Logo

Փլեյբոյին փոխարինել երիտասարդով և դարձնել լավագույնը. 21-րդ դարում «Մանչեսթեր Յունայթեդի» թոփ-10 տրանսֆերները

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 19.05.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
asas6as6 - Փլեյբոյին փոխարինել երիտասարդով և դարձնել լավագույնը. 21-րդ դարում «Մանչեսթեր Յունայթեդի» թոփ-10 տրանսֆերները

«Մանչեսթեր Յունայթեդը» դա Ալքես Ֆերգյուսոնն է, իսկ Ալեքս Ֆերգյուսոնը դա «Մանչեսթեր Յունայթեդն» է: Շոտլանդացին այնքան մեծ հետք է թողել այդ ակումբի պատմության մեջ, որ նրա ձեռագիրը երևում է նույնիսկ տրանսֆերներում: Վերջին 20 տարում «Յունայթեդը» մյուս շատ գրանդ ակումբներից տարբերվում էր կազմի կայունությամբ: Շոտլանդացին նախընտրում էր մեկ տարում ընդամենը 2-3 գործարք կատարել, բայց պայմանով, որ հնարավոր նորեկը պարտադիր պետք է բարձրակարգ լինի և օգուտ տա թիմին: Այդ դեպքում էական չէր, թե որքան մեծ կլինի գումարային փոխհատուցումը: Ֆերգյուսոնի տրանսֆերային քաղաքականությունը մասամբ պահպանվեց նաև նրա հեռանալուց հետո և դարձավ մի քանի հիանալի գործարքների բանալին: Այդուհանդերձ, 21-րդ դարում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն տրանսֆերների մեծ մասը գրանցվել են հենց սըր Ալեքսի օրոք:

VNews.am-ը շարունակում է 21-րդ դարում տարբեր ակումբների լավագույն տրանսֆերների շարքը (միայն նորեկների մասով): Այժմ հերթը «կարմիր սատանաներինն» է:

10. Պատրիս Էվրա՝ «Մոնակոյից». 8 մլն եվրո (2006 թվական)

«Մոնակոյում» անցկացրած 3,5 տարում Էվրան ապացուցեց, որ կարող է ավելի լուրջ թիմում խաղալ: Ֆրանսիացին «կարմրասպիտակների» հետ նույնիսկ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որում զիջեց Ժոզե Մոուրինյոյի «Պորտուին»: «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը կայացավ 2006 թվականի հունվարին: Մինչև այդ Ֆերգյուսոնը չէր կարողանում այնպիսի ձախ պաշտպան գտնել, որը կբետոներ իր տեղը մեկնարկային կազմում: Էվրան ռեակտիվ արագություն ուներ, ճարպիկ էր, լավ էր հարձակվում և պաշտպանվում: Այդ ամենը նպաստեցին նրան, որ ֆրանսիացին 8 տարի անցկացրեց Օլդ Թրաֆորդում և նվաճեց 14 տիտղոս:

evra 1 960x640 - Փլեյբոյին փոխարինել երիտասարդով և դարձնել լավագույնը. 21-րդ դարում «Մանչեսթեր Յունայթեդի» թոփ-10 տրանսֆերները

9. Մայքլ Քարիկ՝ «Տոտենհեմից». 27 մլն եվրո (2006 թվական)

Էվրայի տրանսֆերից կես տարի անց սըր Ալեքսը կատարեց իր երկրորդ հաջող գործարքը: Այն ժամանակ, «Տոտենհեմն» «հավերժ բարձունքին չհասած» ակումբ էր, բայց այնքան հարուստ չէր, որքան հիմա, ուստի ստիպված էր իր առանցքային խաղացողներին վաճառել գրանդներին: Քարիկն անմիջապես դարձավ «կարմիր սատանաների» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, որը կարողանում էր կապել պաշտպանությունը և հարձակումը: Քարիկը 464 խաղ անցկացրեց ՄՅՈւ-ի մարզաշապիկով, ինչն ակումբի պատմության վեցերորդ ցուցանիշն է: Հաշվի առնելով, որ այժմ անգլիացին «Յունայթեդի» մարզչական շտաբում է, ապա եթե տարիներ անց ֆուտբոլիստ+մարզիչ վիճակագրությունը դառնա ակտուալ, նա ավելի բարձր նշանակություն կստանա ակումբի համար, քան այժմ է:

carrick 960x598 - Փլեյբոյին փոխարինել երիտասարդով և դարձնել լավագույնը. 21-րդ դարում «Մանչեսթեր Յունայթեդի» թոփ-10 տրանսֆերները

8. Դավիդ դե Խեա՝ «Ատլետիկոյից». 25 մլն եվրո (2011 թվական)

Ֆուտբոլում 10 տարին պատկառելի թիվ է, անկախ թե դա ինչին է վերաբերում: Իսկ եթե ֆուտբոլիստը 10 տարի անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» պես հզոր ակումբում, ապա դա կրկնակի հիացմունքի առիթ է տալիս:

Դե Խեայի շուրջ իրավիճակը մի քանի տարին մեկ սրվում է: Նա սկզբում լուրջ խնդիրներ ուներ անգլիական ֆուտբոլին հարմարվելու, բարձրից անվերջանալի փոխանցումներին արձագանքելու և փորձառու պաշտպաններին հրահանգներ տալու հարցում: Հետո իսպանացին գտավ իր խաղը, բայց վրա հասավ «Ռեալը», փչացած ֆաքսը, և ամեն ինչ նորից սկսելու անհրաժեշտությունը: Սակայն դա դե Խեային ավելի ուժեղ դարձրեց և նա սկսեց իր կարիերայի ու միգուցե աշխարհի լավագույն խաղը ցուցադրել: Հետո եղավ ԱԱ-2018-ում ձախողումը, ռեկորդային աշխատավարձով պայմանագիրը և խաղային անկումը, ինչը բերեց մեկնարկային կազմից դուրս մնալուն: Հնարավոր է դե Խեայի օրերը հաշված են «Օլդ Թրաֆորդում», սակայն նա այս 10 տարում այնքան անգամ է փրկել ՄՅՈւ-ին, որ թիմի երկրպագուները միշտ երախտապարտ են լինելու և մեծ հարգանքով են հիշելու նրան:

de gea 960x631 - Փլեյբոյին փոխարինել երիտասարդով և դարձնել լավագույնը. 21-րդ դարում «Մանչեսթեր Յունայթեդի» թոփ-10 տրանսֆերները

7. Էդվին վան դեր Սար՝ «Ֆուլհեմից». 4 մլն եվրո (2005 թվական)

Հոլանդացի հանրահայտ դարպասապահը մինչև 31 տարեկանը խաղացել էր «Այաքսում» ու «Յուվենտուսում», այնուհետև տեղափոխվեց «Ֆուլհեմ»: Սովորաբար դա կարիերայի նահանջի ազդանշան է, բայց ոչ այս դեպքում: Վան դեր Սարը 34 տարեկանում տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» և արտակարգ նվաճումների հասավ: Նրա հետ միասին «Յունայթեդը» 11 տիտղոս նվաճեց և 3 անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որոնցից մեկում հաղթեց «Չելսիին»: 11-մետրանոց հարվածաշարում հենց հոլանդացին դարձավ հերոս՝ հետ մղելով Նիկոլա Անելկայի հարվածը:

van der sar 960x659 - Փլեյբոյին փոխարինել երիտասարդով և դարձնել լավագույնը. 21-րդ դարում «Մանչեսթեր Յունայթեդի» թոփ-10 տրանսֆերները

6. Բրունու Ֆերնանդեշ՝ «Սպորտինգից». 55 մլն եվրո (2020 թվական)

Տրանսֆեր, որը դարձել է «նոր Մանչեսթեր Յունայթեդի» խորհրդանիշը: Պորտուգալացին հենց առաջին խաղից դարձավ թիմի առաջատարը: Նման բան դժվար է նույնիսկ պատկերացնել: Բրունուն սպասվածից երկար մնաց «Սպորտինգում», բայց դա օգնեց նրա կայացմանը: Կիսապաշպանն Անգլիա եկավ հասուն տարիքում և միանգամից սկսեց գերիշխել:

Մեր ընտրանին

«Յունայթեդում» անցկացրած 1,5 տարում Ֆերնանդեշը 40 գոլ է խփել և 25 գոլային փոխանցում կատարել: Նման բարձր վիճակագրությամբ շատ ֆուտբոլիստներ չհայտնվեցին մեր թոփում, բայց Ֆերնանդեշի առավելությունն այն է, որ նա դեռ հնարավորություն ունի երկար տարիներ մնալ «Օլդ Թրաֆորդում»: Եթե ամեն ինչ այդպես լինի, տարիներ անց նմանատիպ թոփ կազմելիս Բրունուին հանգիստ կարող ենք պատկերացնել լավագույն եռյակում:

Bruno Fernandes 960x543 - Փլեյբոյին փոխարինել երիտասարդով և դարձնել լավագույնը. 21-րդ դարում «Մանչեսթեր Յունայթեդի» թոփ-10 տրանսֆերները

5. Ռիո Ֆերդինանդ՝ «Լիդսից». 46 մլն եվրո (2002 թվական)

Ֆուտբոլում թանկարժեք տրանսֆերը որոշելու համար բավական չէ նշել, թե տրանսֆերի գումարը որքան է կազմել: Հարկավոր է հաշվի առնել գնաճը: 1970 թվականին 10 մլն դոլարով կարելի էր ձեռք բերել աշխարհի լավագույն թիմերից մեկի ամբողջ մեկնարկային կազմը: Հիմա այդքան գումար գրանդները պահեստային դարպասապահի համար են ծախսում: Երբ մի օր բրիտանացի ֆինանսիստները որոշեցին տրանսֆերների չափսը որոշելու համար հաշվի առնել գնաճը, պարզվեց, որ Ռիո Ֆերդիդնանդի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ամենախոշորներից մեկն է պատմության մեջ:

Այդ գործարքն արդարացնելու համար անգլիացուն հարկավոր էր փառահեղ խաղ ցուցադրել և նա արեց դա: Ֆերդինանդը 12 տարի «Յունայթեդին» դարձրեց աշխարհի ամենահուսալի պաշտպանություն ունեցող թիմերից մեկը՝ անցկացնելով 455 խաղ և նույնիսկ դառնալով ԱՊԼ-ի չեմպիոն:

Rio Ferdinand Manchester United - Փլեյբոյին փոխարինել երիտասարդով և դարձնել լավագույնը. 21-րդ դարում «Մանչեսթեր Յունայթեդի» թոփ-10 տրանսֆերները

4. Նեմանյա Վիդիչ՝ «Սպարտակից». 10,5 մլն եվրո (2006 թվական)

Երբ Ֆերդինանդի կողքին սկսեց խաղալ սերբը, ձևավորվեց 21-րդ դարի լավագույն կենտրոնական պաշտպանների զույգերից մեկը (միգուցե, լավագույնը): Սերբը 8 տարի անցկացրեց «Օլդ Թրաֆորդում» և գրեթե կրկնեց Ֆերդինանդի բոլոր հաջողությունները:

Իհարկե, Ռիոն ավելի մեծ ներդրում ունի թիմի հաջողություններում և ավելի երկարակյաց է, սակայն տրանսֆերի ավելի ցածր գնի պատճառով մեր թոփում Վիդիչը շրջանցեց նրան:

3. Ռուդ վան Նիստելռոյ՝ ՊՍՎ-ից. 28,5 մլն եվրո (2001 թվական)

Դարի սկզբում համաշխարհային ֆուտբոլը դեռ գտնվում էր պաշտպանողական խաղի ստվերի տակ, բայց արդեն սկսում էր «դեպի լույսը գնալ»: Թիմերը հազվադեպ էին փորձում համարձակ խաղալ և նախաձեռնողի դերը կատարել, ինչի հետևանքով գնդակի վերահսկումը հազվադեպ էր անցնում 55 տոկոսը: Ընդ որում՝ դա վերաբերում է նաև թոփ ակումբներին: Այդ խառը ժամանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեց ՊՍՎ-ի 25-ամյա հարձակվող Ռուդ վան Նիստելռոյին (հերթական օրինակը, թե որքան կարևոր է բոլոր կողմերին չշտապել տրանսֆերի հարցում): Հոլանդացին անմիջապես սկսեց այն տարիների համար անհավանական արդյունավետություն ցուցադրել: Նա 5 տարում 150 գոլ խփեց «կարմիր սատանաների» կազմում: Վան Նիստելռոյը 3 անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու, 1 անգամ էլ՝ Պրեմիեր լիգայի: Այդպես Ռուդի անունը դարձավ գոլի հոմանիշ:

ruud van nistelrooy celebrates a uefa champions league goal for manchester united 960x585 - Փլեյբոյին փոխարինել երիտասարդով և դարձնել լավագույնը. 21-րդ դարում «Մանչեսթեր Յունայթեդի» թոփ-10 տրանսֆերները

2. Ուեյն Ռունի՝ «Էվերտոնից». 37 մլն եվրո (2004 թվական)

21-րդ դարում Անգլիայում շատ հրաշամանուկներ են եղել, բայց ոչ ոք այդքան մեծ աղմուկ չի առաջացրել, որքան Ուեյն Ռունին: Նա 17 տարեկանում Անգլիայի հավաքականի հետ մեկնեց Եվրոպայի առաջնության և դարձավ մրցաշարի գլխավոր բացահայտումներից մեկը: Ալեքս Ֆերգյուսոնը չէր կարող բաց թողնել այդ տաղանդին, այլապես նա կհավերժացներ այլ թիմերի մարզիչների անունները: Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը Ռունին տեղափոխվեց Մանչեսթեր: Արդեն նրա նորամուտի խաղից բոլորը համոզվեցին, որ արժեր պատանու համար 37 մլն եվրո վճարել, որովհետև նա անմիջապես հեթ-տրիկի հեղինակ դարձավ:

Հետագան արդեն կանխատեսելի էր: Ռունին դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը, ընդ որում ժամանակի ընթացքում բացահայտվեց որպես խաղարկող: ՄՅՈւ-ի կազմում նա 16 տիտղոս նվաճեց: 559 խաղում Ռունին դարձավ 253 գոլի և 146 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև շրջանցեց Բոբի Չառլտոնին՝ դառնալով «Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն:

rooney - Փլեյբոյին փոխարինել երիտասարդով և դարձնել լավագույնը. 21-րդ դարում «Մանչեսթեր Յունայթեդի» թոփ-10 տրանսֆերները

1. Կրիշտիանու Ռոնալդու՝ «Սպորտինգից». 19 մլն եվրո (2003 թվական)

Երբ Դևիդ Բեքհեմը բազմաթիվ սկանդալներից հետո տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», «Յունայթեդի» երկրպագուներին հուզում էր երկու հարց. ով կկարողանա փոխարինել թիմի գլխավոր աստղին և ում կտան նրա 7 համարը: Երկու հարցի պատասխանը դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Սկզբնական շրջանում պորտուգալացու խաղը երկակի տպավորություն էր թողնում: Նա խելահեղ խաբքերի էր տիրապետում, շատ արագ էր, բայց թերանում էր գրոհների եզրափակման գործում և չարաշահում էր անհատական խաղը: Մեկ խոսքով՝ Ռոնալդուի արդյունավետությունը վիճելի էր: Ամեն ինչ փոխվեց 2006 թվականի Մունդիալից հետո: Կրիշտիանուն Անգլիա վերադարձավ կերպարանափոխված: Նա անմիջապես սկսեց ցուցադրել այն խաղը, որի շնորհիվ արագորեն դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ռոնալդուն այլևս անիմաստ խաբքի չէր դիմում, այլ հենց առիթ էր ընձեռնվում, հարվածում էր: Նրա հարվածն անորսալի էր դարձել: Կրիշտիանուն գոլեր էր խփում բոլոր տարածություններից, երկու ոտքերով և գլխով: Արդեն 2006/07 մրցաշրջանում «Յունայթեդը» վերադարձրեց չեմպիոնի կոչումը, որից զրկված էր 2002 թվականից: Հաջորդ տարի Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գոլ խփեց, ինչը թիմին օգնեց նվաճել պատվավոր տիտղոսը: Զուգահեռաբար նրանք պահպանեցին ԱՊԼ-ի չեմպիոնի կոչումը: Հաջորդ տարի կրկին Պրեմիեր լիգան նրանցն էր, բայց եղավ պարտություն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Նրանց ճանապարհին կանգնեց Գվարդիոլայի «Բարսելոնան», որի կազմում փայլում էր Լիոնել Մեսին: Ռոնալդուն որոշեց մեկնել Իսպանիա և անձամբ ձեռնոց նետել հանդուգն արգենտինացուն:

Երկար բանակցություններից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 2009 թվականին համաձայնեց ռեկորդային 94 մլն եվրոյով վաճառել իր առաջատարին: Այդպես նա դարձավ ֆուտբոլիստ, որը հսկայական խաղային օգուտ տվեց անգլիական գրանդին, նրա կազմում դարձավ աշխարհում լավագույնը, իսկ հետո նաև ռեկորդային գումար բերեց ակումբի բյուջե:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա