Logo

Կապտանռնագույն նարինջները. 5 հոլանդացիներ, որոնք փայլել են «Բարսելոնայում»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 21.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
johan cruyff 54830 - Կապտանռնագույն նարինջները. 5 հոլանդացիներ, որոնք փայլել են «Բարսելոնայում»

Եթե աշխարհում կա հավաքական, որին «Բարսելոնան» ամենից շատ է հոգեհարազատ՝ Նիդեռլանդների ընտրանին է: Այո՛, «Բարսելոնայի» հետ կարելի է ասոցացնել Իսպանիայի ընտրանուն, որի կորիզը կատալոնական էր, երբ 3 անգամ անընդմեջ «Լա Ռոխան» հաղթեց մեծ մրցաշարերում (2 անգամ՝ Եվրոպայի առաջնությունում, մի անգամ՝ աշխարհի), «Բարսելոնայի» հետ երբեմն կարելի է ասոցացնել Արգենտինայի ընտրանուն՝ հաշվի առնելով Լիոնել Մեսիի գործոնը, բայց կատալոնացիների խաղային, գաղափարական-փիլիսոփայական կապը Նիդեռլանդների հետ գալիս է պատմականորեն՝ 21-րդ դարի երկրորդ կեսից:

«Բարսայում», բնականաբար, քիչ չեն եղել հոլանդացի ֆուտբոլիստները, որոնք իրենց անմիջական ներկայությամբ են ազդեցություն ունեցել թիմի հոլանդական խաղի վրա: Գրեթե ամեն տարի Բարսելոնա է տեղափովում գոնե 1 հոլանդացի: Օրեր առաջ «Բարսելոնայի» հոլանդական «համայքին» միացավ Մեմֆիս Դեպայը, որը նաև կարող է համալրել իսպանական ակումբում փայլած ֆուտբոլիստների ակումբը: VNews-ը «Բարսելոնայում» խաղացած 21 ֆուտբոլիստներից առանձնացրել է լավագույն 5-ին, որոնք մեծ հաջողություններ են գրանցել կապտանռնագույն մարզաշապիկով:

Մեր ընտրանին

5. Ջիովանի վան Բրոնխորստ

Ջիովանի վան Բրոնխորստը «Բարսելոնա» տեղափոխվեց 2003 թվականին՝ ակումբի համար բավական բարդ ժամանակներում: Կատալոնական ակումբը վարձակալեց Ջիոյին «Արսենալից»՝ 1 տարի անց գնելու հնարավորությամբ:

Վան Բրոնխորստը ծանր տարվանից հետո էր տեղափոխվել Կատալոնիա՝ «Արսենալում» ծնկի խաչաձև կապանների վնասվածքից հետո: Կենտրոնական կիսապաշտպանի դիրքում բավականաչափ խաղացողների առկայության պայմաններում՝ թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը վան Բրոնխորստին փորձեց օգտագործել ձախ պաշտպանի դիրքում. արդյունքը ֆանտաստիկ ստացվեց: Ջիոն այնքան լավ տպավորություն թողեց նոր դիրքում իր առաջին մրցաշրջանում, որ ակումբը մեկ վայրկյան էլ չկասկածեց նրա տրանսֆերն ամբողջությամբ գնելու հարցում: Նա շատ մեծ մասնակցություն ունեցավ 2003/04-ին «Բարսելոնայի»՝ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներից մինչև 2-րդ հորիզոնական թռիչք կատարելու հարցում, 2004/05-ին, արդեն որպես թիմի լիարժեք ֆուտբոլիստ, դարձավ Իսպանիայի չեմպիոն, 2005/06-ին «Բարսան» կրկին հաղթեց Լա լիգան, ինչպես նաև նվաճեց Չեմպիոնների լիգան: Վան Բրոնխորստն այն միակ ֆուտբոլիստն էր թիմի կազմում, որը մասնակցեց ՉԼ-ում բոլոր խաղերին: Այդ տարվա եզրափակիչում կատալոնացիները հաղթեցին Ջիոյի նախկին ակումբ «Արսենալին»:

Giovanni van Bronckhorst SOCCER FC BARCELONA autograph, In-Person signed photo | eBay

Ընդհանուր առմամբ՝ վան Բրոնխորստը «Բարսելոնայի» կազմում անցկացրեց 4 մրցաշրջան՝ մասնակցելով 155 խաղի: Նա դարձավ ժամանակաշրջանի լավագույն ձախ պաշտպաններից մեկը, որը պաշտպանվելուց բացի կարողանում էր նաև գեղեցիկ գոլեր խփել:

4. Յոհան Նեսկենս

«Այաքսի» սուպերչեմպիոնական թիմից, Յոհան Կրույֆից բացի, «Բարսելոնա» եկավ նաև, ինչպես Նիդերանդներում էին անվանում նրան՝ Johan Segon-ը (երկրորդ Յոհանը):

Նեսկենսը Կրույֆի ֆոնին, և առհասարակ, բավական թերագնահատված ֆուտբոլիստ է՝ բոլոր առումներով: Բայց Նեսկենսին «Բարսելոնան» գնեց հենց Կրույֆի խնդրանքով. Կրույֆը լավ էր հասկանում՝ որքան օգտակար խաղացող է Նեսկենսը և որքան բան կարող է նա տալ թիմին: Եվ իսկապես՝ «Բարսելոնա» տեղափոխվելով Նեսկենսն իր մեծ ազդեցությունն ունեցավ թիմում տոտալ ֆուտբոլի զարգացման հարցում:

Նեսկենսը ստացել էր «Կամիկաձեի օդաչու» մականունը՝ իր ագրեսիվ խաղաոճի, բախումներից չխորշելու և անդադար վազելու համար: Նեսկենսն «Այաքսի» դպրոցն անցնելով իր մեջ կրում էր տոտալ ֆուտբոլ ասվածը՝ կարողանալով խաղալ տարբեր դիրքերում: Կարիերան սկսել էր աջ պաշտպանի դիրքում, հետագայում հաստատվել դաշտի կենտրոնում, և այդքանով հանդերձ՝ կարողանում էր մեծ թվով գոլեր ու գոլային փոխանցումներ կատարել: Նեսկենսը եվրոպական ֆուտբոլի առաջին box to box ոճի խաղացողն էր, որին հաճախ անվանում էին ֆուտոբլիստ, որ երկու հոգու արժեք ուներ դաշտի կենտրոնում:

The 50 Greatest Footballers of All Time - Sports Illustrated

Նեսկենսը «Բարսելոնայում», բնականաբար, չկրկնեց «Այաքսի» հաջողությունները, բայց կատալոնական ակումբում նա նվաճեց 2 տիտղոս՝ Արքայական գավաթն ու Գավաթակիրների գավաթը, անցկացրեց 5 մրցաշրջան՝ դառնալով 46 գոլի հեղինակ:

3. Պատրիկ Կլյուվերտ

Պատրիկ Կլյուվերտը 1998-ին տեղափոխվեց «Բարսելոնա»՝ իր կարիերայի ամենածաղկուն տարիքում: Նա «Այաքսի» կազմում Չեմպիոնների լիգայի եզրափակիչում դարձել էր միակ ու հաղթական գոլի հեղինակը, այդ տարիներին համարվում էր հոլանդական ֆուտբոլի ամենահեռնակարային ֆուտբոլիստներից մեկը: «Բարսելոնա» տեղափոխվելով՝ նա դարձավ ակումբի լավագույն հարձակվողներից մեկը 21-րդ դարում:

«Բարսելոնայում» Կլյուվերտի առաջին մրցաշրջանը բավական հաջող էր. նա վերամիավորվեց Լուի վան Գալի հետ, որի գլխավորությամբ խաղացել էր «Այաքսում», հարձակման գծում արդյունավետ զույգ կազմեց Ռիվալդոյի հետ՝ խփելով 16 գոլ, և օգնեց թիմին պաշտպանել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը 1998/99 մրցաշրջանում: Հաջորդ մրցաշրջանն անհատական տեսանկյունից ևս լավն էր Կլյուվերտի համար. չնայած՝ «Բարսելոնային» չհաջողվեց կրկին Լա լիգան հաղթել, բայց հոլանդացի գոլահարը դարձավ թիմի լավագույն ռմբարկուն՝ խփած 15 գոլով: Հաջորդ տարիները շարունակվեց նույն տրամաբանությամբ՝ «Բարսելոնայի» համար անցումային ու դժվար փուլ էր, թիմը չէր կարողանում տիտղոսներ նվաճել շուրջ 5 տարի, բայց Կլյուվերտն իր գործն անում էր հրաշալի՝ գրեթե բոլոր մրցաշրջաններում խփելով 20-ից 25 գոլ:

Barcelona news: Kluivert guides Barcelona youth team to lopsided win over Real Madrid | Goal.com

Կլյուվերտը բոլոր տվյալներն ուներ՝ թոփ հարձակվող լինելու համար. նա արագ էր, տեղաշարժվում էր տուգանային հրապարակում, տեխնիկապես զարգացած էր, գոլեր էր խփում՝ տարբեր գույների, ճաշակի ու մեծ քանակով: Ժամանակակից ֆուտբոլում Պատրիկի նման հարձակվողները քիչ են: Կլյուվերտը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 257 խաղում խփեց 122 գոլ՝ դառնալով ակումբի պատմության ամենաշատ գոլ խփած հոլանդացին:

2. Ռոնալդ Կուման

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը շատ մեծ նշանակություն է ունեցել ակումբի համար որպես ֆուտբոլիստ:

1989-ին Կումանը ՊՍՎ-ից տեղափոխվում է «Բարսելոնա» ու դառնում Յոհան Կրույֆի «Դրիմ թիմի» կարևոր մասնիկներից մեկը: Աստղերով հագեցած թիմում խաղում էին Խրիստո Ստոիչկովը, Ռոմարիոն, Միքայել Լաուդրուպը: Պեպ Գվարդիոլայի՝ թիմում հաստատվելուց հետո էլ Կումանը զիջում է հենակետայինի դիրքը և սկսում գործել պաշտպանության կենտրոնում: Այս կազմով ու Կրույֆի գլխավորությամբ՝ Կումանն օգնում է թիմին 4 անգամ անընդմեջ հաղթել Իսպանիայի առաջնությունում (1991-ից՝ 1994-ին): Բայց Կումանի կարիերայի գլխավոր պահը տեղի է ունենում 1992-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում. «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղում Ռոնալդ Կումանը տուգանայինից կատարած հարվածով խփեց իր թիմի միակ ու հաղթական գոլը՝ «Բարսելոնային» պարգևելով Չեմպիոնների լիգայի առաջին գավաթը՝ ակումբի պատմության մեջ:

Կումանն, առհասարակ, ունիկալ խաղաոճ ուներ: Հոլանդացին, լինելով պաշտպան, շատ լավ էր խաղում գնդակով, հիանալի էր տեսնում խաղադաշտը, աչքի էր ընկնում ճշգրիտ փոխանցումներով ու որ ամենակարևորն է՝ տիրապետում էր հուժկու հարվածների, ինչի շնորհիվ դառնում էր հեռահար գոլերի հեղինակ, շատ դեպքերում՝ տուգանային հարվածներով: Նա առիթը բաց չէր թողնում գրոհներին միանալու համար, բայց վստահ էր գործում նաև թիկունքում: Կումանն ուներ նաև առաջատարի հատկանիշներ:

Կումանը, ընդհանուր առմամբ, «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 6 մրցաշրջան, նվաճել 10 տիտղոս: Կումանն ամենաշատ գոլ խփած պաշտպանն է՝ 239 գոլով, և «Բարսելոնայի» պատմության ամենաշատ գոլ խփած պաշտպանը՝ 90 գոլով:

1. Յոհան Կրույֆ

«Բարսելոնան» հավերժ կարող է հպարտանալ, որ իր կազմում է ունեցել համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկին, ֆուտբոլիստի, որը ոչ միայն լավ է խաղացել, այլ մեծ ազդեցություն ունեցել այս մարզաձևի զարգացման վրա, որ փոխել է ֆուտբոլը:

Բացի ֆուտբոլի զարգացման մեջ մեծ ավանդ ունենալուց՝ Կրույֆը նաև, կարելի է ասել, մեր «իմացած» «Բարսելոնայի» գաղափարական հիմքերն է դրել: Նեսկենսի և մյուսների հետ հենց Կրույֆն է եղել հզորագույն «Այաքսի» առաջատարը, և թիմի գլխավոր մարզիչ Ռինուս Միխելսի հետ միասին նա է զարկ տվել տոտալ ֆուտբոլի առաջխաղացմանը: Կրույֆը եղել է հաստիքային կիսապաշտպան, բայց խաղի ժամանակ տեղաշարժվել է ամբողջ խաղադաշտով, պաշտպանվել է, հարձակվել, վերահսկել գնդակը, գոլեր խփել: Նա «Բարսելոնա» է տեղափոխվել 1973-ին՝ 6 միլիոն եվրոյի դիմաց, որն այդ պահին համաշխարհային ռեկորդ է եղել: Նա «Բարսելոնային» պարգևել է ակումբի պատմության առաջին չեմպիոնությունն Իսպանիայում՝ հաղթելով «Ռեալին» 5-0 հաշվով «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում. «Կրույֆի հետ թիմը զգում էր, որ չի կարող պարտվել», – գրում էր մամուլը, իսկ New York Times-ն իր գլխավոր էջը վերնագրել էր հետևյալ կերպ. «Կրույֆը կատալոնացիների համար արել է ավելին 90 րոպեի ընթացքում, քան մի շարք քաղաքական գործիչներ՝ տարիների ընթացքում»:

The Barça factor: Johan Cruyff's indelible mark at Barcelona

Կրույֆը «Բարսելոնայի» կազմում խաղալով՝ 2 անգամ նվաճում է «Ոսկե գնդակը», թիմի հետ հաղթում Լա լիգան ու Արքայական գավաթը, բայց նա թիմին տալիս է շատ ավելին, քան այս տիտղոսները: Կրույֆից հետո «Բարսելոնան» խաղում է հոլանդական ֆուտբոլ, որը տարիների հետ զարգացնում են այլ մարզիչներ, իսկ 90-ականներին գալիս է հենց ինքը՝ որպես մարզիչ, 4 անգամ դառնում Իսպանիայի չեմպիոն ու 1 անգամ նվաճում ՉԼ-ն:

«Կրույֆը եկավ «Բարսելոնա» ու մեզ ասաց՝ տղաներ, սրանից հետո մենք խաղալու ենք այսպես: Ու բոլորը հետևեցին նրան, լսեցին նրա բոլոր խոսքերը: Մենք գալիս էինք ակադեմիա, ու տեսնում՝ ինչպես են 7, 8 կամ 9 տարեկան երեխաները խաղում նույն ոճով, ինչպես՝ առաջին թիմը: Նա ոչնչից ստեղծում էր մեծ բաներ: Այդ ամենի համար պետք է ունենաս անհատականություն, գիտելիքներ ու խարիզմա: Կրույֆն ուներ այն խարիզման, որի շնորհիվ նրան հետևում էին բոլորը», – ասում է Գվարդիոլան, որ խաղացել է Կրույֆի օրոք, իսկ նրանից յուրացրած գաղափարները հետագայում կիրառել որպես մարզիչ ու հասել անհավանական հաջողությունների:

Կրույֆը «Բարսելոնայում» խաղացած լավագույն հոլանդացին է, ակումբի պատմության լավագույն տրանսֆերը: Կրույֆի՝ «Բարսելոնայի» պատմության լավագույն ֆուտբոլիստը լինելու փաստը վիճարկում է միայն Լիոնել Մեսին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա