Logo

Հայաստանի հավաքականում 5 նորեկ կա. ովքեր են նրանք

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 25.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
124956415 10164632213555247 3589370434931417873 o - Հայաստանի հավաքականում 5 նորեկ կա. ովքեր են նրանք

Հայաստանի հավաքականի երկրպագուների ամենասիրելի քննարկվող թեմաներից մեկն ազգային ընտրանու հնարավոր նորեկներն են: Ոմանք հավաքականին օգնելու համար նույնիսկ «սկաուտ» են դառնում և ամբողջ աշխարհով հայ ֆուտբոլիստներ փնտրում: Այս անգամ փնտրելու կարիք չկար, որովհետև Կապառոսն առաջին անգամ շանս է տվել 4 ֆուտբոլիստների VBET Հայաստանի Պրեմիեր լիգայից (որի բոլոր խաղերն իսպանացին դիտում է), իսկ մեկը՝ Առաջին խմբից:

Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, «Արարատ-Արմենիայի» պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը և Դավիթ Տերտերյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը և «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը: VNews.am-ը պատմում է հավաքականի նորեկների մասին.

Արման Ներսեսյան (ԲԿՄԱ)

Հավաքականների նախորդ հանդիպումներից առաջ ԲԿՄԱ-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը դարձավ վերջին տարիների երկրորդ ֆուտբոլիստը, որին Առաջին խմբից անմիջապես հրավիրեցին Հայաստանի Ազգային հավաքական: Հաշվի առնելով, որ Կապառոսն ուշադիր է նաև ԲԿՄԱ-ի ելույթներին, կարելի էր սպասել, որ նա Շաղոյանի հրավերով չի սահմանափակվի, և այդպես էլ եղավ:

Արման Ներսեսյանը մեկնարկային կազմում խաղալու համար պայքարում հաղթեց Հարություն Մելքոնյանին և դարձավ ԲԿՄԱ-ի թիվ 1 դարպասապահը: Կարելի է ասել, որ Ներսեսյանը նոր տեսակի դարպասապահներից է: ԲԿՄԱ-ի կոմբինացիոն խաղում նա հատկապես օգտակար է ոտքով իր հիանալի խաղի շնորհիվ, ինչը թիմին թույլ է տալիս կարճ փոխանցումներով դուրս գալ պաշտպանությունից: Ներսեսյանի հիմնական խնդիրը բարձրից փոխանցումների ժամանակ տեղից անհաջող դուրս գալն է: 188 սմ հասակ ունեցող դարպասապահն արագ տեմպերով է զարգանում և հույս կա, որ նա շուտով կշտկի նաև խաղային այդ գործոնը, բայց այս պահին լավ կլինի նրան հեռու պահել շվեդ հսկաներից:

Մեր ընտրանին

Կապառոսը հայտարարել է, որ նորեկներին շանս տալու համար սա լավագույն հնարավորությունն է: Կարելի է սպասել, որ դարպասապահների ռոտացիայի դեպքում հենց Արմանին խաղաժամանակ կտրվի, որովհետև մյուս դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանն «Արարատում» խաղային պրակտիկա չունի:

arman nersesyan 960x668 - Հայաստանի հավաքականում 5 նորեկ կա. ովքեր են նրանք

Ալբերտ Խաչումյան («Արարատ-Արմենիա»)

21-ամյա ֆուտբոլիստի համար մրցաշրջանն այդքան էլ լավ չսկսվեց: «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան շատ չէր վստահում կենտրոնական պաշտպանին և քիչ խաղաժամանակ էր հատկացնում: Իսկ խաղադաշտ դուրս բերելիս, հաճախ նրան հանձնարարում էր աջ պաշտպանի դիրքում գործել: Ամեն ինչ փոխվեց, երբ մարտին իսպանացուն փոխարինեց Անատոլի Բայդաչնին: Փորձառու մասնագետն անմիջապես Խաչումյանին վերադարձրեց մեկնարկային կազմ, չնայած որ դրան նպաստեց նաև մյուս կենտրոնական պաշտանների՝ Մենեզեսի, Ումանեսի և Վակուլենկոյի տարբեր աստիճանների լրջության վնասվածքները: Այդուհանդերձ, Խաչումյանը նույնպես իր խաղով կարողացավ պահպանել տեղը մեկնարկային կազմում: Նա դանդաղկոտությունից բացի այլ լուրջ թերություններ չունի, մյուս ասպեկտներով նա իսկապես լավ տվյալներով է առանձնանում. նա լավ է կարդում խաղը, դիրք ընտրում և կարճ տարածության վրա նրան շատ դժվար է շրջանցել: Խաչումյանը նաև գլխով է լավ խաղում, ինչը փաստում են խփած գոլերը:

Խաչումյանը Հայաստանի հավաքականում դիտարկվում է որպես Վարազդատ Հարոյանի հնարավոր փոխարինող: Վերջինը, ամենայն հավանականությամբ, բաց է թողնելու նաև Խորվաթիայի դեմ ընկերական հանդիպումը, ուստի Ալբերտը կարող է շանս ստանալ:

08.06.2020 Alashkert 1 2 Ararat Armenia 3 960x640 - Հայաստանի հավաքականում 5 նորեկ կա. ովքեր են նրանք

Դավիթ Տերտերյան («Արարատ-Արմենիա»)

Եզրային պաշտպանն ընթացիկ մրցաշրջանի գլխավոր բացահայտումներից մեկն է: Երեք տարի «Գանձասար-Կապանում» անցկացնելուց հետո Տերտերյանը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»: Երևանցիները համեմատաբար ավելի բաձր կարգի թիմ են, շատ ավելի բարձր կարգի լեգեոներներով: Սակայն Դավիթն անմիջապես ցույց տվեց, որ իր խաղամակարդակով մոտ է այդ ֆուտբոլիստներին և կարող է նրանց կողքին խաղալ: Հետզհետե Տերտերյանը դարձավ թիմի շարժիչ ուժերից մեկը: Նա գրեթե չի կանգնում խաղերի ժամանակ, անընդհատ պայքարի մեջ է և հաճախ առաջ նետվելով ոգևորում է նաև թիմակիցներին:

Կապառոսը հավաքական չի հրավիրել ձախ պաշտպանի և այդ դիրքում կրկին կխաղա Կամո Հովհաննիսյանը: Նույն տրամաբանությամբ ձախ եզրում կարող է դաշտ դուրս գալ նաև Տերտերյանը, որն «Արարատ-Արմենիայում» փորձ ունի խաղալ երկու եզրերում:

045A4823 960x640 - Հայաստանի հավաքականում 5 նորեկ կա. ովքեր են նրանք

Դավիդ Դավիդյան («Ալաշկերտ»)

Ամենասպասված նորեկը հավաքականում: Դավիդյանի նորամուտին դեռ աշնանն էինք սպասում, երբ նա ճանաչվեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին կեսի լավագույն ֆուտբոլիստ: Վերջին մեկ ամսում վինգերը կրկին լավ մարզավիճակ հավաքեց և այս անգամ Կապառոսը հրավիրեց նրան: Դավիդյանն «Ալաշկերտի» կազմում վերջին երեք խաղում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:

Դավիթը ծնվել է Ռուսաստանում և երկար ժամանակ չուներ Հայաստանի քաղաքացիություն: Այժմ այդ հարցը լուծվել է: Վինգերը հրթիռային արագություն ունի, ինչպես նաև շատ ճկուն ու ճարպիկ է. պաշտպանները պարզապես չեն հասցնում նրա հետևից: Խաղաոճով Դավիդյանը հիշեցնում է Լյուդովիկ Ժյուլիին և մրցակցի պաշտպանության ձախ եզրը կարող է 90 րոպե ճնշման տակ պահել: Բայց Դավիդյանն իրեն հիանալի է զգում նաև կենտրոնական հարձակվողի դիրքում, արագ է կողմնորոշվում և գտնում հարվածի պահը: Հայաստանում Դավիթը խաղացել է նաև «Արարատ-Արմենիայում» և «Արարատում», որտեղ նրան հաճախ օգտագործում էին լատերալի դիրքում:

13.09.2020 Alashkert 1 2 Urartu 10 960x640 - Հայաստանի հավաքականում 5 նորեկ կա. ովքեր են նրանք

Կարեն Մելքոնյան («Ուրարտու»)

22-ամյա հարձակվողի կարիերան զարգանում է դասական օրինակով: Նա «Ուրարտուի» սան է և արդեն 4 տարի է, ինչ գլխավոր թիմի ֆուտբոլիստն է: Բացի դրանից, նա ազգային հավաքականում հայտնվելու համար երկար ճանապարհ է անցել տարբեր տարիքային հավաքականներում: Մելքոնյանը Հայաստանի Մ 17 հավաքականում 9 խաղ է անցկացրել, Մ-19 հավաքականում՝ 18, իսկ Մ21-ում՝ 12:

Մելքոնյանի հիմնական դիրքը աջ եզրային հարձակվողն է, բայց նա փորձ ունի խաղալ կենտրոնական և ձախ հարձակվողների դիրքերում: Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում նա կորցրել էր տեղը մեկնարկային կազմում, ինչպես նաև վնասվածք ունեցավ, սակայն այժմ, երբ «Ուրարտուն» փաստացի գլխավորում է Ռոբերտ Արզումանյանը, Կարենը դարձել է թիմի առաջատարներից մեկը և նույնիսկ փոխավագը:

Մելքոնյանն այն վինգերներից չէ, որոնք շատ գոլեր են խփում կամ ասիստներ կատարում, նա ավելի շատ թիմային ֆուտբոլիստ է, որն իր տեղաշարժերով տանջում է մրցակցի պաշտպաններին և ազատ գոտիներ ստեղծում թիմակիցների համար: Այդուհանդերձ, Մելքոնյանը գոլային պահեր նույնպես ունենում է, ինչի վրա դեռ պետք է շատ աշխատի: Ավարտվող մրցաշրջանի 20 հանդիպումներում Կարենը գոլ չի խփել, բայց կատարել է 3 գոլային փոխանցում:

02.11.2019 Vbet cup Pyunik Urartu 18 960x640 - Հայաստանի հավաքականում 5 նորեկ կա. ովքեր են նրանք

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա