Logo

Առանց ռոմանտիկայի ու 10 համարների, բայց նույն հմայքով. 7 փոփոխություն, որ եղել է ֆուտբոլում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 13.05.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Screenshot 1 1 - Առանց ռոմանտիկայի ու 10 համարների, բայց նույն հմայքով. 7 փոփոխություն, որ եղել է ֆուտբոլում

Դուք հաստատ հանդիպել եք Ձեր ծանոթին՝ երկար դադարից հետո, որը Ձեզ ասել է, որ շատ եք փոխվել վերջին հանդիպումից հետո: Դուք ինքներդ Ձեզ տեսնում եք այնպես, ինչպես միշտ, բայց հետո, երբ Ձեր հին նկարներից մեկն եք նայում ու տեսնում, որ բոլորովին այլ տեսք եք ունեցել տարիներ առաջ: Նույնը ֆուտբոլում է, որը մենք տեսնում ենք տարվա ամբողջ ընթացքում ու չենք հասկանում՝ որքան բան է փոխվում մեր սիրելի մարզաձևում: Այդ պատճառով էլ այսօր հայացք կնետենք անցյալ՝ հասկանալու, թե ինչ տենդենցներ են փոխվել ֆուտբոլում վերջին 10, 20 կամ 30 տարիներին:

Վերացավ «10 համարը»

Ֆուտբոլի էվոլուցիայի պատճառով ամենից շատ տուժել են փլեյմեյքերները, խաղարկողները. այլ կերպ ասած՝ «10 համարի» դիրքը վերջին տարիներին պարզապես վերանում է: Խաղարկողների՝ հարձակվողի թիկունքում խաղացող ֆուտբոլիստների դերը խաղադաշտում վերջին փոխանցումը կատարելն էր հարձակվողին, կրեատիվ որոշումներ կայացնելը և առանց վազելու՝ կենտրոնով անցումներ կատարելը: Այդպիսի ֆուտբոլիստներ էին ժամանակին Ռիկելմեն, Վալերոնը, Զիդանը, Գուտին, Այմարը, Ռուի Կոշտան և այդպես շարունակ:

Բայց ֆուտբոլը փոխվեց, սխեմաները՝ նույնպես, ու այժմ այս ֆուտբոլիստները միայն այդ գործառույթով չեն կարող սահմանափակվել: Ֆուտբոլում ամենատարածված սխեմաներն այսօր 2-ն են՝ 4-3-3-ը և 3-5-2-ը՝ նախկին 4-2-3-1-ի փոխարեն: Նոր սխեմաներում չկան խաղարկողներ, նրանցից արդեն պահանջում են պաշտպանվել, դառնալ ամբողջական կիսապաշտպան, որը կխաղա սեփական տուգանային հրապարակից մինչև մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում: «10 համարի» վերանալու գործընթացը սկսեց վերջին 10 տարիների ընթացքում, և այդ ամենն ավելի ցայտուն են դարձնում կենդանի օրինակները:

Թոփ «10 համարներ», որոնք մարեցին

Առաջին ու ամենավառ օրինակը Մեսութ Օզիլն է: Մունդիալ 2010-ին փայլող գերմանացին, ըստ բոլոր կանխատեսումների, պետք է դառնար տասնամյակի գլխավոր աստղերից մեկը: Նրա սուր աչքը, փոխանցումների որակն ու ճշգրտությունը քչերն ունեին: Նա փայլեց «Ռեալում», շատ լավ խաղաց նաև «Արսենալի» սկզբնական հատվածում, բայց հետո ֆուտբոլային քարտեզում կորեց թե՛ ինքը, թե՛ իր ֆուտբոլը: Օզիլը չհարմարվեց անգլիական ֆիզիկական ֆուտբոլին, չգտավ իրեն նոր դիրքում ու ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստից դարձավ անպիտան խաղացող, որը մաշում էր պահեստայինների նստարանը:

mesut ozil has been deleted from chinese versions 960x639 - Առանց ռոմանտիկայի ու 10 համարների, բայց նույն հմայքով. 7 փոփոխություն, որ եղել է ֆուտբոլում

Գրեթե նույնը կարելի է ասել Մարիո Գյոտցեի մասին: Գերմանական ֆուտբոլի մեծագույն տաղանդներից մեկը հրաշալի կարիերա սկսեց «Բորուսիայում», «Բավարիան», սովորության համաձայն, խլեց նրան, բայց այդ ժամանակ մյունխենյան թիմը գլխավորող Գվարդիոլան չկարողացավ ոչինչ ստանալ Գյոտցեից: Նրա համար ո՛չ տեղ գտնվեց կենտրոնում, ո՛չ եզրում, ո՛չ էլ ստացվեց «կեղծ 9 համարի» դերը: Գյոտցեն վերադարձավ «Բորուսիա», որտեղ նույնպես ձախողվեց ու տեղափոխվեց արդեն «Էինդհովեն»:

Խամես Ռոդրիգեսը մեկ այլ օրինակ է: 75 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվելով «Ռեալ»՝ կոլումբացին խոստանում էր լինել թիմի աստղն առաջիկա տարիներին: Մադրիդում նրա առաջին մրցաշրջանը լավն էր. Կառլո Անչելոտին կարողացավ Խամեսին այնպես օգտագործել, որ նույնիսկ BBC-ի ներկայության պայմաններում թիմի հավասարակշռությունը չտուժի: Բայց հետո եկան Բենիտեսն ու Զիդանը, որոնք խաղում էին ավելի ուժեղ կենտրոնով ու առանց խաղարկողի: Այդ սխեմաներում Խամեսը կորեց ու դարձավ պահեստային ֆուտբոլիստ: Հետո նա գնաց Անչելոտիի հետքերով, սկզբում՝ «Բավարիա», հետո՝ «Էվերթոն»: Կա տպավորություն, որ միայն իտալացի մասնագետն է հասկանում Խամեսին:

Նմանօրինակ դեպքերը քիչ չեն. Խավիեր Պաստորե, Իսկո, Դիեգո, Արդա Թուրան, Սամիր Նասրի: Նրանք չկարողացան հարմարվել ֆուտբոլի նոր կանոններին:

«10 համարներ», որոնց «մուտացիան» ստացվեց

Եղան խաղարկողներ, որոնք կարողացան հարմարվել նոր ֆուտբոլին ու փոխել իրենց խաղը: Լավագույն օրինակները «Մանչեսթեր Սիթիում» են:

Կարելի է միանգամից 4 ֆուտբոլիստի անուն նշել, որ «մուտացիայի» ենթարկվեցին ու կատարեցին մարզչի պահանջները: Դավիդ Սիլվան ու Կևին դե Բրույնեն արդեն վաղուց միայն խաղարկողներ չեն: Նրանք այնքան շատ սկսեցին աշխատել, վազել խաղադաշտում ու օգնել պաշտպաններին, որ թիմի միակ հենակետային Ֆերնանդինյոյի կողքին էին խաղում ու «Սիթիի» կենտրոնն այդպես բավական ուժեղ էր: Նույնը տեղի ունեցավ Ֆիլ Ֆոդենի ու Բերնարդու Սիլվայի դեպքում: Սիլվան խաղում է կենտրոնում ու եզրում, Ֆոդենը՝ կենտրոնում, եզրում ու նույնիսկ «կեղծ 9 համարի» դիրքում:

Ի դեպ՝ Հենրիխ Մխիթարյանն էլ իր դիրքային բազմազանության շնորհիվ կարողացավ իր տեղը գտնել տարբեր թիմերում: Հենոն հարկ եղած դեպքում խաղում է եզրից, կենտրոնում, «ինսայդի» դիրքում, դրա համար էլ մինչև հիմա ունի խաղային պրակտիկա ու պահանջարկ:

henrikh mkhitaryan 1 960x640 - Առանց ռոմանտիկայի ու 10 համարների, բայց նույն հմայքով. 7 փոփոխություն, որ եղել է ֆուտբոլում

Ինչպես կյանքում է, որ մեկ մասնագիտությունը շատ դեպքերում չի բավականացնում, այդպես էլ՝ ֆուտբոլում. միայն մեկ ֆունկցիան բավական չէ: Գոլային փոխանցումների թվերն էլ բաժանվել են ոչ թե խաղարկողների, այլ հիմնականում եզրային ու կենտրոնական հարձակվողների միջև՝ Մեսի, Ստեռլինգ, դի Մարիա, կամ Բենզեմա, Սուարես, Մյուլեր…

Եզրային կիսապաշտպանների փոխարեն՝ վինգերներ կամ լատերալներ

Հիշո՞ւմ եք՝ կային եզրային կիսապաշտպաններ. նրանք խաղում էին եզրերում, բայց ոչ պաշտպանությունում, ոչ էլ հարձակման գծում, նրանք պարզապես օգնում էին կիսապաշտպաններին: Այդպիսի ֆուտբոլիստներ էին Լուիշ Ֆիգուն, Դևիդ Բեքհեմը, Մաուրո Կամորանեզին և այլք:

Կրկին սխեմայի փոփոխության, ֆուտբոլի՝ ավելի պահանջկոտ դառնալու հետևանքով այդ դերը նույնպես վերացավ: 4 պաշտպանով տակտիկայի դեպքում եզրից խաղում է հարձակվող, ինչպես սովոր ենք լսել՝ վինգեր: Էդեն Ազար, Նեյմար, Սադիո Մանե, Ուսման Դեմբելե. այս ֆուտբոլիստներին անհնար է համեմատել Ֆիգուի կամ Բեքհեմի հետ, նրանք տարբերվում են իրենց թե՛ ֆիզիկական տվյալներով, թե՛ խաղադաշտում իրենց դերով: Նրանք շատ ավելի քիչ աշխատանք ունեն կենտրոնում, բայց նրանցից պահանջում են մեծ թվով գոլեր ու ասիստներ:

1301421712.0 960x640 - Առանց ռոմանտիկայի ու 10 համարների, բայց նույն հմայքով. 7 փոփոխություն, որ եղել է ֆուտբոլում

3 կենտրոնական պաշտպանով տակտիկայի պարագայում եզրերից խաղում են պաշտպան-հարձակվողները, որը մենք մեկ բառով կոչում ենք լատերալ: Էշլի Յանգ, Լուկաս Վասկես, Վիկտոր Մոզես, Կիրան Տրիպյե, Ռիս Ջեյմս, Խուան Կուադրադո. այս ֆուտբոլիստները ո՛չ եզրային պաշտպաններ են, ո՛չ էլ վինգերներ: Նրանք իրենց եզրի ամբողջ երկայնքով աշխատում են, իսկ թիկունքում նրանց ապահովագրում են կենտրոնականները: Ինչո՞ւ խաղադաշտում օգտագործել 1 ֆուտբոլիստ ավելին, եթե ֆուտբոլիստներից մեկը կարող է միանգամից 2 գոտի փակել:

Դարպասապահը՝ ևս մեկ ֆուտբոլիստ խաղադաշտում

Պատմության մեջ եղել են ֆուտբոլիստներ, որոնք հեղափոխության են ենթարկել ֆուտբոլը կամ իրենց խաղային դիրքը: Օրինակ՝ Յոհան Կրույֆը: Դժվար էր պատկերացնել, որ հնարավոր է նորամուծություն մտցնել դարպասապահի դիրքում, բայց կա մեկը, որին հաջողվեց անել դա: Խոսքը «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի մասին է:

Երիտասարդ տարիքում՝ դեռ «Շալկեում» խաղալու ժամանակ, Նոյերը չափից շատ էր դուրս գալիս իր տեղից: «Թե ասա ուր ես դուրս գալիս, մնա տեղդ», «հեսա մի օր կպատժվի, կիմանա» մեկնաբանություններն ու հորդորները շատ էին այդ ժամանակ: Գերմանացին, իսկապես, մեծ ռիսկի էր դիմում դարպասը թողնելով, և երբեմն պատժվում էր. հիշենք Դեյան Ստանկովիչի գոլը:

Բայց իր այս նորամուծությունը Նոյերը հրաշալի զարգացրեց առաջիկա տարիներին: Նոյերի ամենահիշարժան ու տպավորիչ խաղը կայացավ աշխարհի 2014 թվականի առաջնության 1/8 եզրափակիչում՝ Ալժիրի ընտրանու դեմ խաղում: Գերմանիայի հավաքականի պաշտպանությունն այդ օրն իր բարձրության վրա չէր, Ալժիրի սուր փոխանցումներով հակագրոհներն էլ հեշտությամբ անցնում էին: Եթե Նոյերը մի շարք դեպքերում դուրս չգար իր տեղից ու չփրկեր իր թիմին, ամենայն հավանականությամբ, Գերմանիան սենսացիոն պարտություն կկրեր ու կունենայինք աշխարհի մեկ այլ չեմպիոն: Բայց Նոյերը ֆանտաստիկ էր այդ երեկո. նա կարդում էր մրցակցի գրեթե բոլոր գրոհները, կարդում էր փոխանցումներն ու ամենաարագն արձագանքում դրանց: Նոյերը նաև զարգացրել էր ոտքով խաղալու ու փոխանցումներ կատարելու իր հմտությունը և իր տեղից դուրս գալով նա գնդակը պարզապես չէր ուղարկում անհայտ ուղղությամբ, այլ կատարում էր ճշգրիտ փոխանցումներ: Կարճ ասած՝ Գերմանիայի հավաքականն այդ օրը 11 «խաղադաշտի» ֆուտբոլիստ ուներ, Նոյերն էլ թիմի հերթական պաշտպաններից էր: Նրա խաղն ավելի լավ պատկերացնելու համար բավական է նայել Նոյերի խաղային քարտեզին:

BraaV7ICUAEZq0F - Առանց ռոմանտիկայի ու 10 համարների, բայց նույն հմայքով. 7 փոփոխություն, որ եղել է ֆուտբոլում

Նոյերն աստիճանաբար մտցրեց 11 «outfield» ֆուտբոլիստով խաղալու նորամուծությունը, որը մենք սկսեցինք տեսնել վերջին տարիներին այլ թիմերում, իսկ շատ ավելի հաճախ կտեսնենք ապագայում: Գերմանական ու մյուս եվրոպական դպրոցները դարպասապահներին սովորեցնում են խաղալ նաև ոտքով: Արդեն հիմա շատ թոփ դարպասապահներ փորձում են կրկնօրինակել Նոյերին, առաջինը՝ իր հայրենակից Մարկ-Անդրե տեր Շտեգենն է: Տիբո Կուրտուան ու Ալիսոն Բեկերն էլ հաճախ են դուրս գալիս ու փորձում դառնալ թիմի ևս մեկ ֆուտբոլիստ: Փորձում են, երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ, քանի որ այդ գործը լավագույնն անում է Նոյերը: Նոր Նոյեր դեռ չի հայտնվել:

Կորել է «ռոմանտիկան» ֆուտբոլիստների որոշումներում

«Երազում եմ խաղալ «Ռեալում», «Բարսելոնայում» խաղալն իմ մանկության երազանքն է», «Կյանքս կտամ «Բավարիայի» մարզաշապիկի համար». այս ու նմանատիպ այլ հայտարարություններ վաղուց չենք լսում, կամ լսում ենք, բայց դրանք միայն խոսքեր են:

Ֆուտբոլիստներն իրենց կարիերային այժմ ավելի պրագմատիկ մոտեցում են ցույց տալիս: Նրանց ընդունած որոշումների հիմքում առաջնայինը ոչ թե երազանքների թիմում խաղալն է, այլ՝ տարբեր գործոններ, օրինակ՝ մարզչինը: Տիագո Ալկանտարան «Բարսելոնայի» սան էր. նա իր բոլոր խաղային տվյալներով ստեղծված էր կատալոնական ակումբում խաղալու համար, ու ամեն ինչ տանում էր դրան: Նա հաջողությամբ հարմարվեց թիմի խաղին, բայց 2013-ին անսպասելիորեն որոշեց տեղափոխվել «Բավարիա»: Ինչո՞ւ: Որովհետև միշտ երազել էր խաղալ «Բավարիայո՞ւմ». ո՛չ: Որովհետև նրա գործակալը՝ Պերե Գվարդիոլան այդ ժամանակ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի եղբայրն էր:

pep guardiola thiago alcantara bayern munich 18pku75gahtbs1r9dr89qyr5jm 960x540 - Առանց ռոմանտիկայի ու 10 համարների, բայց նույն հմայքով. 7 փոփոխություն, որ եղել է ֆուտբոլում

Շատ ավելի թարմ օրինակներ: Ինչո՞ւ Խամես Ռոդրիգեսն ընտրեց հենց «Էվերթոնը»՝ «Ռեալում» ու «Բավարիայում» խաղալուց հետո: Բնականաբար՝ ոչ «Էվերթոնի» գույների համար, այլ պարզապես գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ աշխատելու համար: Կիլիան Մբապեի սենյակի պատերը ծածկված են Կրիշտիանու Ռոնալդուի պաստառներով, բայց նա 2017-ին ընտրեց ՊՍԺ-ն, ու հիմա էլ դիտարկում է այլ առաջարկներ: Այս հարցում, իհարկե, պատճառները շատ են ու տարբեր, բայց Մբապեն ամենևին էլ չի կոտորվում «Ռեալում» խաղալու համար:

Գործակալները նույնպես մեծ դեր ունեն ֆուտբոլիստների կարիերայի ընթացքի հարցում: Բավական է բերել մեկ օրինակ, ու դրանով ամեն ինչ ասված է. «Որտեղ կխաղամ հաջորդ մրցաշրջանո՞ւմ. չգիտեմ, կխաղամ այնտեղ, որտեղ կցանկանա գործակալս՝ Մինո Ռայոլան», – հայտարարեց դեռ «Այաքսում» խաղացող Մատեյս դե Լիխտը: Ռայոլան որոշեց, որ այդ ակումբը լինելու է «Յուվենտուսը», գուցե՝ որովհետև թուրինցիներն էին ավելի շատ միջնորդավճար խոստացել:

Ի դեպ՝ քիչ չէ նաև փողի դերը: Եվրոպայում լավ հեռանկարներ ունեցող Հալկը, Օսկարն ու Կարասկոն «ավարտեցին» իրենց պրոֆեսիոնալ կարիերան՝ հանուն փողի: Լավ էր, որ Կարասկոն ժամանակին հետ քայլ արեց ու փրկվեց:

Քիչ են նաև մինչև վերջ մեկ թիմին հավատարիմ ֆուտբոլիստները: Ռաուլի, դել Պիերոյի ու Ջերարդի նման ավագներին չէինք պատկերացնում այլ մարզաշապիկով, բայց արաբական ու ամերիկյան թիմերը նրանց վերջին հանգրվանը դարձան: Բուֆոնը, առհասարակ, դեգերումների մեջ է՝ միայն հանուն ՉԼ գավաթի, որը նվաճելն այդպես էլ չի հաջողվում:

Սոցցանցերի ու մամուլի ազդեցությունը

Սոցցանցերն ու մամուլն արդի ֆուտբոլում չափազանց մեծ դեր, ուժ և ազդեցություն ունեն:

Ֆուտբոլիստների խաղը, առավելություններն ու թերությունները բաց գրքի նման դրված են մեր առջև, մամուլն էլ մեզ հրամցնում է իր մեկնաբանություններն ու կարծիքները այս կամ այն ֆուտբոլիստի կամ թիմի վերաբերյալ, ինչը կարող է անդրադառնալ ոչ միայն հանրային տեսակետի, այլև՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի վրա:

Սոցցանցերում, օրինակ, հնարավոր է գովազդների ու PR-ի միջոցով բարձրացնել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: Մենք ամեն օր տեսնում ենք Էրլինգ Հալանդի լուսանկարները, ամեն օր գովաբանություններ լսում նրա հասցեին, նրա վիճակագրությունն ամեն օր մեր աչքի առաջ է: Նրա գինը 180 միլիոն եվրո է այս պահին: Որքա՞ն կարժենային Զիդանը, Ռոնալդոն կամ Ռիվալդոն, եթե լինեին սոցցանցերը:

Մեր ընտրանին

Թոփ ֆուտբոլիստներն ավելի երկարակյաց են դարձել

Ֆուտբոլում տեղի ունեցավ ոչ միայն դիրքային ու տակտիկական, այլ նաև՝ տարիքային հեղափոխություն:

Նախկինում ֆուտբոլիստների համար 30 տարեկանը կարիերայի վերջն էր, և նրանք բարձր մակարդակի ֆուտբոլ, հիմնականում, ցուցադրում էին 7-8 տարի: Բայց ամեն ինչ, ըստ էության, փոխվեց Կրիշտիանու Ռոնալդու-Մեսի լեգենդար դիմակայությունից հետո: Այս ֆուտբոլիստներն արդեն 15 տարի է՝ լավագույնների շարքում են, մինչդեռ, օրինակ, Զիդանի, Ռոնալդինյոյի կամ Ռոնալդոյի կարիերան անհամեմատ ավելի կարճ է տևել: Ներկա մի շարք ֆուտբոլիստներ միայն երկարակյացության շնորհիվ տիտղոսներով գերազանցում են այդ կախարդներին:

Այժմ կան թոփ ֆուտբոլիստներ, որոնք իրենց կարիերայի լավագույն ֆուտբոլն են ցուցադրում՝ լինելով 30-անց: Ռոնալդուին (36) ու Մեսիին (33) չհաշված՝ իր կարիերայի գագաթնակետին է հասել Ռոբերտ Լևանդովսկին (32), Կարիմ Բենզեման (33), փայլում են Թոմաս Մյուլերի (31), Կևին դե Բրույնեի (30), Լուկա Մոդրիչի (35) ու Սերխիո Ռամոսի (35) պես ֆուտբոլիստները: Բայց ինչո՞ւմն է նրանց երկարակեցության գաղտնիքը:

Պետք է ընդգծել վերոնշյալ ֆուտբոլիստների ու մյուսների ավելի կարգապահ և պրոֆեսիոնալ կենսակերպը: Գլխավոր գործոնը՝ ճիշտ սննդակարգն է, որի ամենավառ օրինակը, այս մրցաշրջանում 36 գոլ խփած 36-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն է:

Անգլիական The Sun պաբրեականի տվյալներով՝ Ռոնալդուն կարող է սնվել օրական մինչև 6 անգամ: Նախաճաշին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը ուտում է պանիր ու խոզապուխտ, ինչպես նաև ճարպ չպարունակող յոգուրտ: Առաջին լանչին ֆուտբոլիստը վայելում է հավ ու աղցան, դրան հաջորդում է 2-րդ լանչը, որը բաղկացած է թունայից, ձիթապտուղներից, ձվից ու լոլիկից: Ռոնալդուն օրվա ընթացքում ընդմիջում է կատարում թարմ մրգերով ու ավոկադոյի տոստով: Ընթրիքին պորտուգալացին ըմբոշխնում է թրաձուկ ու աղցան: 2-րդ ընթրիքին էլ սեղանին դնում է սթեյք ու ծովամթերք: Ըստ որոշ լեգենդների էլ՝ Ռոնալդուն օրվա ընթացքում քնում է 5 անգամ՝ կարճ ժամանակով:

VP SPORT GRAPHIC RONALDO MENU v3 1200x2086 1 960x1669 - Առանց ռոմանտիկայի ու 10 համարների, բայց նույն հմայքով. 7 փոփոխություն, որ եղել է ֆուտբոլում

32-ամյա Ռոբերտ Լևանդովսկին էլ, որ նախորդ տարի պետք է նվաճեր «Ոսկե գնդակը», նույնպես առանձնահատուկ սննդակարգ ունի:

«Լևայի ճաշացանկում միշտ աթուն կա: Նրա նախաճաշերը շատ առանձնահատուկ են: Նրա համար, որպես մարզիկ, կարևորագույն նշանակություն է ունեցել ճիշտ սննդակարգը: Նույնիսկ հավաքականի տղաներն են կրկնօրինակում նրա դիետան. միայն 5 հոգու ես գիտեմ: Լևան հիմնականում ուտում է բանջարեղեն ու հրաժարվում քաղցրավենիքից՝ բացի սև շոկոլադից», – նշում է ֆուտբոլիստի կինը՝ Տիագո Չիոնեկը:

Բացի սննդակարգից, փոխվել է նաև ֆուտբոլիստների մարզումային անհատական ծրագրերը: Հայտնվել են նոր սարքավորումներ ու վերականգնողական մեխանիզմներ, որոնք չկային նախկինում: «Ռեալի» ներկա առաջատար, 33-ամյա Կարիմ Բենզեման, օրինակ, բացի թիմային մարզումներից մարզվում է տանը՝ իր հատուկ սարքով, որն օգնում է մկաններին արագ վերականգնվել և խուսափել վնասվածքներից:

Screenshot 3 1 - Առանց ռոմանտիկայի ու 10 համարների, բայց նույն հմայքով. 7 փոփոխություն, որ եղել է ֆուտբոլում

Ֆրանսիացին նաև հատուկ՝ չինական թերապիա կոչվող մերսումներ է ստանում: Այդ թերապիան առաջին անգամ կիրառել է Օլիմպիական չեմպիոն, հանրահայտ լողորդ Մայքլ Ֆելպսը: Թերապիան բարելավվում է արյան շրջանառությունն ու վերացնում տոքսինները: Բենզեմայից բացի մի շարք այլ ֆուտբոլիստներ սկսել են կիրառել այն, քանի որ դրա արդյունավետությունն ակնհայտ է:

 

View this post on Instagram

 

A post shared by Karim Benzema (@karimbenzema)

Տեխնոլոգիաների մուտքը ֆուտբոլ

Տարիների հետ տեխնոլոգիան մուտք գործեց նաև ֆուտբոլային խաղադաշտ:

Առաջին մեծ փոփոխությունը Goal Line Technology-ն (գոլի արձանագրման համակարգ), որն առաջին անգամ գործարկվեց ԱԱ 2014-ի ժամանակ: Մրցավարները մեծ ցանկության դեպքում էլ չեն կարող սխալվել ու չհաշվել գոլերը, քանի որ երբ գնդակը հատում է դարպասային գիծը, խաղի գլխավոր մրցավարն ազդանշան է ստանում: Եթե այս համակարգը գործեր ԱԱ 2010-ին, Լեմպարդի գոլը կարձանագրվեր Գերմանիայի դարպասը, և պատմությունն այլ կլիներ:

Երկրորդ խոշոր փոփոխությունը VAR համակարգի գործածությունն էր: Ցանկացած վիճելի որոշում կայացնելուց առաջ հանդիպման գլխավոր մրցավարը հնարավորություն է ունենում դիտել դրվագի կրկնապատկերը՝ ըստ որի էլ կայացնում է իր որոշումը: Այդպես՝ նվազում է մարդկային գործոնն ու սխալները, իսկ ֆուտբոլում որոշակի արդարություն այժմ կա:

var 1 1900x1069 c 960x540 - Առանց ռոմանտիկայի ու 10 համարների, բայց նույն հմայքով. 7 փոփոխություն, որ եղել է ֆուտբոլում

Այսպիսին է ֆուտբոլը 21-րդ դարում՝ 2021 թվականին: Անկասկած՝ սա էլ դեռ վերջը չէ, ու այս մարզաձևը դեռ մեծ փոփոխություններ է կրելու, որ մենք չենք զգալու, բայց տարիներ անց կրկին հայացք ենք գցելու անցյալ ու տեսնենք, որ շատ բան առաջվանը չէ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա