Logo

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 09.06.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Noah Van 28 - Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Ցանկացած ակումբի վրա մեծ հետևանք կարող է թողնել երկու անգամ չեմպիոնությունը ձեռքից բաց թողնելը: Ակումբի հաջորդ քայլը պետք է դառնա քայլ առաջ կատարելը, չեմպիոնական թիմ ստեղծելը կամ հիասթափվելն ու այլ մոտեցում փնտրելը: Երևանի «Նոան» չնայած նրան, որ 2 տարվա պատմություն ունի, արդեն տպավորիչ նվաճումների է հասել՝ դարձել է գավաթակիր և մասնակցել եվրագավաթներին:

VNews.am-ի հետ զրույցում «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը հայտնեց, թե ինչ խնդիրներ են դրվել հաջորդ մրցաշրջանի համար, ինչո՞ւ բաժանվեցին գլխավոր մարզչից ու առաջատար ֆուտբոլիստից, և ո՞րն է աստղային տրանսֆերային առաջին նպատակը:

Դուք Հայաստանի հավաքականի հետ Շվեդիայում էիք: Թիմն ինչպե՞ս ընդունեց պարտությունը:

Ցանկացած պարտություն ցավալի է, անկախ նրանից, թե թիմն ինչ կազմով է խաղում: Տղաները փորձեցին մինչև վերջ խաղալ և հնարավորինս հետ բերել կորցրածը, բայց՝ չստացվեց: Իհարկե, ֆուտբոլիստները գոհ չէին արդյունքից, բայց նրանք հասկանում են, որ այս ամենն արվում է նրա համար, որ նրանք հավուր պատշաճի մոտենան սեպտեմբերին կայանալիք ընտրական փուլի հանդիպումներին:

Երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականն ընկերական խաղեր է անցկացնելու Խորվաթիայի ու Շվեդիայի պես ուժեղ մրցակիցների հետ, մտավախություն կար, որ հնարավոր պարտության պատճառով թիմը կարող է կորցնել այն վստահությունը, որ մինչև այդ ձեռք է բերել: Դուք նման բան չտեսա՞ք հավաքականի մոտ:

Մեր հավաքականի տղաների մոտ այնպիսի հոգեբանական գործոն կա, որ մեծ նշանակություն ունի: Եթե ուշադիր եք եղել, նրանք նախկինում գոլ բաց թողնելուց հետո կոտրվում էին, իսկ հիմա կարողանում են պատասխան գոլը խփել: Նրանց մեջ մտել է հաղթողի հոգեբանություն, նրանք չեն կարողանում հանձնվել: Գարնանը գրանցված հաղթանակները ցույց տվեցին, որ տղաների մոտ կա հավատ սեփական ուժերի նկատմամբ:

«Նոայից» Հայաստանի հավաքական էր հրավիրվել և այդ հանդիպումներին մասնակցել աջ պաշտպան Ժոաո Մոնրո Արարատը: Գո՞հ եք նրա ելույթներից:

Մեզ բավականին գոհացրեց նրա խաղը: Իհարկե, կան նաև թերություններ, բայց այն ամեն, ինչ տեսնում ենք նրա եկած օրվանից մինչև այսօր, խոսում է նրա արագ ընթացող առաջընթացի մասին:

artur sahaykan yura movsisyan levon pachajyan - Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Ձեզ չզարմացրե՞ց, որ «Նոայի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Պետրոս Ավետիսյանը չհիրավիրվեց ազգային հավաքական, չնայած նրան, որ ճանաչվել է VBET Պրեմիեր լիգայի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: 

Ճիշտն ասած՝ սպասում էի, որ Պետրոսին կհրավիրեն հավաքական: «Նոային» միանալուց հետո նա (չեմ վախենա այդ խոսքից) դարձել է թիմի առաջատարը: Նրա օգտակար գործողությունների շնորհիվ մենք բավականին շատ միավորներ վաստակեցինք: Բայց հավաքական հրավիրելու որոշումը մարզիչն է կայացնում, ինչի վրա մենք չենք կարող ազդել:

Երկու տարի անընդմեջ VBET Պրեմիեր լիգայում թիմը գրավում է երկրորդ տեղը: Երկու տարի առաջ նման հնարավոր արդյունքները հաջողություն կհամարեի՞ք: Նորաստեղծ ակումբների համար հաջողություն կհամարվեր այսպիսի բարդ առաջնությունում երկու անգամ երկրորդ տեղը գրավելը, բայց երբ վերջին տուրից առաջ չեմպիոնության շանսեր են լինում, բայց տիտղոսը չես նվաճում, դա հիասթափություն է դառնում: Ընդհանուր առմամբ՝ մրցաշրջանը հաջողված էր մեզ համար:

Նախորդ մեր զրույցի ժամանակ ասացիք, որ չեմպիոն չդառնալու պատճառով «Նոայի» քաղաքականությունում հնարավոր է փոփոխություններ լինեն: Այդ հարցով արդեն հստակություն կա՞:

Գլոբալ առումով ոչինչ չի փոխվի: Արդեն կփորձենք ընտրել այնպիսի հայ ֆուտբոլիստների, որոնք մեծ դերակատարում կունենան, այլ ոչ թե խաղադաշտում հայ ֆուտբոլիստների թիվը կլրացնեն: Այնուհետև, կընտրենք մեր հնարավորությունների սահմաններում որակյալ լեգեոներներ: Այս տարի կենտրոնանալու ենք նաև ակադեմիայի վրա:

ՀՖՖ-ն Վաղարշապատի ակադեմիան վարձակալությամբ «Նոային» է տվել: Ինչպե՞ս են ընթանում աշխատանքները նոր պայմաններում:

Վաղարշապատի ակադեմիայից 8 թիմ մասնակցում է Հայաստանի առաջնություններին, իսկ հաջորդ մրցաշրջանից կավելացնենք ևս 2-ով: Նաև ունենք 7 թիմեր, որոնք չեն մասնակցում առաջնություններին: Մեր գլխավոր թիմն արդեն 3 ամիս է, մարզվում է Վաղարշապատում, բայց այնտեղ չենք կարող պաշտոնական խաղեր անցկացնել, որովհետև մարզադաշտը դեռ պատրաստ չէ:

Հաջորդ մրցաշրջանում նույնպես տնային հանդիպումներն անցկացնելո՞ւ եք Ավանի ակադեմիայում:

Կարծում եմ՝ այո:

Noah Van 11 960x645 - Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

«Նոայից» հեռացավ գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: Ի՞նչն էր պատճառը, որ նա չմնաց ակումբում:

Դա ակումբի ու մարզչի համատեղ որոշումն էր: Ես իմ և ակումբի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գունկոյին կատարած մեծ աշխատանքի համար: Նա «Նոային» միացավ, երբ արցախյան պատերազմն էր ընթանում և թիմի վիճակը, մեղմ ասած, լավ չէր: Փառք ու պատիվ նրան և մյուս անձնակազմին, որ կարողացանք հասնել արդյունքի:

Ըստ տեղեկությունների՝ Գունկոն հնարավոր է գլխավորի «Արարատ-Արմենիան»: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ լուրին:

Եթե պաշտոնապես նման տեղափոխություն լինի, ապա ես միայն ամենալավն եմ մաղթելու Գոնկոյին և «Արարատ-Արմենիային»:

«Նոայի» նոր մարզչի հարցում որևէ հստակություն կա՞:

Տարբերակներ կան, բայց հստակություն դեռ չկա:

Կրկին արտասահմանցի մասնագետի եք հրավիրելո՞ւ:

Պարտադիր չէ: Նաև հայ մարզիչների թեկնածություններ ենք քննարկում:

Մեր ընտրանին 

«Նոան» արդեն մեկ խոշոր տրանսֆեր կատարեց՝ հրավիրելով Ալեքսանդր Կարապետյանին: Ի՞նչ եք ակնկալում այդ տեղափոխությունից:

Նրա նման որակյալ ֆուտբոլիստը շատ կարևոր է թիմի ներսում, որովհետև մեր ակումբում հիմնականում երիտասարդ խաղացողներ են: Նա պրոֆեսիոնալ է, ունի գոլ խփելու կարողություն և ինչու ոչ՝ մյուս հարձակվողների համար սա մրցակցություն է, քանի որ ոչ ոքի տեղը մեկնարկային կազմում ապահոված չէ:

Ձեր թիմից հեռացավ նաև մյուս առաջատար խաղացողը՝ Վլադիմիր Ազարովը: Ինչո՞ւ նա հեռացավ:

Ավարտվել էր Ազարովի պայմանագրի ժամկետը և նա ցանկություն հայտնեց տեղափոխվել այլ ակումբ:

Ազարովը տեղափոխվեց «Ակրոն», որտեղ վարձակալությամբ խաղում է Մաքսիմ Մայրովիչը: Նրա ապագայի հարցում որոշում կայացրե՞լ եք:

Մաքսիմի վարձակալության ժամկետը սպառվում է և նա վերադառնալու է «Նոա»: Միայն դրանից հետո կորոշենք նրա ապագան:

Noah Van 38 960x582 - Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Շատ են խոսակցությունները նաև Պետրոս Ավետիսյանի մասին: Նա կմնա՞ թիմում:

Եթե արտասահմանից լավ առաջարկ հետևի, Պետրոսը կարող է հեռանալ «Նոայից»:

Վերջին տարիներին «Նոա Հոլդինգը» ծրագրում էր արտասահմանյան երեք ակումբ ընդգրկել իր կազմում՝ իտալական «Սիենան», գերմանական «Յուրդինգենը» և լատվիական «Յուրմալան»: Այժմ «Յուրամալան» և «Յուրդինգենն» արդեն պաշտոնապես «Նոա Հոլդինգի» կազմում չեն: Իսկ «Սիենայի» հարցում փոփոխություն լինելո՞ւ է:

Ես կցանկանայի խոսել միայն Երևանի «Նոայի» մասին:

Վերջին հարցը: Հաջորդ մրցաշրջանում ի՞նչ խնդիրներ են դրվելու «Նոայի» առջև:

Դառնալ VBET Պրեմիեր լիգայի չեմպիոն և դուրս գալ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա