Logo

3 հայ ֆուտբոլիստ, որ անսպասելիորեն մնացել է առանց ակումբի

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 16.04.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
70185754 10162417828075247 7981552345672581120 n - 3 հայ ֆուտբոլիստ, որ անսպասելիորեն մնացել է առանց ակումբի

Հայկական ֆուտբոլային իրականության մեջ նորմալ երևույթ է, որ տեղի ակումբներում երկար ժամանակ հանդես եկած և որոշակի հաջողություններ գրանցած ֆուտբոլիստը կարող է հանկարծակիորեն անհետանալ տեսադաշտից:

Ընթացիկ մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր լիգան լքեցին մարզային 2 ակումբներ՝ «Գանձասար-Կապանն» ու «Լոռին»: Կապանյան ակումբում գերազանցապես խաղում էին հայ ֆուտբոլիստներ, ու նրանց մեծ մասին հաջողվեց նոր թիմեր գտնել: Լոռու մարզը ներկայացնող ակումբում հիմնականում արտասահմանցիներ էին հանդես գալիս, և թե՛ նրանք, թե՛ տեղացի խաղացողներն արդեն սկսել են նոր աշխատավայրի փնտրտուքները:

Ներկայացնում ենք 3 հայ ֆուտբոլիստների, որոնք ձմռանից հետո անսպասելիորեն մնացել են առանց ակումբի, բայց, ինչպես տեղեկացանք նրանց հետ զրույցներից, չեն ավարտել կարիերան ու մտադիր են շարունակել գործունեությունը: Առանձնացրել ենք խաղացողների, որոնք բավականին լավ ֆուտբոլային տարիքում են և արդեն հասցրել են իրենց մասին խոսել տալ՝ գրանցելով որոշակի հաջողություններ:

Արման Մելիքսեթյան

25 տարեկան, դարպասապահ

Վերջին ակումբը՝ «Գանձասար-Կապան»

Gandzasar vs NOAH 23 960x640 - 3 հայ ֆուտբոլիստ, որ անսպասելիորեն մնացել է առանց ակումբի

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Արմանը Հայաստանի հավաքականում 4 խաղ անցկացրած, ներկայումս «Արարատում» հանդես եկող դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի եղբայրն է: Բարձրագույն խմբում ելույթները սկսել է 2014 թվականին՝ պաշտպանելով «Արարատի» դարպասը: Այնտեղ անցկացրած միայն 4-րդ մրցաշրջանում հաջողվեց որոշակիորեն ամրապնդվել մեկնարկային կազմում՝ մասնակցելով առաջնության 9 հանդիպման: «Արարատը» 2017/18թթ․ առաջնությունն ավարտեց հետնապահի դերում, բայց դարպասապահին հարցերը քիչ էին, որովհետև Արմանը յուրաքանչյուր խաղում բազմաթիվ «սեյվերի» հեղինակ էր դառնում՝ փրկելով իր թիմին: Այդ ամենը չվրիպեց Արթուր Պետրոսյանի ուշադրությունից:

Մ21 հավաքականում 2 խաղ անցկացրած Մելիքսեթյանը 2017թ․-ի նոյեմբերին առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային թիմ, բայց նախատեսված ընկերական հանդիպումներին չմասնակցեց: 2018/19թթ․ մրցաշրջանն անցկացրեց «Արցախում» (ներկայիս «Նոայում»), Բարձրագույն խմբում մասնակցեց 18 մրցավեճի: Նոր մրցաշրջանի սկզբում 4 անգամ մտավ ասպարեզ, ինչից հետո իր տեղը զիջեց թիմի նորեկ Վալերիո Վիմերկատիին: 2019թ․-ի սեպտեմբերին հասցրեց արդեն Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք ևս մեկ անգամ հրավիրվել ազգային հավաքական, թեև իտալացիների ու բոսնիացիների դեմ ընտրական խաղերին չհայտավորվեց: Չստանալով բավարար խաղաժամանակ՝ 2020թ․-ի ձմռանը համալրեց «Գանձասար-Կապանի» կազմը, բայց այնտեղ էլ մինչև ակումբի լուծարումը մասնակցեց ընդամենը 3 մրցավեճի:

07.09.2019 Armenia pre match 19 960x640 - 3 հայ ֆուտբոլիստ, որ անսպասելիորեն մնացել է առանց ակումբի

Արման Մելիքսեթյան․ «Այս պահին անհատական ծրագրով մարզումներ եմ անցկացնում Երևանի ԲԿՄԱ-ի հետ: Ձմռանը կար «Ալաշկերտին» միանալու տարբերակ, բայց քանի որ Դավիթ Յուրչենկոն միացավ այդ ակումբին, տեղափոխությունը չկայացավ: Անպայման մտադիր եմ շարունակել կարիերաս ու ամռանը նոր ակումբ կունենամ: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում, ինչպես գիտեք, շատ են լեգեոներ-դարպասապահները, կան նաև թիմեր, որտեղ այդ դիրքի միանգամից 2 արտասահմանցիներ են հայտավորված: Այդուհանդերձ, նոր մրցաշրջանից առաջ կլինեն նաև Առաջին խմբից բարձրացող թիմեր: Կփորձեմ հարմար տարբերակ գտնել»:

Հայկ Գալստյան

23 տարեկան, հարձակողական ոճի կիսապաշտպան

Վերջին ակումբը՝ «Ալաշկերտ»

21557694 517302188613068 5444279031619677635 n - 3 հայ ֆուտբոլիստ, որ անսպասելիորեն մնացել է առանց ակումբի

«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում

Գալստյանը ֆուտբոլիստ է, որի մասին վերջին տարիներին բազմիցս է խոսվել: Նա համարվում էր Հայաստանի ամենահեռանկարային խաղացողներից մեկը, որ ուշ թե շուտ պետք է առաջատար ֆուտբոլիստ դառնար ազգային հավաքականում: Այդուհանդերձ, դա ինչ-ինչ պատճառներով առայժմ տեղի չի ունեցել: Պատանեկան տարիքում «Միկայում» գերտպավորիչ խաղերից հետո Եվրոպայում շատերը սկսեցին հետաքրքրվել Գալստյանով, տեղափոխվեց Գերմանիա: Ելույթները սկսեց «Հոֆենհայմի» Մ19 թիմում, ապա միացավ «Բոխումի» նույն տարիքային թիմին: Այնտեղ 2 մրցաշրջանում Բունդեսլիգայի Մ19 առաջնությունում մասնակցեց 21 մրցավեճի՝ խփելով 6 գոլ:

Դրան հաջորդեց գերմանական մեկ այլ ակումբ՝ «Շտուտգարտ» տեղափոխությունը: 2017/18թթ․ մրցաշրջանում Գերմանիայի 4-րդ Բունդեսլիգայում 20 խաղ անցկացրեց (միայն 5-ը՝ մեկնարկային կազմում) ու դարձավ 1 գոլի հեղինակ: Գալստյանը մարզվում էր ակումբի առաջին թիմի հետ և հույս ուներ շուտով նորամուտը նշել նաև գլխավոր Բունդեսլիգայում: Սակայն հաջորդ մրցաշրջանում նույնիսկ երկրորդ թիմում որևէ խաղի չմասնակցեց, 6 ամիս էլ բացակայեց վնասվածքի պատճառով: Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում ելույթ ունեցած ֆուտբոլիստը 2020թ․-ի ձմռանը միացավ «Ալաշկերտին», բայց այնտեղ 1 տարում դաշտում ընդհանուր միայն 7 րոպե անցկացրեց:

IMG 0962 - 3 հայ ֆուտբոլիստ, որ անսպասելիորեն մնացել է առանց ակումբի

Հայկ Գալստյան․ ««Ալաշկերտից» հեռացա քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով: Ձմռանը հայկական այլ ակումբ տեղափոխվելու տարբերակ չի եղել: Ներկա պահին Գերմանիայում եմ: Մարզվում եմ անհատական ծրագրով, որպեսզի ամռանը նոր ակումբ գտնեմ: Ինչ վերաբերում է կարիերայի շարունակության հնարավոր տարբերակներին, ապա այս պահին հստակ ոչինչ չկա: Դժվար թե խաղամ Հայաստանում, ավելի հավանական է՝ հանդես գամ արտասահմանում: Ներկա պահին չունեմ գործակալ, որը զբաղվում է այդ հարցերով»:

Վահագն Հայրապետյան

23 տարեկան, հենակետային կիսապաշտպան

Վերջին ակումբը՝ «Ալաշկերտ»

13.09.2020 Alashkert 1 2 Urartu 27 960x640 - 3 հայ ֆուտբոլիստ, որ անսպասելիորեն մնացել է առանց ակումբի

Բայդաչնի. «Հայկական թիմերն ունեն դրական կողմ, որը նաև ազգային հավաքականում եմ տեսնում»

Հայրապետյանը նախորդ 4 մրցաշրջաններում կայուն խաղաժամանակ է ստացել Բարձրագույն խմբում: «Փյունիկում» 2016-2018թթ․ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 61 անգամ, «Ալաշկերտում» նախորդ առաջնությունում՝ 22 (11-ում՝ մեկնարկային կազմում): Փոքրամարմին, բայց ագրեսիվ և ավելի շատ քանդող ոճի հենակետային Հայրապետյանը «Փյունիկում» Հայաստանի չեմպիոն է հռչակվել: Առավել հիշարժան է 2018թ․-ի եվրագավաթային ամառը, երբ «Փյունիկն» Անդրեյ Տալալաևի գլխավորությամբ հասավ մինչև Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ: Հայրապետյանն առանցքային օղակ էր այդ թիմում՝ մեկնարկային կազմում մասնակցելով բոլոր 6 խաղերին:

«Ալաշկերտում» ևս սկզբում ամեն ինչ հարթ էր անցնում: Բացի առաջնությունում ստացած խաղաժամանակից, 2019թ․-ի ամռանը հիմնական կազմում անցկացրեց «Ալաշկերտի»՝ Եվրոպա լիգայի որակավորման փուլում բոլոր 4 հանդիպումները, դարձավ 1 գոլային փոխանցման հեղինակ: Բարձրագույն խմբի այդ տարվա առաջնությունում էլ խփեց 1 գոլ ու կատարեց 1 արդյունավետ փոխանցում: Պատանեկան և երիտասարդական հավաքականներում հանդես եկած խաղացողը դիտարկվում էր նաև որպես ազգային ընտրանու թեկնածու, թեպետ այդպես էլ հրավեր չստացավ երկրի գլխավոր թիմից: «Ալաշկերտում» այս մրցաշրջանում միայն 1 հանդիպում անցկացրեց ու ձմռանը լքեց թիմը:

Alashkert vs FCSB 20 960x640 - 3 հայ ֆուտբոլիստ, որ անսպասելիորեն մնացել է առանց ակումբի

Վահագն Հայրապետյան․ «Աճուկի վնասվածք ունեի, որից արդեն ապաքինվել եմ, վերականգնողական գործընթացն անցյալում է: Անհատական ծրագրով մարզումներ եմ անցկացնում: Առայժմ որևէ կոնկրետ առաջարկ չեմ ստացել հայկական ակումբներից: Ամռանը, հնարավոր է, լինի կարիերան շարունակելու հստակ տարբերակ: Չունեմ գործակալ կամ պայմանագիր որևէ գործակալության հետ, որ նրանք զբաղվեն այդ գործընթացով: Կան ծանոթներ, որոնք ինձ փորձում են օգնել նոր ակումբ գտնելու հարցում»:

Կապառոսի տղաները․ համաշխարհային ֆուտբոլի 7 բացահայտում, որ կատարել է մեր հավաքականի մարզիչը

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: