Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկին մնացել են հաշված ժամեր: Հայաստանի հավաքականն այս առաջնությունում ներկայացված է լինելու բոլոր քաշային կարգերում: Ճիշտ է՝ ԵԱ-ն Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշ չի տալու, սակայն մեր ըմբիշները լուրջ շարժառիթ ունեն իրենց ամբողջ ունակությունները գորգի վրա ի ցույց դնելու համար: Նախ և առաջ, ԵԱ-ն ճանապարհ է դեպի Մինսկում այս ամռանը կայանալիք Եվրոպական խաղեր, և հետո մարզչական շտաբին պետք է ապացուցել, որ իրենք կարող են պայքարել Օլիմպիական ուղեգրի համար սեպտեմբերին Նուրսուլթանում կայանալիք աշխարհի առաջնությունում, որում սխալներն ու վրիպումներն անթույլատրելի են: Հենց այդ պատռճառով է, որ թեև Արթուր Ալեքսանյանը ապաքինվել է վնասվածքից, բայց ԱԱ-ին կատարյալ մարզավիճակով մոտենալու համար որոշում է կայացվել «Ճերմակ արջին» չգործուղել Բուխարեստ:
Կարելի է նաև հստակ ասել, որ առաջատար հավաքականները ու ըմբիշները չեն մոտենալու այս ստուգատեսին ողջ արսենալով ու հնարավոր է, որ ականատես լինենք խնայողական ռեժիմով գոտեմարտերի լավագույնների կատարմամբ: Ոչինչ անձնական, պարզապես ուժերի ճիշտ բաշխում: Սա առաջին հերթին հնարավորություն է մեր երիտասարդների համար դրսևորել իրենց ու ձեռք բերել մարզիկի համար շատ կենսական ինքնավստահություն սեփական ուժերի նկատմամբ:
VNews.am-ը առաջարկում է առանձին-առանձին ծանոթանալ մեր ըմբիշների հետ ու հասկանալ, թե ինչ կարող ենք ակնկալել նրանցից:
Ռուդիկ Մկրտչյան (55 կգ)
Թեթև քաշային կարգում Հայաստանը դեռևս ընդգծված առաջատար չունի: Նախորդ տարվա գլխավոր մրցաշարերում (բացի Եվրոպայի առաջնությունից) Հայաստանը ներկայացրեց Նորայր Հախոյանը, որն էլ անմասն մնաց գլխավոր պարգևներից: Վնասվածքից ապաքինված Ռուդիկն էլ փայլեց Հայաստանի գավաթի խաղարկությունում, հաղթեց Նորայրին ու կանգնեց պատվո հարթակի ամենավերին աստիճանին: Ռուդիկը նաև հաղթեց այս տարվա սկզբում կայացած Նիսի մրցաշարում, այնպես որ, կասկածներ չունենք, որ գորգում կայծակնային արագություն ունեցող Ռուդիկը առնվազն պատվով կներկայանա Եվրոպայի առաջնությունում: Մկրտչյանի ամենալուրջ մրցակիցը իր քաշային կարգում ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլին է, որը աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնն է: Պետք չէ նաև անտեսել թուրք Էկրեմ Օզտյուրկին ու Նուգզար Ցուրցումիային:
Գևորգ Ղարիբյան (60 կգ)
Այս քաշային կարգում վերջին տարում փայլել է ռուս Սերգեյ Էմելինը, որը նվաճել է գլխավոր մրցանակը թե՛ Կասպիսկում, թե՛ Բուդապեշտում: Իսկ հայ մարզիկը դեռևս կատարելագործման փուլում է: Այս տարի Ղարիբյանը արդեն հասցրել է բրոնզե մեդալ նվաճել Նիսի մրցաշարում: Դեռ ավելացնելու տեղ կա, ու այս առաջնության սցենարը պարզապես իդեալական է Ղարիբյանի համար, որը նաև չպետք է մոռանալ մեր ազգային ընտրանու առկա մրցակցության մասին: Արմեն Մելիքյանն ու Տիգրան Մինասյանը սպասում են շանսին դրսևորելու իրենց նման խոշոր հարթակում:
Սլավիկ Գալստյան (63 կգ)
Եթե վերոնշյալ ըմբիշների պարագայում խուսափում էի նշել, որ նրանք կարող են պայքարել բարձր հարգի մեդալների համար, ապա Սլավիկի դեպքում պահը հասունացել է: Ըմբիշի համար անսովոր կառուցվածք ունեցող Գալստյանը նախորդ տարի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում իր նորամուտից հետո զգալիորեն բարելավել է: Այս տարվա մարտին տեղի ունեցած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունումմեր նրա գոտեմարտերը խոսքերիս վառ ապացույցն է: Եզրափակիչում Սլավիկը մարտնչեց, սակայն վերջնամասում զգոնությունը թուլացրեց, զիջեց վրացի ըմբիշին՝ բավարարվելով միայն արծաթե մեդալով: Նման պարտություններ, երևի թե, բոլոր մարզիկների կարիերայում լինում են: Անխոս ուսանելի ինչ-որ առումով: Բայց տաղանդը դրանից չի կորում, այնպես որ, Սլավիկից ակնկալում ենք միայն 100 տոկոսանոց ելույթ: Բայց մրցակիցների տեսանկյունից բարդ առաջադրանք է. Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Ստեփան Մարիանյանը լավ մարզավիճակում է ու ԵԱ-ի է մեկնելու աշխարհի չեմպիոնի տիտղոսով: