Logo

Հայաստանում 7 տարի անց՝ նոր թագակի՞ր, հնչեղ անունների վերադարձ․ VBET Պրեմիեր լիգայի 5 գլխավոր ինտրիգները

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 30.07.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
15.05.2021 Ararat Alashkert cup final 18 scaled - Հայաստանում 7 տարի անց՝ նոր թագակի՞ր, հնչեղ անունների վերադարձ․ VBET Պրեմիեր լիգայի 5 գլխավոր ինտրիգները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մեկնարկելիք առաջնությունն առաջին հերթին առաձնանում է բացասական փաստով․ նախորդ բոլոր առաջնությունների միակ անփոփոխ մասնակից «Շիրակին» այս անգամ չենք տեսնի գործի մեջ: Դեռ նախորդ մրցաշրջանի ընթացքում ճանապարհի կեսին արգելակեցին ևս 2 մարզային թիմեր՝ Վանաձորի «Լոռին» ու «Գանձասար-Կապանը»:

Բայց դրական լուրեր ևս կան: Այս մրցաշրջանին կմասնակցեն Առաջին խմբի նախորդ առաջնության 3 մեդալակիրները՝ «Սևանը», ԲԿՄԱ-ն ու Վայոց Ձորը ներկայացնող «Նորավանքը»: VBET Պրեմիեր լիգայի ավանդական ուժեղագույն թիմերն էլ համալրել են կազմերը, սպառազինվել և պատրաստ են մրցաշրջանի մեկնարկին:

Որո՞նք են նոր մեկնարկող առաջնության 5 գլխավոր ինտրիգները․ կպարզենք հենց հիմա։

Վերջին 6 մրցաշրջանում 2 թիմ է չեմպիոն դարձել․ կլինի՞ նոր թագակիր

«Ալաշկերտը», որը գործող չեմպիոնն է, վերջին 6 տարում 4 անգամ ճանաչվել է Հայաստանի առաջնության հաղթող, ևս 2 անգամ դա հաջողվել է «Արարատ-Արմենիային»: Նրանցից առաջ վերջին չեմպիոնը «Փյունիկն» է եղել՝ 2015-ին: Բայց վերջին 2-3 տարում պայքարը շատ է սրվել, չեմպիոններն էլ ի հայտ են գալիս, որպես կանոն, վերջին տուրերում: Վերջին 2 առաջնությունների փոխչեմպիոն «Նոան» շատ մոտ էր դեպքերից գոնե մեկում լավագույնը ճանաչվելուն: Կան հիմքեր ենթադրելու, որ այս մրցաշրջանում գուցե նոր չեմպիոն ունենանք:

Alashkert The Winner of VBET Armenian Premier League 8 960x640 - Հայաստանում 7 տարի անց՝ նոր թագակի՞ր, հնչեղ անունների վերադարձ․ VBET Պրեմիեր լիգայի 5 գլխավոր ինտրիգները

Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբ «Փյունիկը» կրկին փոխեց իր քաղաքականությունը: Թիմին են միացել հիմնականում հայ միջին տարիքի (Էրիկ Վարդանյան, Էդգար Մովսեսյան, Արամ Քոչարյան) ու փորձառու ֆուտբոլիստներ (Գևորգ Ղազարյան, Հայկ Իշխանյան, Յուրի Գարեգինյան): Հենց նմանատիպ համադրություն ուներ նաև այն կազմը, որ «Փյունիկին» 2 տարի առաջ գրեթե հասցրել էր չեմպիոնության: Կես տարի առաջ ժամանած լեգեոներների փոխարեն հրավիրվեցին ֆուտբոլիստներ, որոնց հետ կարելի է ոսկե մեդալի համար պայքարել: Գլխավոր ակտիվները, իհարկե, Ղազարյանն ու Վարդանյանն են: Նրանցից գուցե մի քանի տուր պահանջվի լիարժեք մարզավիճակ հավաքելու համար, բայց այդ տղաների վարպետությունը կարող է որոշիչ լինել:

«Ուրարտուն» գործնականում պահպանել է կազմը: Այնտեղ կա երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստների լավ համադրություն։ Ռոբերտ Արզումանյանին նախորդ առաջնությունում հաջողվեց լուծել մրցանակային տեղ զբաղեցնելու խնդիրը, հիմա էլ հարկավոր է նույն ձգտումով խաղալ: «Արարատը», չնայած Ուրոշ Նենադովիչի, Դավիթ Խուրցիձեի և Աղվան Պապիկյանի պես կարևոր ֆուտբոլիստների հեռանալուն, մարտունակ տեսք ունի, ինչի ապացույցը Կոնֆերենցիաների լիգայի խաղերն էին: «Նոայից» էլ Վլադիմիր Ազարովն ու Վալերիո Վիմերկատին են հեռացել, կարևոր է, որ կարծես թիմում է մնալու Պետրոս Ավետիսյանը: Նախորդ տարվա կազմի կորիզը պահպանվել է, ուստի «Նոան» էլ առնվազն կպայքարի մրցանակային տեղերի համար:

Իսկ «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» կրկին պատրաստ են նվաճել տիտղոսը: «Ալաշկերտը» բավականին ընդլայնված կազմ է հավաքել՝ հաշվի առնելով եվրագավաթներից որևէ մեկի խմբային փուլում հայտնվելու հեռանկարը: Մնում է մարզչի հարց լուծել, աթոռն առայժմ դատարկ է: Իսկ Դմիտրի Գունկոն, որը «Նոայում» լավ աշխատանք իրականացրեց, կփորձի «Արարատ-Արմենիային» առաջին հորիզոնական վերադարձնել: Այդ հարցում կարող են օգնել թիմի նախկին առաջատարներից Մաիլսոն Լիմայի ու ԲԿՄԱ-ից Ժիրայր Շաղոյանի վերադարձը, ինչպես նաև մի քանի կետային համալրումները: Այնպես որ, 10 թիմից այս 6-ին, ըստ ամենայնի, կարելի է գոնե նախնական հաշվարկով չեմպիոնության հավակնորդ համարել:

222640502 1041876499682507 5639932877921554179 n 960x657 - Հայաստանում 7 տարի անց՝ նոր թագակի՞ր, հնչեղ անունների վերադարձ․ VBET Պրեմիեր լիգայի 5 գլխավոր ինտրիգները

Ո՞ր նորեկը կստիպի ապշել

Նորեկներից մեծ սպասելիքներ կան: «Սևանն» արմատապես փոխեց կազմն Առաջին խմբի հաղթող դառնալուց հետո: Արմեն Շահգելդյանը հրավիրել է «Լոռիի» նախկին 6 ֆուտբոլիստների, այդ թվում՝ Կլաուդիր Մարինիին, Անդրե Մենսալաոյին և Տիմուր Ռուդոսելսկիին: Հայ փորձառու տղաներից այստեղ է Արթուր Ավագյանը: Կարծես մեկնարկային կազմում տեղ է վստահվելու ևս 2 Արթուրների՝ Քարտաշյանին ու Դանիելյանին: Հրավիրվել են ևս մի քանի լեգեոներներ, ուստի «Սևանը» կարծես ծանր մրցակից է լինելու բոլորի համար:

Մեր ընտրանին.

«Նորավանքը» հայ և արտասահմանցի ֆուտբոլիստների խառնուրդ է ստեղծել: Գլխավոր մարզիչը երիտասարդ մասնագետ Վահե Գևորգյանն է, որը նույնպես ասելիք ունի VBET Պրեմիեր լիգայում: «Նորավանքի» նորեկների շարքում շատ հնչեղ անուններ չկան, բայց հավաքվել է երիտասարդ ու հավակնոտ թիմ։ Որքանով այն մրցունակ կլինի մեկ աստիճան բարձր մրցաշարում, ցույց կտա ժամանակը:

ԲԿՄԱ-ն Առաջին խմբում հասցրեց երկրպագուների բանակ հավաքել, չէ՞ որ այստեղ բացառապես հայ երիտասարդ ֆուտբոլիստներ են: Թիմից առաջատար 4 խաղացողներ են հեռացել՝ Ժիրայր Շաղոյանը, Նարեկ Աղասարյանը, Նարեկ Գրիգորյանն ու Սերգեյ Մկրտչյանը: Ռաֆայել Նազարյանը, որի մեծ փորձը շատ պետք կգա թիմին VBET Պրեմիեր լիգայում, համարյա նոր թիմ է կառուցում՝ պահպանելով իր մարտավարական կառուցվածքը: ԲԿՄԱ-ում կխաղան արդեն որոշակի փորձ կուտակած Արմեն Նահապետյանը, Սերոժ Թիթիզյանն ու Մարտին Գրիգորյանը: Ամենակարևորը՝ հայ ֆուտբոլիստները կստանան խաղային պրակտիկա, կբարելավեն հատկանիշները: Հուսանք՝ կլինի նաև թիմային ու անհատական առաջընթաց, ինչը միաժամանակ կարտացոլվի երիտասարդական հավաքականի ելույթներում ևս:

226699745 529172408426418 7195528134788449876 n 960x639 - Հայաստանում 7 տարի անց՝ նոր թագակի՞ր, հնչեղ անունների վերադարձ․ VBET Պրեմիեր լիգայի 5 գլխավոր ինտրիգները

Հնչեղ անուններ, որոնք վերադարձել են Հայաստանի առաջնություն

Մրցաշարի հանդեպ հետաքրքրությունը մեծացնում են նաև առանձին ֆուտբոլիստները: Գևորգ Ղազարյանի և Էրիկ Վարդանյանի մասին արդեն նշեցինք: Առաջինը տևական ժամանակ է բացակայել՝ հաջող եվրոպական կարիերայից հետո, իսկ երկրորդը չհաստատվեց «Սոչիում» ու վարձավճարով հարազատ ակումբ է վերադարձել: VBET Պրեմիեր լիգայում կխաղան նաև «Շիրակի» նախկին 2 գոլահարները՝ Սերժ Դեբլեն ու Իսմայիլ Ֆոֆանա Բեկոն: Եթե Դեբլեն եվրոպական ասպարեզում արդեն ելույթ է ունեցել «Արարատի» կազմում և աստիճանաբար մարզավիճակ է հավաքում, ապա Բեկոյին դեռ գործի մեջ չենք տեսել: Նա «Ալաշկերտի» ֆուտբոլիստ է, սակայն նույնիսկ խաղերին չի հայտավորվում:

Մեր առաջնությունում կրկին կտեսնենք նաև «Արարատ-Արմենիայի» կարճատև պատմության լավագույն լեգեոներներից մեկին՝ Մաիլսոն Լիմային: Նրա՝ նույնիսկ կես տարով հեռանալը թանկ նստեց թիմի վրա, որը նույնիսկ եվրագավաթային ուղեգիր չնվաճեց: Ներկայիս առաջնությունում, երբ թիմերի ուժերը գրեթե հավասարազոր են, հենց Լիմայի պես անհատապես ուժեղ ֆուտբոլիստները կարող են որոշիչ դերակատարություն ունենալ:

10.07.2020 NOAH Ararat Armenia VBET cup final 7 960x640 - Հայաստանում 7 տարի անց՝ նոր թագակի՞ր, հնչեղ անունների վերադարձ․ VBET Պրեմիեր լիգայի 5 գլխավոր ինտրիգները

Նոր հակառեկո՞րդ, թե՞ գոլերի հեղեղ

Նախորդ առաջնությունում արդյունավետության հակառեկորդ գրանցվեց․ «Արարատ-Արմենիայի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն լավագույնը ճանաչվեց խփած ընդամենը 10 գոլով: Հասկանալի է, որ հանդիպումների համառ պայքարը, թիմերի խաղամակարդակների հավասարությունը բարդեցրել է հարձակվողների խնդիրը, սակայն նոր մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, իրավիճակ փոխվի:

Իսկ գուցե Մորի Կոնե՞ն գահն իրեն վերադարձնի: Նախանցած առաջնությունում 23 գոլ խփած ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը վայրիվերումներով անցկացրեց, իսկ հիմա «Արարատի» գլխավոր հարվածային ուժը կարող է դառնալ: Ալեքսանդր Կարապետյանն «Արարատ-Արմենիայում» կես տարում 4 գոլով բավարարվեց, սակայն այժմ լավագույն ռմբարկուի կոչումը կգրոհի արդեն «Նոայի» կազմում: «Ալաշկերտում» պայմանական թեկնածուները շատ են՝ Ժոզե Էմբալո, Ալեքսանդր Գլիշիչ, Ֆոֆանա Բեկո, կամ էլ գուցե Գրիգոր Աղեկյան:

Ջոնել Դեսիրեն, չնայած արտերկիր տեղափոխվելու մասին լուրերին, ի վերջո մնաց «Ուրարտուում» և նույնպես կպայքարի լավագույն ռմբարկուի կոչման համար, ինչին մեկ անգամ «Լոռիում» արդեն հասել է: Արթուր Միրանյանն էլ վատ չավարտեց նախորդ մրցաշրջանը: «Վանի» նախկին գոլահար Ուիլֆրեդ Էզան նոր մրցաշրջանը կսկսի «Արարատ-Արմենիայում»: Չի բացառվում, որ Օտուբանջոն էլ այս անգամ ավելի դիպուկ գտնվի: «Փյունիկ» վերադարձած Գևորգ Ղազարյանը ևս կարող է պայքարել կոչման համար: Վարկածներն ու կանխատեսումները շատ են, բայց այն, որ 36 տուրում պետք է առնվազն գերազանցել նախորդ առաջնության լավագույն արդյունքը, պարզից էլ պարզ է:

06.06.2021 Ararat Armenia NOAH 14 960x640 - Հայաստանում 7 տարի անց՝ նոր թագակի՞ր, հնչեղ անունների վերադարձ․ VBET Պրեմիեր լիգայի 5 գլխավոր ինտրիգները

Սկսում ենք 10 թիմով․ գոնե այս անգամ կավարտե՞նք այդ քանակով

Նախորդ 2 առաջնությունները, ցավոք, չավարտեցինք այն քանակի թիմերով, ինչպես սկսել էինք: 2019/20թթ․ առաջնությանը 10 թիմ էր մասնակցում, բայց «Երևանն» առաջին շրջանում անփառունակ ելույթներից հետո դուրս եկավ մրցաշարից: Այդ ակումբն այնպիսի գործունեությամբ էր զբաղված, որ նրա դուրս գալը նույնիսկ ուրախալի էր, քանի որ նման կասկածելի նպատակներ ունեցող թիմը դժվար թե որևէ օգուտ տար հայկական ֆուտբոլին:

Այլ է անցած առաջնության օրինակը: Նախ «Գանձասար-Կապանը» պատերազմական օրերին հրաժարվեց առաջնության մասնակցությունից, իսկ ձմեռային դադարից քիչ անց էլ նրա օրինակին հետևեց «Լոռին»: Եթե կապանյան թիմը դժվար թե միջամտեր մրցանակային տեղերի համար պայքարին, ապա «Լոռին» դադարի ընթացքում վատ չէր համալրվել ու լավագույնների թվում էր: Այս թիմերի՝ հընթացս դուրս մնալը շատ հաշվարկներ խառնեց և վերադասավորումներ մտցրեց աղյուսակում: «Գանձասար-Կապանը» վաղուց էր Երևանում խաղում, իսկ «Լոռիի» նման քայլով Վանաձորը դուրս մնաց առաջնության քարտեզից:

08.03.2021 Noah 3 1 Lori 16 960x640 - Հայաստանում 7 տարի անց՝ նոր թագակի՞ր, հնչեղ անունների վերադարձ․ VBET Պրեմիեր լիգայի 5 գլխավոր ինտրիգները

Հիմա մարզային թիմերից միայն «Վանն» ու «Նորավանքն» են Երևանից դուրս անցկացնելու տնային խաղերը, երկուսն էլ՝ Չարենցավանում: «Նորավանքի» դեպքում դա ժամանակավոր է: Ակումբը մրցաշրջանի երկրորդ հատվածը, հնարավոր է, անցկացնի արդեն Վայքի «Արևիկ» ստադիոնում, որը գրեթե ամբողջապես պատրաստ է հանդիպումներ ընդունելուն: «Սևանը», որը վաղուց հիմնավորվել է Երևանում, իր մրցակիցներին «Նաիրի» ստադիոնում կընդունի: Հուսանք, որ մինչ առաջնության ավարտը թիմերի քանակի նվազում չենք ունենա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա