Logo

Հայաստանում ամեն ինչ որոշվելու է վերջին տուրում. ինչ կլինի, եթե միավորները հավասար լինեն

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 27.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
26.04.2021 NOAH Alashkert 15 scaled - Հայաստանում ամեն ինչ որոշվելու է վերջին տուրում. ինչ կլինի, եթե միավորները հավասար լինեն
Խաղի մանրամասները

Հայաստան, Vbet Պրեմիեր Լիգա, 25 տուր

28 Մայիս 2021 - 17:30

1

ՖԱ Ալաշկերտ

0

ՖԱ Արարատ-Արմենիա

1 - 0 Դեյան Բոլևիչ - 67`

Կարմիր Քարտ Junior Julio - 88`

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ չեմպիոնական հարցը բաց է մնում: 25-րդ տուրում տիտղոսը նվաճելուն հավակնում են 41 միավոր վաստակած «Ալաշկերտը» և 41 միավոր ունեցող «Նոան»: Իրավիճակը կարող էր էլ ավելի խառը լինել, եթե 2 օր առաջ կայացած հետաձգված խաղում «Ալաշկերտը» միավորներ կորցնել «Արարատի» հետ խաղում: Այդ դեպքում վերջին տուրում կարող էր այնպիսի սցենար գրանցվել, որ հինգ թիմ հավաքեն 41 միավոր: Այդ ժամանակ վերջնական տեղերը որոշելը կդառնար մաթեմատիկական փոքր թեորեմ:

Չեմպիոնության տարբերակներ

Այս անգամ ունենք ավելի պարզ իրավիճակ, որի նմանն օրերս տեսել ենք Լա լիգայում: Վերջին տուրից առաջ առաջատարը 2 միավորի առավելություն ունի և հաղթելու դեպքում կդառնա չեմպիոն: Տարբերությունն այն է, որ «Ալաշկերտի» մրցակիցը վերջին տուրում չեմպիոնությունը կորցրած «Արարատ-Արմենիան» է, որը սակայն պայքարում է Կոնֆերենցիաների լիգայում հայտնվելու համար: Այդ պատճառով բացառված չէ, որ գրանցվի ոչ-ոքի, իսկ զուգահեռաբար ընթացող խաղում «Նոան» հաղթի մրցաշարային որևէ խնդիր չլուծող «Վանին»: Այդ դեպքում երկու առաջատարները կվաստակեն 44-ական միավոր և կգա վիճակագրական տվյալների ժամը:

Մեր ընտրանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նման դեպքերի համար միանգամից 9 լրացուցիչ ցուցանիշ է առանձնացրել, որոնք ամրագրված են Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 14-րդ հոդվածի 2-րդ կետով: Դրանք են.

ա) Հավակնորդ թիմերի միջև խաղերում վաստակել է ավելի շատ միավոր:

բ) Հավակնորդ թիմերի միջև խաղերում ունի խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերություն:

գ) Հավակնորդ թիմերի միջև խաղերում խփել է ավելի շատ գոլ:

դ) Տվյալ առաջնության բոլոր հանդիպումներում ունի ավելի շատ հաղթանակ:

ե) Տվյալ առաջնության բոլոր հանդիպումներում ունի խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերություն:

զ) Տվյալ առաջնությունում ստացել է ավելի քիչ կարմիր քարտ:

է) Տվյալ առաջնությունում ստացել է ավելի քիչ դեղին քարտ:

ը) Ունի «Արդար խաղի» առավել բարձր ցուցանիշ:

թ) Վիճակահանությամբ:

26.04.2021 NOAH Alashkert 5 960x640 - Հայաստանում ամեն ինչ որոշվելու է վերջին տուրում. ինչ կլինի, եթե միավորները հավասար լինեն

Հաճախ «ա» կետը բավարար է լինում հաղթողին որոշելու համար: Այս դեպքում նույնպես այդպես է: «Ալաշկերտն» ու «Նոան» Պրեմիեր լիգայում հանդիպել են 3 անգամ, որոնցից երկուսում հաղթել է «Ալաշկերտը» (1:0, 2:1), իսկ մեկում՝ «Նոան» (1:0): Ուշագրավ է, որ այս թիմերը հանդիպել են նաև VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչում, որում նույնպես «Ալաշկերտն» ավելի ուժեղ էր:

Ստացվում է, որ Ալեքսանդր Գրիգորյանի նոր թիմը չեմպիոն կդառնա նույնիսկ ոչ-ոքիի դեպքում, իսկ Դմիտրի Գունկոյի թիմին հարկավոր է սեփական հաղթանակը և «Ալաշկերտի» պարտությունը:

Նման լարված պայքարով վերջին տուր Հայաստանում գրանցվել է 10 անգամ: Միջինը նման սցենար կրկնվում է յուրաքանչյուր 3 տարին մեկ: Այս մրցաշրջանը կլինի երրորդն անընդմեջ, որում տիտղոսը կվիճարկվի վերջին տուրում: Նախորդ երկու դեպքերում ավելի ուժեղ գտնվեց «Արարատ-Արմենիան»:

Հայաստանի չեմպիոնական համառ պայքարների մասին մենք արդեն գրել ենք, մանարամասն կարող եք ծանոթանալ այս հղումով:

Կոնֆերենցիաների լիգայի 2 ուղեգիր

ՈւԵՖԱ-ի ստեղծած նոր մրցաշարը՝ Կոնֆերենցիաների լիգան, նվազագույն շանսեր թողեց մեր թիմերի համար Եվրոպա լիգայի խմբային փուլում հայտնվելու համար: Այսուհետ եվրագավաթներին մասնակցող մեր 4 թիմերից 3-ն ընդգրկվելու են Կոնֆերենցիաների լիգայում, իսկ 1-ը՝ Չեմպիոնների լիգայում: Այդպես շարունակվելու է այնքան ժամանակ մինչև Հայաստանի ակումբային ֆուտբոլի վարկանիշը չհասնի թոփ-15-ին: Հիմա մենք 36-րդն ենք:

Այժմ Եվրոպա լիգայում հայտնվելու միայն մեկ տարբերակ է մնում. Չեմպիոնների լիգայի որակավորմանը մասնակցող թիմը դուրս մնա 2-րդ և ավելի բարձրց փուլերից:

045A4839 960x640 - Հայաստանում ամեն ինչ որոշվելու է վերջին տուրում. ինչ կլինի, եթե միավորները հավասար լինեն
Այս պահին VBET Պրեմիեր լիգայից արդեն մեկ թիմ նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր: Դա «Արարատն» է, որն ուղեգրին արժանացել է VBEТ Հայաստանի գավաթը նվաճելու շնորհիվ: Մյուս երկու ուղեգրերը վիճարկում են «Ուրարտուն» (38), «Արարատ-Արմենիան» (38) և կրկին «Նոան»: Վերջինը «Վանի» հետ նույնիսկ ոչ-ոքիի դեպքում երկրորդ տարին անընդմեջ կխաղա Եվրոպայում:

Շատ հետաքրքիր իրավիճակ է «Ուրարտուի» ու «Արարատ-Արմենիայի» միջև պայքարում: Երկու թիմերն էլ կարող են Պրեմիեր լիգան ավարտել հավասար միավորներով: Այդ դեպքում եվրագավաթի ուղեգրին կարժանանա «Ուրարտուն», որը մրցելու է «Փյունիկի» հետ: Լրացուցիչ ցուցանիշները հաշվելիս մենք հասնում ենք մինչև «դ» կետը, որովհետև մինչև այդ երկու թիմերի տվյալները հավասար են: Պրեմիեր լիգայում «Ուրարտուն» մեկ հաղթանակ ավելի է տարել, ինչը կդառնա ճակատագրական, եթե միավորները հավասար լինեն:

Այդ թիմերին մրցաշարային աղյուսակում դեռ կարող է շրջանցել «Արարատը» (37), որն, ամենայն հավանականությամբ, վերջին տուրում կհաղթի «Շիրակին», սակայն դա ոչինչ չի փոխի Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի համար պայքարում:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի բոլոր չորս խաղերը կանցկացվեն միաժամանակ: Մայիսի 28-ին կայանալիք հանդիպումները կսկսվեն ժամը 17:30-ին:

Թրիլերային առաջնությանը հետևել ենք 9 ամիս շարունակ: Մնացել է կուլմինացիան…

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա