2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի առաջատար Հայաստանի հավաքականն առաջին միավորները կորցրեց՝ 4-րդ տուրում Սկոպյեում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: Չնայած դրան, ՀՀ հավաքականը 10 միավորով շարունակում է գլխավորել J խմբի մրցաշարային աղյուսակը:
Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1․ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին հաջողվեց ընդհատել Հայաստանի ընտրանու մեկնարկային 3 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարքը՝ գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի: ՀՀ հավաքականի ներկայիս արդյունքը (4 խաղում 10 միավոր) ռեկորդային է մեր ընտրանու պատմության մեջ ընտրական մրցաշարերում:
Մինչ այդ, ընտրական մրցաշարերում 4 տուրից հետո լավագույն արդյունքը (7 միավոր) գրանցվել էր 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Վարդան Մինասյանի օրոք: Իսկ աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում լավագույն ցուցանիշը (3 միավոր) հավաքականն ունեցել է 1998 (Խորեն Հովհաննիսյանի օրոք), 2014 (Վարդան Մինասյանի օրոք) և 2018թթ. (Արթուր Պետրոսյանի օրոք) մրցաշարերում:
Ընդ որում, 2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային 3 խաղերում Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ՀՀ հավաքականը պարտվել էր և միայն 4-րդ տուրում նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի օրոք առաջին 3 միավորն էր վաստակել՝ 3-2 հաշվով հաղթելով Չեռնոգորիայի ընտրանուն:
2․ Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները 2-րդ անգամ են հայտնվել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի միևնույն խմբում: Մրցակիցների միջև կայացած աշխարհի առաջնության ընտրական 3-րդ մրցախաղում ՀՀ հավաքականին վերջապես հաջողվեց առաջին միավորը վաստակել:
2006թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մրցակիցներն ընդգրկված էին 1-ին խմբում: 2004թ. օգոստոսի 18-ին Սկոպյեում կայացած առաջին խաղում ՀՀ հավաքականը Բեռնար Կազոնիի գլխավորությամբ 0-3 հաշվով պարտվել էր:
2005թ. հունիսի 4-ին Երևանում կայացած պատասխան խաղում էլ մակեդոնացիները հաղթել էին 2-1 հաշվով: Հենկ Վիսմանի գլխավորած մեր հավաքականից միակ գոլը խփել էր Էդգար Մանուչարյանը: Մակեդոնացիներից երկու հանդիպումներում էլ աչքի էր ընկել Գորան Պանդևը՝ ընդհանուր առմամբ 3 անգամ գրավելով ՀՀ հավաքականի դարպասը:
3. Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ ՀՀ հավաքականն իր 64 մրցակիցներից առավել հաճախ է հանդիպել: Հերթական խաղը մրցակիցների 11-րդ մրցավեճն էր, որում առաջին գոլազուրկ ոչ-ոքին գրանցվեց: Դա մրցակիցների դիմակայությունում 3-րդ ոչ-ոքին էր:
Խաղերից 3-ը կայացել է աշխարհի առաջնության (ՀՀ հավաքականը գրանցել է մեկ ոչ-ոքի, կրել է 2 պարտություն, խփած և բաց թողած գնդակների տարբերությունը՝ 1-5), 4-ը՝ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում (2-ական հաղթանակ և ոչ-ոքի, խփած և բաց թողած գնդակների տարբերությունը՝ 10-6), 4 անգամ էլ հայերն ու մակեդոնացիները մրցել են Ազգերի լիգայի մրցաշարում (2-ական հաղթանակ և պարտություն, խփած և բաց թողած գնդակների տարբերությունը՝ 6-4):
Մեր ընտրանին
-
«Բանջարաբոստանային պայմաններ». Հս. Մակեդոնիա – Հայաստան խաղի գնահատականները՝ ըստ VNews-ի
-
Հայաստանի հավաքականը գործի կեսն է արել. իրականում քանի միավոր է հարկավոր
-
Հայկական ակումբների համար փլեյ-օֆֆի արգելքն առայժմ անհաղթահարելի է
4․ ՀՀ հավաքականը մակեդոնացիների հետ Սկոպյեում 6-րդ անգամ մրցեց: Մեր ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 2-րդ անգամ ոչ-ոքի խաղացին: Առաջինը գրանցվել էր 2010թ. սեպտեմբերի 7-ին Սկոպյեում անցկացված Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում՝ 2-2: ՀՀ հավաքականին առայժմ մեկ անգամ է հաջողվել մրցակցի հարկի տակ հաղթել, 3 խաղում էլ պարտվել է: Սկոպյեում մեր ֆուտբոլիստները 5 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 10 գնդակ:
Ընդ որում, 1995թ. սեպտեմբերի 6-ին Սկոպյեում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում 2-1 հաշվով տոնած հաղթանակը Հայաստանի հավաքականի համար առաջինն էր ընտրական մրցաշարերում:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները