Logo

«Բարսելոնայի» դեժավյուն. Լապորտան պետք է կրկնի իր իմաստուն որոշումը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 18.05.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Untitled 1 1 - «Բարսելոնայի» դեժավյուն. Լապորտան պետք է կրկնի իր իմաստուն որոշումը

«Բարսելոնան» վերջնականապես զրկվեց Լա Լիգայի չեմպիոն դառնալու հնարավորությունից: Դեռ 20 օր առաջ կատալոնացիները չեմպիոնության լավագույն շանսերն ունեին՝ հաշվի առնելով նրանց հավաքած հիասքանչ մարզավիճակը: Բայց հաջորդող 5 խաղում բլաուգրանան ընդամենը 1 հաղթանակ տոնեց և խորտակեց ինքն իրեն: Այսօր արդեն շատ վստահելի աղբյուրներից տեղեկություն է տարածվել, որ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը 99 տոկսով պաշտոնանկ է արվելու և ակումբն արդեն բանակցում է Չավիի հետ:

Այն, որ հոլանդացին ժամանակավոր ֆիգուր է Չավիի ժամանելուց առաջ և նրա հիմնական առաքելությունը սերնդափոխություն անելն է, մենք դեռ փետրվարին էինք գրել, երբ կարող էր թվալ, թե «Բարսան» առանց տիտղոս կմնա: Բայց Կումանը շտկեց ամեն ինչ, նվաճեց Իսպանիայի գավաթը և մինչև վերջ պայքարեց չեմպիոնության համար: Դրան զուգահեռ կատարեց իր գլխավոր գործը՝ թիմը մաքրեց «ծերունիներից», խաղաժամանակ տվեց երիտասարդներին, ինչի արդյունքում «Բարսան» հաջորդ մրցաշրջանի համար արդեն ունի 4-5 երիտասարդ ֆուտբոլիստ, որոնք պատրաստ են օգուտ տալ: Դա նաև ակումբին հնարավորություն տվեց խնայել 4-5 տրանսֆերի գումար:

Սակայն այդ ամենը գնահատելու փոխարեն, չգիտես ինչու քննարկում են միայն վերջին խաղերը, որոնցում,  իհարկե, Կումանը թերացավ, բայց դա չպետք է նրան հեռացնելու պատճառ դառնա: Հոլանդացու իրավիճակը դեժավյուի է նման:

Հոլանդացու ճակատագիր

Ժոան Լապորտայի առաջին նախագահության մեկնարկային մրցաշրջանում (2003/04) «Բարսելոնան» հենց այսպիսի իրավիճակում էր: Թիմը ղեկավարում էր Ֆրանկ Ռայկարդը, բայց դա ղեկավարման նման էլ չէր: «Բլաուգրանան» անկայունության երկրորդ խաղաշրջանն էր անցկացնում, առաջինը սկսվել էր դեռ Լուի վան Գալի օրոք՝ նախորդ մրցաշրջանում: Լա Լիգայում անդունդը 20-րդ տեղն է, բայց «Բարսայի» համար 12-րդ տեղը դրան համարժեք մի բան է: Հենց այդ տեղում էր թիմը, երբ վերջապես գտավ ճիշտ մեկնարկային կազմը, իսկ ակումբը վարձակալեց Էդգար Դավիդսին, որը հավասարակշռություն մտցրեց կիսապաշտպանությունում: Եվ հանկարծ «Բարսան» ճախրեց: Հանճարեղ Ռոնալդինյոյի առաջնորդությամբ «Բարսան» 17 խաղում 14 հաղթանակ տոնեց և 3 ոչ-ոքի գրանցեց: Արթնացած վիշապի զոհերի թվում էին նաև «Ռեալը», «Ատլետիկոն», այդ տարիներին հզոր «Դեպորտիվոն» և ապագա չեմպիոն «Վալենսիան»:

Rijkaard Ronaldinho - «Բարսելոնայի» դեժավյուն. Լապորտան պետք է կրկնի իր իմաստուն որոշումը

12-րդ տեղից «Բարսան» հասավ երկրորդ և շատ մոտեցավ առաջատար «Վալենսիային», սակայն 36-րդ տուրում «Սելտայից» կրած պարտությունը վերջ դրեց չեմպիոնական շանսերին (զուգադիպությո՞ւն):

Իսկ հիմա նույն իրավիճակը համեմատեք ընթացիկ մրցաշրջանի հետ: Առաջին կեսում Կումանի թիմը տանջվում էր, իսկ նոր տարուց սկսվեց թիմի վերելքը և Պրիմերայի վերջում՝ ցավալի ավարտը:

Լապորտայի պատմական որոշումը

Եթե հիմա մարդկանց թվում է, թե Կումանը բարդ իրավիճակում է, ապա միանգամից ասենք, որ դա ոչինչ է 2003-ի աշնանը Ռայկարդին բաժին հասած քննադատության հետ: Լեգենդար նախկին ֆուտբոլիստի հեռացումը պահանջում էին կատալոնական թերթերը, մասնագետները և երկրպագուները, որոնք խաղերի ժամանակ թափահարում էին սպիտակ թաշկինակներ (հրաժարական պահանջող ժեստ): Այդ պահանջներն ուղղված էին նորանշանակ, երիտասարդ նախագահ Ժոան Լապորտային, որը նախկինում գլխավորել էր փաստաբանական գրասենյակ և երբեք չէր հանդիպել նման խելահեղ ճնշման: Բայց Լապորտան անսահման համառություն ունեցավ դիմանալ և իմաստություն, որպեսզի խորհրդի համար դիմի մեծն Յոհան Կրուիֆին: «Թռչող հոլանդացին» խորհուրդ տվեց սպասել և կատալոնացին այդպես էլ արեց: Գրեթե 20 տարի է անցել այդ դեպքերից, բայց Ռայկարդին գլխավոր մարզչի պաշտոնում թողնելու որոշումը մինչև օրս համարվում է Լապորտայի կարիերայի կայացրած լավագույն որոշումներից մեկը: Դա նույնիսկ ավելի կարևոր որոշում էր, քան հոլանդացու նշանակումը: Հենց այդ պահից սկսվեց 21-րդ դարում «Բարսելոնայի» փառահեղ դարաշրջանը:

Հաջող աշխատանքի վարձատրություն ճիշտ տրանսֆերների տեսքով

Կումանը դեռ չի ստացել որևէ ֆուտբոլիստի, որին խնդրում էր: Նրա օրոք միակ նորեկը եղել է Սերժինյո Դեստը, որի տեղափոխությունը չէր կայանա, եթե Նելսոն Սեմեդուի տրանսֆերի վաճառքը վերջապես չստացվեր: Պորտուգալացին ապացուցել էր, որ «Բարսայի» մակարդակի խաղացող չէ, իսկ եթե հիշում ենք, որ ոչ վաղ անցյալում այդ դիրքում էր խաղում Դանի Ալվեսը, Սեմեդուն ընդհանրապես կարծես այլ մարզաձևից եկած լինի: Կումանի աշխատանքը լիարժեք գնահատելու համար հարկավոր է նրան տրամադրել գոնե մի քանի ֆուտբոլիստի, որոնց տրանսֆերը նա խնդրում էր: Ընդ որում՝ «Բարսայի» լեգենդը երբեք թանկարժեք խաղացողներ չի խնդրել: Նա ուզում է հրավիրել Մեմֆիս Դեպային ու Ջորջինյո Վեյնալդումին, որոնք ամռանն ազատ գործակալի կարգավիճակ են ստանալու: Դա ցույց է տալիս, որ նա պատրաստ է հարմարվել ակումբի ծանր ֆինանսական վիճակին և չի պահանջում Էրլինգ Հալանդի, Մատեյս դե Լիխտի կամ այլ թանկարժեք խաղացողների: Գոնե իր պահանջած անվճար տրանսֆերներին նա արժանի է:

koaman depay 960x640 - «Բարսելոնայի» դեժավյուն. Լապորտան պետք է կրկնի իր իմաստուն որոշումը

2003/04 մրցաշրջանից հետո Ռայկարդը ստացավ աստղային նորեկներ: «Բարսելոնա» տեղափոխվեցին Սամուել Էտո’Օն, որը վաղուց պատրաստ էր թոփ-ակումբի ռմբարկուն դառնալ, «Պորտուին» հենց նոր Չեմպիոնների լիգայի հաղթող դարձրած Դեկուն, ՉԼ-ի եզրափակիչ հասած «Մոնակոյի» առաջատար Լյուդովիկ Ժյուլին, Բրազիլիայի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Էդմիլսոնը, Լա լիգայի լավագույն աջ պաշտպաններից Ժուլիանո Բելետին, ինչպես նաև «Ոսկե խաղակոշիկ» ստացած Հենրիկ Լարսոնը: Բոլոր այդ ֆուտբոլիստները դարձան մեկնարկային կազմի խաղացող (Լարսոնը քիչ խաղաց, որովհետև ծանր վնասվածքի պատճառով 6 ամսով շարքից դուրս մնաց):

Մեր ընտրանին

Ռայկարդն էլ մեկ մրցաշրջանում արդեն հասկացել էր, թե ում է հարկավոր հրաժեշտ տալ և իր ստացած կազմով անմիջապես սկսեց արդյունք տալ:«Բարսան» 6 տարվա դադարից հետո դարձավ Իսպանիայի չեմպիոն: Հաջորդ մրցաշրջանում կատալոնացիներն էլ ավելի զարգացրին հաջողությունը՝ նվաճելով ոսկե դուբլ: Գագաթնակետը դարձավ Փարիզում Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթանակը:

Կումանին անհրաժեշտ վաճառքներ

Հոլանդացին ոչ միայն կողմնորոշվել է, թե նրան ինչպիսի խաղացողներ են հարկավոր, այլև, թե ում է հարկավոր հրաժեշտ տալ: Ակնհայտ է, որ Բարտոմեուի նախագահությունից հետո թիմում բազմաթիվ ֆուտբոլիստներ կան, որոնք երբեք չեն համապատասխանել «Բարսայի» մակարդակին կամ նախկինում եղել են այդ մակարդակում, բայց հիմա նահանջել են: Պատահական չէ, որ ակումբն արդեն դիտարկում է 14 ֆուտբոլիստի հրաժեշտ տալու տարբերակը:

Թանկարժեք ու բարձրակարգ դարպասապահ Նետոն հարկավոր չէ թիմին, եթե մշտապես խաղում է տեր Շտեգենը: Նրա փոխարեն հանգիստ կարելի է երկրորդ դարպասապահ դարձնել երիտասարդ և խոստումնալից Արնաու Տենասին կամ Ինյակի Պենյային: Ժունիոր Ֆիրպոն իրեն լավ էր դրսևորել «Բետիսում», բայց խաղաոճով բացարձակ չհամապատասխանեց «կապտանռնագույններին»: Սամուել Ումտիտին ընդամենը 3 տարի առաջ Եվրոպայի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն էր, եթե ոչ լավագույնը: Այժմ նա իր անվերջանալի վնասվածքների պատճառով չի կարողանում մարզավիճակ հավաքել և նրան այլևս շանս էլ չեն տա, որովհետև երիտասարդներն արդեն մեկնարկային կազմում են: Ժերար Պիկեն, Մեսիից հետո թիմում ամենամեծ իշխանություն ունեցող ֆուտբոլիստն է, բայց վերջին խաղերը հերթական անգամ ապացուցեցին, որ նրա վրա հույս դնել չի կարելի: Մեկ հաջող խաղին հաջորդում են մի քանի ձախողում: Մատեուս Ֆերնանդեսը, կարծես, ուրվական լինի, որովհետև մեկ տարում ընդամենը 1 խաղի է մասնակցել, նրան ոչ ոք չի տեսել: Միրալեմ Պյանիչը, որքան էլ երազել էր «Բարսայում» խաղալ, բայց պարզվեց չի կարողանում հարմարվել նրա խաղաոճին: Իսկ նրա փոխարեն Բարտոմեուն Թուրին էր ուղարկել կատալոնացիների խաղին լիարժեք համապատասխանող Արտուրին: Ֆիլիպե Կոուտինյոն սպառնում է դառնալ պատմության վատագույն տրանսֆերներից մեկը: Նա ի սկզբանե չէր համապատասխանում թիմին, որովհետև որպես վինգեր արագ չէ ու լավ դրիբլինգ չունի, որպես խաղարկող կազմակերպչական որակներ և համապատասխան խաղային ինտելեկտ չունի, իսկ նրա հարազատ ենթահարձակվողի դիրքը մինչև Կումանի գալը «Բարսայում» չկար: Այժմ այդ դիրքում փայլում է պատանի Պեդրին: Ֆրանսիշկու Տրինկաուն տաղանդավոր երիտասարդ է, բայց նա նույնպես առանձնապես հարկավոր չէ ակումբին, քանի որ երկրորդ թիմում ունեն նույն ոճի և ունակությունների մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ալեքս Կոլյադոյին: Վերջապես հեռացողների թվում կլինի Մարտին Բրեյթվեյթը, որը դարձավ Բարտոմեուի նախագահության զարմանալի տրանսֆերների խորհրդանիշը:

braitwait - «Բարսելոնայի» դեժավյուն. Լապորտան պետք է կրկնի իր իմաստուն որոշումը

Այս բոլոր ֆուտբոլիստներին կարելի է փոխարինել ոչ միայն որակյալ նորեկներով, այլև նույնիսկ սեփական սաներով: Այդուհանդերձ, «Բարսային» չհամապատասխանող այդ խաղացողների տրանսֆերներից կարելի է զգալի գումար վաստակել, ինչպես նաև խնայել աշխատավարձերի համար: Ստացած եկամուտով հնարավոր է Կումանի պահանջած տրանսֆերները կատարել: Եթե հոլանդացին այդ նորեկներով ձախողվի, ապա ակումբը գոնե հաստատ կիմանա, որ շանս է տվել թիմին առաջընթացի տանող մարզչի, որի տրանսֆերային ցանկությունները չեն սնանկացրել ակումբին: Ժամանակին Լապորտա-Ռայկարդ զույգը մեկ ամսում վերջ դրեց «Բարսելոնայում» 7-8 հոլանդացիների տարիներով հաստատված կլանին: Կումանը դեռ նախորդ ամռանը սկսեց երկար սպասված սերնդափոխությունը, այժմ նրան հարկավոր է թույլ տալ ավարտին հասցնել իր գործը: Եթե Վալվերդեի ու Սետյենի ժամանակ անզեն աչքով երևում էր, որ թիմը ռեգրեսի էր գնում, ապա Կումանի օրոք պրոգրես ենք տեսնում: Հոլանդացին արժանին է իր շանսը ստանալուն:

Հռոմի կայսեր Մարկոս Ավրելիոսն եսասիրության մեջ չկործանվելու համար իր կողքին միշտ ծառա էր պահում, որը նրան շշնջում էր. «Մարկոս Ավրելիոս, դու ընդամենը մարդ ես»:

Ժամանակին Լապորտայի ականջին հանճարեղ Կրուիֆը շշնջաց, որ հարկավոր է վստահել մարզչին, բայց այժմ «թռչող հոլանդացին» այլևս չկա: Այժմ հարկավոր է մեկը, որը Լապորտայի ականջին կշշնջա ակնհայտ թվացող ճշմարտությունը և նա չի տրվի փոփոխություններ կատարելու մոլուցքին:

Իսկ Չավին թող նվազագույնը մեկ տարի էլ սպասի…

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա