տուր
01 Հունվար 1970 - 12:08
Յոահիմ Լյովն օրեր առաջ հայտարարեց ԵՎՐՈ 2020-ի ավարտից հետո Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելու որոշման մասին:
«Ես այս քայլն անում եմ ամբողջովին գիտակցված, մեծ հպարտությամբ ու երախտիքի զգացումով, բայց նաև՝ Եվրոպայի առաջնությունը հաղթելու անսպառ մոտիվացիայով: Հպարտ եմ, որովհետև ինձ համար մեծ պատիվ էր լինել երկրիս ազգային հավաքականի ղեկին ու հասնել նման հաջողությունների», – ասված էր Լյովի հայտարարության մեջ: Նորմալ է, որ 61-ամյա մասնագետը հպարտությամբ է հեռանում: Բայց ինչո՞ւ և ինչպե՞ս Լյովը կայացրեց այս որոշումը:
Գերմանացին ազգային հավաքականը գլխավորում է 2006 թվականից՝ մինչև այդ 2 տարի լինելով գլխավոր մարզչի՝ Յուրգեն Կլինսմանի օգնականը: Լյովը մի մեծ՝ երկար ճանապարհ անցավ «Մանշաֆթի» հետ՝ զարգացնելով սերունդն ու թիմին հասցնելով մինչև Աշխարհի չեմպիոնության փառքին (2014-ին, Բրազիլիայում), հաղթեց նաև 2017-ին կայացած Կոնֆեդերացիայի գավաթի մրցաշարում:
Լյովի՝ Գերմանիայի հավաքականի ղեկը թողնելու որոշումն ունի տարբեր պատճառներ: Նախ՝ նա «եկավ, տեսավ ու հաղթեց». 15 տարվա ընթացքում Լյովի Գերմանիան անցկացրած 188 խաղ է անցկացրել, ու միջինը մեկ խաղում վաստակել 2.11 միավոր: Նրա միակ մոտիվացիան Բունդեսթիմի հետ Եվրոպայի առաջնությունում հաղթանակն է, ինչից հետո այլևս ոչինչ չէր մնա նրան հաղթելու: Կարճ ասած՝ Լյովը հասկացավ, որ իր էպոխան հավաքականում ավարտվել է:
Մեկ այլ պատճառ ևս նպաստեց այս որոշմանը: Անցկացնելով ֆանտաստիկ ժամանակաշրջան՝ Գերմանիան ընկավ. 2018-ի Աշխարհի առաջնությունը վատագույնն էր «Դոյչլանդի» պատմության մեջ. թիմը դուրս մնաց խմբային փուլից ու դուրս չեկավ 1/8 եզրափակիչ: Նման բան երբեք չէր եղել: Ռուսաստանյան ֆիասկոյին հետևեց արդեն Ազգերի լիգայի ձախողումը. 2018/19 խաղարկությունում Ֆրանսիայի ու Նիդերլանդների հետ նույն խմբում ընդգրկված Լյովի թիմը 4 խաղում վաստակեց ընդամենը 2 միավոր: Իսկ Գերմանիայի հավաքականի վերջին խայտառակությունը գրանցվեց 2020-ի նոյեմբերին՝ Իսպանիայի ընտրանուց կրած 0-6 հաշվով պատմական պարտությամբ:
Խաղադաշտից դուրս Լյովը նույնպես խնդիրներ ունեցավ: Նրա՝ Ժերոմ Բոատենգին, Մատս Հյումելսին ու Տոմաս Մյուլերին հավաքականից վտարելու որոշումը գրեթե ոչ ոք չի հասկանում: Ժամանակը ցույց տվեց, որ հավաքականում սերնդափոխությունն ամենևին էլ հարթ չի անցնում, ու Գերմանիան շատ ունի Բոատենգի ու Հյումելսի նման փորձառու պաշտպանների կարիք, իսկ Մյուլերի բացակայությունը՝ վերջին 2 մրցաշրջանում փայլելուց հետո, ընդհանրապես բացատրություն չունի:
Մեր ընտրանին
Յուլիան Նագելսման. Հզոր բնավորությամբ հանճարեղ մարզչի պատմությունը (տեսանյութ)
30 տարի. Ի՞նչ է փոխվել աշխարհում «Լիվերպուլի» վերջին չեմպիոնությունից հետո
Կարիմ Բենզեմա. ով է «Ռեալի» չհասկացված հանճարը
Նոր ժամանակաշրջան. ով կփոխարինի Լյովին
Լյովն իր խնդիրներով կհեռանա Եվրոյի ավարտից հետո: Գերմանիան այժմ ունի որակյալ սերունդ, հեռանկարային երիտասարդներ. բայց ո՞վ կարող է լինել ճիշտ մարդը՝ Լյովին փոխարինելու համար, ո՞վ կարող է այս թիմին տալ այն նոր շունչը, որի կարիքը զգում են «տեուտոնները»: Գերմանիան պատրաստ է այս մարտահրավերին, քանի որ ունի հրաշալի մարզչական դպրոց ու թոփ կադրեր:
Հանս-Դիտեր Ֆլիկ
Լյովի հայտարարությունից հետո գերմանական մամուլը հեղեղվեց տեղեկություններով, որ Գերմանիայի հավաքականի հաջորդ գլխավոր մարզիչը լինելու է Հանս-Դիտեր Ֆլիկը, որն այժմ գլխավորում է «Բավարիան»: Ֆլիկը, իսկապես, ամենատրամաբանական տարբերակն է՝ մի պարզ պատճառով. նա Լյովի օգնականն էր 2014-ին, երբ Գերամանիայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն: 56-ամյա մասնագետը «ուղն ու ծուծով» ծանոթ է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիային ու հավաքականին. 2014-ից 2017 թվականների ընթացքում նա զբաղեցրել է մարզական տնօրենի պաշտոնը՝ «Բավարիայի» մարզչական շտաբը համալրելուց 2 տարի առաջ:
Բացի դա, Ֆլիկի համբավը բարձրացավ «Բավարիայի» անհավանական նվաճումների հասնելուց հետո. Ֆլիկի թիմը նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները մեկ տարվա ընթացքում (6)՝ ցուցադրելով հարձակվողական ու արդյունավետ խաղ:
Ֆլիկը, սակայն, Գերմանիայի հավաքականը գլխավորելու հնարավորությունը շատ արագ բացառեց. «Ես գիտեմ՝ ինչ է նշանակում «Բավարիայում» աշխատելն ու ոչ մի պատճառ չեմ տեսնում՝ ինչու ես պետք է մտածեմ հիմա այլ բանի մասին», – հայտարարել էր գերմանացին: Այնուամենայնիվ՝ Ֆլիկի տարբերակը բացառել պետք չէ:
Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կատարյալ տարբերակ է՝ Լյովին փոխարինելու համար: Նա գերմանացի երկրպագուների կուռքն է, իսկ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի համար՝ շատ ցանկալի մարզիչ:
Սակայն 53-ամյա մասնագետը նույնպես շատ արագ փակեց դռները հավաքականի առաջ. «Ես դեռ 3 տարվա պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ: Ամեն ինչ շատ պարզ է. դու պայմանագիր ես կնքում ինչ-որ թիմի հետ և հարգում այդ պայմանագիրը», – հայտարարեց Կլոպն ասուլիսներից մեկի ժամանակ:
Այնուամենայնիվ՝ ամեն ինչ այդքան պարզ ու կանխատեսելի չէ: Կլոպը «Լիվերպուլի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան, ակումբին 30 տարվա դադարից հետո պարգևել Պրեմիեր լիգան, իսկ այս մրցաշրջանում «կարմիրները» նման չեն իրենց, համենայնդ եպս՝ վերջին 3 տարիներին: «Լիվերպուլը» 7-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում, վաղուց դուրս է մնացել չեմպիոնական մրցավազքից ու մեծ հարց է՝ կկարողանա՞ մտնել լավագույն քառյակ, թե ոչ: Ներկա «Լիվերպուլը» շատ նման է Կլոպի՝ 2014/15 մրցաշրջանի «Բորուսիային»՝ չափազանց անհաջող արդյունքներ ու խաղի բացակայություն: Վերջին շրջանում «Լիվերպուլը» հասցրեց մի քանի հակառեկորդ գրանցել, այդ թվում՝ 5 անընդմեջ պարտություն «Էնֆիլդում»: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի՝ Կլոպին կարող են չներել, կամ՝ հակառակը՝ Կլոպը կարող է սպառված զգալ իրեն «Լիվերպուլում» ու հեռանալ ակումբից:
Այդ դեպքում Յուրգենի համար կբացվի կարիերայի շարունակության նոր հորիզոն, և դա կլինի հենց Գերմանիայի հավաքականը: Կլոպը կարողանում է աշխատել երիտասարդների հետ, լավ գիտի գերմանական դպրոցը և ունի բավականաչափ ներուժ՝ հավաքականի հետ նոր տիտղոսներ նվաճելու համար: Կլոպը մեծ հաջողությունների է հասել «Բորուսիայում» ու «Լիվերպուլում». ինչո՞ւ չփորձել նաև հավաքականում:
Ռալֆ Ռանգնիկ
Գերմանիայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուների թվում է նաև փորձառու Ռալֆ Ռանգնիկը: 62-ամյա մասնագետն ունի մարզչական կարիերայի 35 տարվա փորձ, որի ընթացքում նա մարզել է «Շտուտգարտը», «Հոֆենհայմը», «Շալկեն» ու մի շարք այլ թիմեր: Հենց Ռանգնիկն էր այն մարզիչը, որ «Լայպցիգին» 2016 թվականին բարձրացրեց Բունդեսլիգա:
1990 թվականի չեմպիոնական Գերմանիայի ավագ Լոթար Մաթեուսը Ռանգնիկին է տեսնում Լյովին փոխարինողի դերում. «Նա կարող է անել դա: Ռանգնիկը մասնագետ է, որ կարող է կառուցել ինչ-որ նոր բան», – վստահեցնում է Մաթեուսը:
Ռանգնիկն այս պահին գործազուրկ է և բաց է նոր աշխատանքի համար: Այս մասնագետը հիմնականում իր առջև դնում է հստակ նպատակներ. նա սիրում է զարգացնել ֆուտբոլիստներին, իր ֆուտբոլային փիլիսոփայությամբ նման է Լյովին ու կարճաժամկետ ապագայի համար բավական լավ լուծում է:
Յուլիան Նագելսման
Ֆուտբոլիստների մեջ՝ Մբապե, Հալանդ, Ֆելիշ, Սանչո, իսկ մարզիչների մեջ՝ Յուլիան Նագելսման: Այո՛, 33-ամյա գերմանացի այս մասնագետը ծագող աստղ է ու ամենափայլուն կադրերից, որ վերջին տարիներին տվել է գերմանական դպրոցը:
Այսքան երիտասարդ տարիքում Յուլիանն արդեն հասցրել է մի քանի հնչեղ նվաճումների հասնել: «Հոֆենհայմին» նա դուրս բերեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլ՝ ակումբի պատմության մեջ առաջին անգամ: «Լայպցիգին» էլ Նագելսմանը հասցրեց ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ, որը նույնպես առաջինն էր այս ակումբի պատմության մեջ: Բացի այս նվաճումներից, Նագելսմանի թիմերն աչքի են ընկնում գրավիչ ֆուտբոլով, իսկ ինքը՝ Նագելսմանը կիրառում է շատ հետաքրքիր մոտեցումներ ու երբեմն մտածում հեղափոխական տակտիկաներ:
Նագելսմանը «Լայպցիգի» հետ պայմանագիր ունի, որը լրանում է 2023-ին: Նագելսմանի՝ հավաքականը գլխավորելու հավանականությունը քիչ է՝ հաշվի առնելով, որ նա այժմ ակումբային ակտիվ կարիերա է վարում ու մեծ ոգևորությամբ սպասում է ինչ-որ գրանդ ակումբ գլխավորելու իր շանսին:
Ստեֆան Կունց
Noname այս մասնագետը նույնպես կարող է դառնալ Լյովի փոխարինողը Գերմանիայի հավաքականում: Ստեֆան Կունցը Գերմանիայի Մ21 տարիքային հավաքականի գլխավոր մարզիչն է և վայելում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վստահությունը: «Կունցը փայլուն աշխատանք է կատարում և ճիշտ մոտեցում ունի», – ասում է հենց ինքը՝ Լյովը:
Կունցը Գերմանիայի հավաքականի անդամն է եղել 1996-ին, երբ թիմը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Որպես մարզիչ՝ Մ21 հավաքականի ղեկին Կունցը նույնպես դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ 2017 թվականին եզրափակիչում պատության մատնելով Իսպանիայի ընտրանուն:
Կունցի միակ թերությունն անփորձությունն է. նրա համար կարող է դժվար լինել աշխատանքը հավաքականի աստղային ֆուտբոլիստների հետ:
Այլ թեկնածուներ
Բացի այս հիմնական անուններից, կան նաև այլ թեկնածուներ: Օրինակ՝ հենց Լոթար Մաթեուսը, որի մարզչական վերջին փորձը հեռավոր 2011-ին է եղել, Ռալֆ Հասենհաթլը, որը նույնպես լավ արդյունքներ է գրանցել «Լայպցիգի» հետ ու աշխատել նաև Պրեմիեր լիգայում, ինչպես նաև արտասահմանցի մասնագետներ Լուսիեն Ֆավրը, որը Բունդեսլիգայում է աշխատել կամ Արսեն Վենգերը՝ մեկ այլ թոփ մասնագետ, որ, հնարավոր է, որոշի վերջին անգամ կանգնել եզրային գծի մոտ. Վենգերը բազմաթիվ առիթներով հայտարարել է, որ ուրախ կլիներ հավաքական գլխավորել: