացել, հունիսի 4-ին միանալ հավաքականին, նշել էր՝ այնպիսի տեղում է, որ չի կարող մարզվել: Նման դեպքում, բնականաբար, հրավիրվեց այլ ֆուտբոլիստ: Այդպիսի մոտեցումը կարծես ազդեց Բալեկյանի՝ նաև հետագայում հավաքական հրավիրվելու վրա: Գյուլբուդաղյանցը մամուլի ասուլիսում, պատասխանելով «Հուրականի» ֆուտբոլիստի չհրավիրվելուն վերաբերող հարցին, խնդրին մոտեցավ զուտ մարզական տեսանկյունից․ «Նրան փորձել էինք կենտրոնական հարձակվողի դիրքում, ինչը մի քիչ չստացվեց: Բոսնիացիների դեմ խաղում հակագրոհային ֆուտբոլ էր, կարողացավ 1-2 պահ ստեղծել, իսկ ֆինների դեմ մրցավեճում նրա խաղը չստացվեց: Բալեկյանը եզրային հարձակվող է, իր թիմում էլ այդ դիրքում է հանդես գալիս: Իսկ մենք այդ դիրքում լավ ֆուտբոլիստներ ունենք, դրա համար ենք նրանց հրավիրել, ոչ թե Բալեկյանին»:

Իրականում մինչ օրս սխալ է օգտագործվել «Հուրականի» ֆուտբոլիստի ներուժը: Անդրադառնալով աջ եզրային ենթահարձակվողի դիրքին՝ փորձենք համեմատել Բալեկյանին և Տիգրան Բարսեղյանին, որը հիմա զբաղեցնում է այդ գոտին: Հաշվի են առնվել նրանց՝ միջինը մեկ խաղում գրանցած ցուցանիշներն իրենց ակումբներում՝ սկսած 2019 թվականի հունիսից:

stats competition3ասդ9աս9դ 960x1200 - Բալեկյանը մինչ օրս սխալ է օգտագործվել հավաքականում․ Որոնք են Նորբերտոյի լավագույն խաղային որակները

Իհարկե, ֆուտբոլիստների առաջադրանքները թիմերում նույնը չեն, բացի այդ, Ղազախստանի ու Արգենտինայի առաջնությունները տարբեր խաղամակարդակներ ունեն, դա իր հետքը թողնում է վիճակագրության վրա, բայց սրանից ինչ-որ պատկերացում, ամեն դեպքում, կարող ենք կազմել: Բարսեղյանը գերազանցում է Բալեկյանին խաղ սրելու, դրիբլինգի դիմելու, դիպուկ հարվածներ կատարելու տեսանկյունից: Մյուս կողմից, պարզ է՝ լինելով մոտավորապես նույն դիրքի ֆուտբոլիստներ՝ նրանք ունեն միանգամայն տարբեր խաղաոճեր, դրական ու բացասական կողմեր:

Բալեկյանի հավանական տեղափոխությունը Եվրոպա նրան մեծապես կօգնի նաև հավաքական վերադառնալու հարցում: «Միլանն» առաջին քայլի համար հավանաբար ռիսկային տարբերակ է, սակայն նա, ամենայն հավանականությամբ, կունենա այլ առաջարկներ ևս: Գուցե Խոակին Կապառոսին հաջողվի առավելագույնը քաղել Բալեկյանի խաղային որակներից: Վերջինս կարող է և չդիտարկվել որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ, բայց հավաքականում նման խաղացողի ունենալը մարզչին տալիս է մանևրելու հնարավորություն, մեզ կոնկրետ պահի կարող են անհրաժեշտ լինել նրա ծառայությունները: Դրական ևս մեկ տեղաշարժ կա Բալեկյանի համար․ նա, ի տարբերություն ընտրանու մնացած անդամների, նոր գլխավոր մարզչի հետ կարող է խոսել իր մայրենի լեզվով:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա