Logo

«Ոսկե գնդակի» տիրակալները. մարզվում էր պատերազմի ձայների ներքո, բայց դարձավ լավագույնն աշխարհում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 20.05.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
nz fifa 041218 - «Ոսկե գնդակի» տիրակալները. մարզվում էր պատերազմի ձայների ներքո, բայց դարձավ լավագույնն աշխարհում

Մոդրիչի կյանքի առաջին գնդակները ոսկուց չէին: Ավելին՝ դրանք ֆուտբոլային գնդակներ չէին ու արտադրված չէին սպորտային ընկերությունների կողմից: Բայց այդ գնդակները Լուկայի կյանքում մեծ հետք են թողել: Դրանք տարբեր զինատեսակների գնդակներ էին, որոնք սավառնում էին խորվաթական երկնքում՝ այն քաղաքում, որտեղ ծնվել և մեծացել է Մոդրիչը, բայց նույնիսկ այդ «չար» գնդակները չկարողացան խանգարել այս ֆուտբոլիստին նվաճել «Ոսկե գնդակը»:

Առաջին քայլերը ֆուտբոլում՝ պատերազմի ու կրակի ձայների ներքո

Մոդրիչի կյանքը սկսել է մեծ դժվարություններով: Այդ տարիներին խորվաթա-սերբական պատերազմը թեժ փուլում էր: Երբ Մոդրիչը դեռ 6 տարեկան էր, սերբ զինվորները սպանել են Լուկայի պապիկին (որի անունը նույնպես եղել է Լուկա), այրել են նրա տունը, իսկ Մոդրիչի ընտանիքը փախել է Զադար, որտեղ էլ ծնվել է ապագա աստղը: Մոդրիչի ընտանիքը ժամանակավոր բնակություն է հաստատում Զադարի «Կոլովարե» հյուրանոցում, որտեղ ընդունում էին փախստականներին, և հենց այստեղ էլ փոքրիկ Լուկան տարվում է ֆուտբոլով:

Una de sus fichas en el Zadar

«Ես լսել էի մի տղայի մասին, որն օրը 24 ժամ փախստականների հյուրանոցի միջանցքներում ու այդ հյուրանոցի ավտոկայանատեղիում ֆուտբոլ էր խաղում, իսկ հետո վերցնում էր գնդակն ու այն գրկած քնում: Նա փոքրիկ էր իր տարիքի համար, բայց ինչ-որ առանձնահատուկ բան ուներ», – նշում է Մոդրիչի առաջին մարզիչ Յոսիպ Բալյոն: Այս մասնագետը տեսնում է Լուկիտայի խաղը, ինչից հետո ընդունում նրան տեղի «Զադար» ֆուտբոլային ակումբի ակադեմիա: 1990-ականներին պատերազմը դեռ շարունակվում էր, Մոդրիչն ու ընկերներն էլ մարզվում էին կրակի ձայների ներքո. «Հիշում եմ՝ որքան հաճախ էր պատահում, երբ մարզվում էինք, ու մի քանի կմ այն կողմ ականներ էին պայթում, կրակոցներ հնչում ու մենք մարզումը կիսատ թողնելով փախչում էինք մարզաբազայի ապաստարաններ», – նշում է Մոդրիչի մանկության ընկերներից Մարիյան Բուլյատը: Այսպես՝ Մոդրիչի ապաստարանն ու փախուստն էլ դարձավ ֆուտբոլը՝ դաժան իրականությունից:

Դաժան մանկությունն ինձ սովորեցրեց երբեք չհանձնվել՝ նույնիսկ ամենածանր պայմաններում. Մոդրիչ

Նոր դժվարություններ, բայց մեծ թռիչքներ կարիերայում

«Զադարում» Մոդրիչը ցույց է տալիս իր խաղի լավ կողմերը, բայց նրան մանկապատանեկան տարիքում շատ է օգնում ակումբի մարզական տնօրեն Տոմիսլավ Բասիչը, որին ֆուտբոլիստը համարում է իր «մարզական հայրը»: Բայց Մոդրիչը մի օր «դավաճանում» է իր ավագ ընկերոջն ու առանց նրա իմացության գնում է այդ ժամանակ խորվաթական ամենահայտնի ակումբի՝ «Հայդուկի» դպրոց՝ փորձաշրջան անցնելու: «Հայդուկում» նրան չեն ընդունում՝ պատճառաբանելով, որ Լուկան չունի համապատասխան ֆիզիկական տվյալներ: Մոդրիչն, իսկապես, կարճահասակ է (172 սմ), բայց այն երբեք չի խանգարել նրան փայլել խաղադաշտում: «Հայդուկում» հիմա հաստատ ընդունում են, որ Մոդրիչին չընդունելն ակումբի պատմության ամենասխալ որոշումն է եղել:

«Զադար» վերադարձած Մոդրիչը «հարված» է ստանում Բասիչից՝ իր գաղտնի քայլի համար. «Եթե քեզ չեն ընդունել «Հայդուկում», ուրեմն չես կարող մարզվել նաև «Զադարում», – ասում է Բասիչն ու մի քանի շաբաթով հեռացնում Մոդրիչին մարզումներից: Այս «ապտակը» լավ դաս է լինում Լուկայի համար ու նա նոր ոգևորվածությամբ շարունակում է մարզվել ու ապացուցել բոլորին, որ փոքրամարմին լինելն իրեն չի խանգարելու դառնալ թոփ ֆուտբոլիստ: Հետագայում Մոդրիչը լավ հարաբերություններ է պահպանում Բասիչի հետ, որը դառնում է իր հարսանիքի կնքահայրը:

Luka, son su padrino deportivo, Basic, fallecido en 2014

14 տարեկանում Մոդրիչին նկատում են մեկ այլ խորվաթական անվանի ակումբից՝ «Դինամո Զագրեբից»: Այստեղ էլ Մոդրիչն անցկացնում է 5 մրցաշրջան, վարձակալությամբ խաղում է «Զրինսկի Մոստար» և «Ինտեր Զապրեսիչ» ակումբներում ու դառնում է «պատրաստի» ֆուտբոլիստ՝ եվրոպական թոփ առաջնություն տեղափոխվելու համար: 2008-ին «Դինամոյի» դուռը թակում են Լոնդոնից. «Տոտենհեմն» առաջարկում է 16.5 միլիոն ֆունտ, որը Զագրեբը ներկայացնող ակումբը չի կարողանում մերժել, և «Տոտենհեմն» իրականացնում է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն այդ ժամանակ:

Հարի Ռեդնապի թիմում Մոդրիչն իր տեղն է գտնում ֆուտբոլային քարտեզում: Պրեմիեր լիգայում անցկացրած տարիներին նա փորձի ու խաղային նոր հմտությունների մեծ պաշար է հավաքում, կարողանում է դիմակայել ֆիզիկական պայքարին ու արագ ռիթմին: Խաղալով դաշտի կենտրոնում՝ Մոդրիչն այդ ժամանակ Վան դեր Վարտի, Բեյլի, Կրաուչի ու մյուսների հետ կարողանում է «Տոտենհեմի» համար նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր՝ 50 տարվա դադարից հետո: Մոդրիչի «Տոտենհեմը» 2010/11 մրցաշրջանում ՉԼ-ում հասնում է մինչև 1/4 եզրափակիչ, որտեղ պարտվում է «Ռեալին» ու լավ տպավորություն թողնում մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վրա:

Luka Modric reveals just how close he came to a Chelsea transfer after Roman Abramovich meeting - football.london

Այդ դիմակայությունից 1 տարի անց պորտուգալացի մասնագետի խնդրանքով «Ռեալը» գնում է Մոդրիչին, բայց այդ տրանսֆերի գործընթացն էլ փոքրիկ պատերազմ է դառնում խորվաթ ֆուտբոլիստի համար: 2012-ի ամբողջ ամռան ընթացքում Մոդրիչը խնդրում է բաց թողնել իրեն, բայց «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին հրաժարվում է անել դա: Ֆուտբոլիստը, ստիպված, բոյկոտ է հայտարարում ու չի ներկայանում թիմի մարզումներին: Լևին, ի վերջո, տեղի է տալիս, ու Մոդրիչը տեղափոխվում է Մադրիդ:

Վատագույն տրանսֆերից՝ տասնամյակի կիսապաշտպան

Երկրպագուները Մոդրիչին ճանաչում են որպես թիմի լավագույն կիսապաշտպան, բայց նրա մեկնարկը Մադրիդում լավագույններից չէր: «Ռեալում» իր առաջին մրցաշրջանում՝ 2012/13-ին Մոդրիչը հիմնականում պահեստային էր, քանի որ Մոուրինյոն դաշտի կենտրոնում նախընտրում էր տեսնել Ալոնսո-Խեդիրա զույգին: Քիչ խաղաժամանակով ու ոչ այնքան հաջող ելույթներով աչքի ընկնող Մոդրիչը Marca-ի քվեարկության արդյունքներով ճանաչվում է տարվա վատագույն տրանսֆերը «Ռեալի» համար:

Մոդրիչի համար ամեն ինչ փոխվում է 2013-ին, երբ թիմը գլխավորում է Կառլո Անչելոտին: Խաբի Ալոնսոյի հետ խորվաթ կիսապաշտպանը կազմում է հիասքանչ զույգ 2013/14 մրցաշրջանում. իսպանացին այդ տարի գործում է խորքից ու կատարում քանդող հենակետայինի պարտականություններ, իսկ Մոդրիչը, թիկունքում զգալով Ալոնսոյի աջակցությունը, գործում է ավելի ազատ ու ցույց տալիս իր խաղային պոեզիան մի մրցաշրջանում, որում «Ռեալը» նվաճում է այդքան սպասված «Լա Դեսիման»՝ Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը: Իսկ հիշո՞ւմ եք՝ ով եզրափակիչում անկյունայինից գնդակն իջեցրեց Ռամոսի գլխին՝ դարակազմիկ գոլի ժամանակ:

Մեր ընտրանին

2015-ին «Պորտուից» վարձակալությունից «Ռեալ» է վերադառնում Կազեմիրոն, ու «Արքայական ակումբն» ունենում է իր պատմության ամենահզոր կիսապաշտպանության գիծը: Կազեմիրոն, որ քանդում, կասեցնում ու կանխում է մրցակցի գրոհները, Կրոսը, որ վերահսկում է գնդակը դաշտի կենտրոնում, կատարում ճշգրիտ փոխանցումներ, և Մոդրիչը, որն այս հարցերում օգնում է Կազեմիրոյին ու Կրոսին, ինչպես նաև կատարում չափազանց մեծ ծավալի աշխատանք, վերցնում գնդակն ու շարժվում առաջ, թելադրում խաղի տեմպը, նվագում իր նախընտրելի երաժշտությունը, ձկան պես լողում մրցակցի պաշտպանության շերտերի արանքում: Կենտրոնով ունենալով այս եռյակը, իսկ առջևում՝ Կրիշտիանու Ռոնալդու, «Ռեալը» 3 անգամ անընդմեջ նվաճում է Չեմպիոնների լիգան: Եթե 2000-ականների լավագույն կիսապաշտպաններն էին Զիդանը, Սքոուլզը, Լեմպարդն ու Ջերարդը, ապա 2010-ականներին այդ կիսապաշտպանների «փառքի սրահում» հայտնվեց Մոդրիչի անունը: Թե բա՝ վատագույն տրանսֆեր…

The Key to Glory for Every Champions League Semi Finalist - The Cult of Calcio

2018. տարի, երբ Մոդրիչը հաղթեց իր կյանքի պատերազմում ու նվաճեց ամեն ինչ

2018 թվականը Մոդրիչի կարիերայի կուլմինացիան է ու, անկասկած, լավագույն տարին:

Տարվա հենց սկզբից Մոդրիչի «Ռեալը», որն ամենևին էլ իր լավագույն մրցաշրջանը չէր անցկացնում Լա լիգայում, մեկը մեկի հետևից հաղթեց եվրոպական ամենաուժեղ գրանդ ակումբներին: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալը» հաղթեց ՊՍԺ-ին, 1/4-ում՝ «Յուվենտուսին», կիսաեզրափակիչում՝ «Բավարիային», իսկ եզրափակիչում արդեն «Լիվերպուլին»: Բոլոր այս հաղթանակներում դաշտի կենտրոնում իր վստահ խաղով մեծ ներդրում ունեցավ Մոդրիչը:

Եթե «Ռեալի» հետ ՉԼ-ն հաղթելն առանձնակի սխրագործություն չէ, ապա Խորվաթիայի հավաքականի հետ միջազգային մրցաշարում հեռուն գնալն, իսկապես, հերոսություն է: Ռուսաստանում կայացած Մունդիալում՝ Բրազիլիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի ու մյուս հսկաների կողքին Խորվաթիայի հավաքականը հասավ մինչև եզրափակիչ, որին առաջնորդում էր Մոդրիչը: Լուկան խմբային փուլում ֆանտաստիկ խաղ անցկացրեց Մեսիի Արգենտինայի ընտրանու դեմ, որը նշանավորեց գեղեցիկ գոլով: Խորվաթիան հաղթահարեց Ռուսաստանի, Դանիայի ու Անգլիայի ընտրանիների արգելքը, ու միայն եզրափակիչում պարտվեց ֆրանսիացիներին: Մոդրիչը դարձավ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ՝ առաջ անցնելով Էդեն Ազարից ու Անտուան Գրիզմանից:

2018 FIFA World Cup™ - News - Modric dreaming of a Croatian fairy tale - FIFA.com

1 ամիս անց՝ օգոստոսին Մոդրիչը ստացավ ՈւԵՖԱ-ի 2017/18 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչումը, իսկ սեպտեմբերին նվաճեց ՖԻՖԱ-ի The Best մրցանակը՝ «հաղթելով» Ռոնալդուին ու Սալահին:

Բայց Մոդրիչի մեծագույն նվաճումը դեկտեմբերի 3-ին էր, երբ նա ընդհատեց Ռոնալդուի ու Մեսիի հեգեմոնիան և դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր. «Սա ավելին էր, քան պարզապես երազանք: Ես միշտ եմ ասել, որ լավագույն բաները երբեք հեշտ չեն տրվում», – ասաց Մոդրիչը մրցանակը ստանալիս:

Modric, en distintas fotos de su infancia y con el Balón de Oro

Ահա այսպես էլ՝ մեծանալով պատերազմի պայմաններում, մարզվելով հրթիռների ձայների ներքո, կարիերայում ունենալով բազմաթիվ դժվարություններ, շատ դեպքերում լինելով թերագնահատված, Լուկա Մոդրիչը լծվեց աշխատանքին ու դարձավ 21-րդ դարի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Մոդրիչը վիճակագրության, գոլերի, ասիստների ու թվերի մասին չէ: Մոդրիչը ֆուտբոլիստ է, որ անդադար վազում է խաղադաշտում և ոչնչից, մեկ փոխանցումով կամ որոշումով ստեղծում գոլային պահ: Մինչև հիմա էլ՝ 35 տարեկանում նա խաղում է ավելի լավ, քան շատ թոփ ու երիտասարդ ֆուտբոլիստներ: Ինչպես պապս է սիրում ասել՝ «Պուդրիչը «Ռեալի» լոկոմոտիվն ա»…

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա