Logo

«Մեզ բացակա չդնեք». Մխիթարյանն ու 4 աստղեր, որոնք ճակատագրի հեգնանքով բաց կթողնեն ԵՎՐՈ 2020-ը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 10.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
2Z7A2546 - «Մեզ բացակա չդնեք». Մխիթարյանն ու 4 աստղեր, որոնք ճակատագրի հեգնանքով բաց կթողնեն ԵՎՐՈ 2020-ը

Արդեն հաշված ժամեր անց կսկսվի այս տարվա ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը՝ երկար սպասված (աննախադեպ երկար) ԵՎՐՈ 2020-ը: 3 տարի է՝ ոչ միայն ֆուտբոլասերները, այլև ֆուտբոլիստները կարոտել են միջազգային մեծ մրցաշարերին:

Ինչպես ամեն անգամ՝ այս տարի էլ ԵՎՐՈ-ն կդիտենք առանց մի քանի թոփ ֆուտբոլիստների, որոնք բացակայում են տարբեր պատճառներով: VNews-ն արդեն ներկայացրել է այն 5 աստղերին, որոնք չեն հրավիրվել հավաքական մարզչական որոշումների պատճառով: Այժմ ներկայացնում ենք այն 5 ֆուտբոլիստներին, որոնց խաղը հունիս-հուլիս ամիսներին չենք վայելի օբյեկտիվ պատճառներով. կամ նրանց հավաքականները չեն կարողացել նվաճել այս մրցաշարի ուղեգիր, կամ էլ չարաբաստիկ վնասվածքն է զրկել նրանց ֆուտբոլային տոնից: Գնանք՝ ըստ դիրքերի:

Յան Օբլակ 

Շատ երկրպագուների, ֆուտբոլիստների, մարզիչների ու մասնագետների կարծիքով աշխարհի լավագույն դարպասապահը Յան Օբլակն է, որի բացառիկ սեյվերը, ցավոք, չենք տեսնի եվրոպական խաղադաշտերում: Պատճառը Սլովենիայի հավաքականն է, որը չկարողացավ իր ներկայությունն ապահովել ԵՎՐՈ 2020-ում:

ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլում Սլովենիան ընդգրկված էր G խմբում՝ առանց գրանդ հավաքականի. Լեհաստան, Ավստրիա, Հյուսիսային Մակեդոնիա, Իսրայել ու Լատվիա: Այս խմբից Սլովենիան տեսական հնարավորություններ ուներ դուրս գալու, բայց գրավեց 4-րդ տեղը: Օբլակն արեց իրենից կախված ամեն ինչ. նրա շնորհիվ Սլովենիայի խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը +5 էր՝ զգալիորեն ավելի լավը, քան, օրինակ, 3-րդ տեղը գրաված Հյուսիսային Մակեդոնիայինը (-1): Ազգերի լիգայի 2018/19 խաղարկությանն էլ Սլովենիան շատ ավելի վատ արդյունք ցույց տվեց՝ 6 խաղից չհաղթելով ոչ մեկում ու գրավեց իր խմբի վերջին հորիզոնականը: Սլովենիան վերջին անգամ մեծ մրցաշարում խաղացել է 2010-ին, երբ Օբլակը դեռ 17 տարեկան էր:

Jan Oblak during Slovenia vs Croatia - 24.3.21 in 2021 | Fashion, Croatia, High neck dress

Օբլակն իր հավաքականի ցույց տված ցուցանիշների հակառակ պատկերն է: Իսպանացին կրկին փայլեց «Ատլետիկոյում», և կողքին ունենալով ավելի որակյալ խաղընկերներ՝ կարողացավ տիտղոս նվաճել՝ առաջին անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, ինքն էլ մեծ դեր ունեցավ այդ չեմպիոնությունում՝ նվաճելով «Զամորայի» մրցանակը (կարիերայում 5-րդ անգամ), դարպասն էլ 15 խաղում պահելով անառիկ: Դաժան է, երբ գործդ անում ես կատարյալ, բայց հնարավորություն չես ունենում խաղալ ամենասպասված մրցաշարում:

Վիրջիլ վան Դեյկ

Վիրջիլ վան Դեյկը 2018-ից սկսած միայն վերելք էր ապրում իր կարիերայում: Ռեկորդային գնով տեղափոխվում ես «Լիվերպուլ», խաղային մեծ աճ գրանցում, հետո դառնում Եվրոպայի լավագույն պաշտպաններից, այնուհետև՝ աշխարհի լավագույն պաշտպանը, հաղթում ես Չեմպիոնների լիգան, Մեսիի հետ պայքարում ես «Ոսկե գնդակի» համար, պարտվում ընդամենը 7 ձայնի տարբերությամբ, հետո նվաճում ես թիմիդ համար այդքան բաղձալի Պրեմիեր լիգան: Գալիս է 2020-ը, երբ այդ ամենին մնում է ավելացնել միջազգային մեծ հաջողություն, բայց աշխարհում հայտնվում է կորոնավիրուս, որ հետաձգում է մրցաշարը մեկ տարով, իսկ այդ մեկ տարվա ընթացքում տեղի է ունենում վատագույնը:

2020-ի հոկտեմբերյան արևոտ շաբաթ էր, երբ վան Դեյկն ու ընկերները «Էվերթոնի» դեմ հերթական մերսիսայդյան դերբին էին «քցում»: Լիվերպուլյան պայծառ այդ արևը հանկարծ խամրեց Վիրջիլի համար, երբ խաղային դրվագներից մեկում բախվեց մրցակցի դարպասապահ Ջորդան Պիկֆորդին: Ծնկի ցավերով 29-ամյա ֆուտբոլիստը փոխարինվեց. թվում էր՝ վնասվածք է էլի, 2-3 շաբաթից ամեն ինչ տեղը կընկնի, բայց վան Դեյկի հետ պատահել էր ամենասարսափելին՝ ծնկատակի կապանների կտրվածք: Անցան ամիսներ, «Լիվերպուլը» հասավ ՉԼ 1/4 եզրափակիչ, բայց թունելի վերջում լույս չէր երևում: Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ հրաշք կլինի, եթե վան Դեյկը ԵՎՐՈ-ին մասնակցի: Հրաշքը տեղի չունեցավ, քանի որ վան Դեյկը հասկանում էր՝ չի ապաքինվել վնասվածքից ու ԵՎՐՈ-ին մասնակցելը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի թե՛ իր, թե՛ հավաքականի համար:

Liverpool's Virgil Van Dijk to Have Surgery on Knee Injury; No Return Timetable | Bleacher Report | Latest News, Videos and Highlights

Մինչդեռ վնասվածք ստանալուց առաջ վան Դեյկը իր վստահ խաղով ու հաղթողի բնավորությամբ առաջ էր տանում Նիդերլանդների ընտրանուն: Նրա հետ «նարնջագույնները» ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլում 2-րդ տեղը գրավեցին իրենց խմբում, Ազգերի լիգայում էլ հասան մինչև եզրափակիչ: Ֆրանկ դե Բուրի թիմը, ինչպես և մենք, շատ կզգանք վան Դեյկի կերպարի պակասն այս մրցաշարում:

Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, որը պետք է մասնակցեր ու ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ միջազգային մեծ մրցաշարի:

Ցավոք, Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի ժամանակ դեռ անորոշ, փոփոխական ու անցումային էտապում էր, և մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու մասին երազել նույնիսկ չէր կարելի: Ճիշտ է՝ ընտրական այս մրցաշարի առաջին 2 տուրում պարտվելուց հետո 2 հաղթանակ տարանք (Լիխտենշտեյնի ու Հունաստանի ընտրանիների դեմ)՝ որոշակի հույսի տեղ թողնելով, բայց հետագայում Գյուլբուդաղյանցի թիմի արդյունքները չափազանց անկայուն էին. 4 պարտություն, 1 ոչ-ոքի ու 1 հաղթանակ, որն էլ կերտեց հենց Մխիթարյանը՝ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի դեմ դուբլ գրանցելով:

Հայաստանի հավաքականի համար շատ ավելի մեծ շանս էր Ազգերի լիգայի միջոցով ԵՎՐՈ-ի ուղեգիր նվաճելը, որը մեր փոխարեն, ցավոք, արեց մեր իսկ խմբում ընդգրկված Հյուսիսային Մակեդոնիան: Ընդամենը պետք էր հաղթել մակեդոնացիներին, Ջիբրալթարին (ինչպե՜ս համարձակվեցինք պարտվել այդ թիմին  🤦‍♂️ ) և մեր սիրելի Լիխտենշտեյնին: Հետո էլ՝ Վրաստանի հավաքականին: Այսպիսի խնդիրը հիմա խաղ ու պար է թվում Կապառոսի թիմի համար:

2Z7A2621 960x641 - «Մեզ բացակա չդնեք». Մխիթարյանն ու 4 աստղեր, որոնք ճակատագրի հեգնանքով բաց կթողնեն ԵՎՐՈ 2020-ը

Օրեր անց մեկնարկող մրցաշարին մասնակցող բազմաթիվ ֆուտբոլիստներ են իրենց խաղամակարդակով զիջում հատկապես «Ռոմայում» խաղացող Մխիթարյանին: Չունենալով Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկին՝ Եվրոպան շատ մեծ բան է կորցնում: Կորցնում է նաև Մխիթարյանը: Հուսանք՝ Հենրիխը սեպտեմբերին կմիանա հավաքականին ու կօգնի նվաճել Կատարի ուղեգիրը:

Էրլինգ Հալանդ

Վերջին 2 մրցաշրջանների ամբողջ ընթացքում Էրլինգ Հալանդի մասին լսելիս, նրան ամենուր տեսնելուց հետո անսովոր է լինելու մի ամբողջ ֆուտբոլային ամիս անցկացնել առանց «Բորուսիայի» գոլահարի, առանց ամենամոդայիկ ֆուտբոլիստներից մեկի, առանց Մբապեի «մյուսի»:

Նորվեգիայի հավաքականը, իր կազմում ունենալով եվրոպական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից երկուսին՝ Մարտին Էդեգորին ու Էրլինգ Հալանդին, չկարողացավ նվաճել ԵՎՐՈ 2020-ի ուղեգիրը՝ դրան լինելով շատ մոտ: Նորվեգիայի ընտրական խումբն ամենևին էլ հեշտ չէր: Կար ընդգծված ֆավորիտ՝ Իսպանիան, երկրորդը նույնպես հզոր էր՝ Շվեդիան, կար նաև Ռումինիան, որը ցանկացածից միավոր խլող հավաքական է: Ընտրական փուլում Նորվեգիան արժանի պայքար մղեց, բայց խմբում գրավեց 3-րդ տեղը, իսկ մրցաշարի մեծ մասում չկար Հալանդը:

Նորվեգիայի համար էլ Ազգերի լիգան մեծ դուռ էր դեպի ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլը: Նորվեգիան փորձեց մտնել այդ դռնով՝ հաղթելով իր խմբում և վաստակելով փլեյ-օֆֆի իրավունք: Արդեն 2020-ի հոկտեմբերին Նորվեգիան խաղաց Սերբիայի հետ, որին զիջեց 1-2 հաշվով:

Borussia Dortmund internationals: Haaland and Norway beaten by Turkey

Որքան գոլառատ կլիներ առաջիկա ԵՎՐՈ-ն, եթե խաղար Հալանդը, որքան երկրպագու իրենց ֆենթզի թիմերում կգնեին Հալանդին: Այս անգամ «վիկինգները» պատրաստ չէին, բայց Հալանդը դեռ երկար ժամանակ ունի՝ ԵՎՐՈ-ում խաղալու համար, իսկ նրա ներկայությունը թույլ է տալիս Նորվեգիայի հավաքականին ավելի մեծ հույսեր ունենալ հետագայում մեծ մրցաշարերի եզրափակիչ փուլում խաղալու համար:

Զլատան Իբրահիմովիչ

Իբրահիմովիչի բացակայությունն ամենացավալիներից է: Բախտն այս անգամ Զլատանից երես թեքեց:

Շվեդ հարձակվողի համար վերջին 4-5 տարիները բավական հետաքրքիր զարգացում ունեցան: 2016-ի ամռանը՝ ԵՎՐՈ-ից հետո, երբ Իբրահիմովիչը դադարեց հրավիրվել հավաքական, Ռայոլան Զլատանին՝ Մխիթարյանի ու Պոգբայի հետ միասին տարավ «Մանչեսթեր Յունայթեդ»: Իբրան նվաճեց նաև Անգլիան՝ այդ տարի դառնալով «Յունայթեդի» լավագույն ռմբարկուն՝ խփած 28 գոլով, հաղթեց Եվրոպա լիգան, Անգլիայի Սուպերգավաթն ու Անգլիայի գավաթը: 2018-ին շվեդ հարձակվողը գնաց Հոլիվուդը նվաճելու հետևից, ինչն էլ արեց. «նոր աշխարհում» իր առաջին իսկ խաղում Զլատանը ցնցող գոլի հեղինակ դարձավ: 2 մրցաշրջանում միասին նա 58 խաղում 53 գոլ խփեց՝ մեկը մյուսից գեղեցիկ. «Եկա, տեսա, նվաճեցի: Դուք ուզեցիք Զլատանին, ես տվեցի ձեզ Զլատանին: Իմ պատմությունը շարունակվում է, իսկ դուք այժմ գնացեք ու ձեր բեյսբոլը նայեք», – գրեց Իբրան իր թվիթերյան էջում «Լոս Անջելես Գելեքսիից» հեռանալուց հետո:

Մեր ընտրանին

Երբ թվում էր, որ Իբրահիմովիչի կարիերան դեպի մայրամուտ է գնում, որ նրա կարիերայում Եվրոպայում կամ եվրոպական թոփ մակարդակում արդեն ավարտվել է, Զլատանը վերածնվեց յուրովի՝ իր հարազատ (եթե կարելի է նրա թիմերից որևէ մեկն իրեն հարազատ համարել) «Միլանում»: Այո՛, 38-ամյա Իբրահիմովիչը 2019/20-ում «նախավարժանք» արեց «Միլանում», իսկ 2020/21-ին արդեն ցույց տվեց բավական բարձր արդյունավետություն: Միայն Ա սերիայում անցկացրած 19 խաղում Իբրան խփեց 15 գոլ ու օգնեց իր թիմին 7 տարվա դադարից հետո վերադառնալ Չեմպիոնների լիգա: Եթե չլինեին վնասվածքները, նրա վիճակագրությունն ավելի լավը կլիներ:

Իր զարմանահրաշ խաղով Իբրահիմովիչը վաստակեց հավաքական վերադառնալու իրավունքը. նա այս տարվա մարտին 3 խաղ անցկացրեց Շվեդիայի հավաքականում ու պատրաստվում էր ԵՎՐՈ 2020-ին, բայց վնասվածքը կրկին վրա հասավ ամենաանհարմար պահին ու զրկեց Զլատանին Եվրոպայի առաջնությունում խաղալուց: Առանց Զլատանի՝ ԵՎՐՈ-ն կորցնում է անհավանական գոլեր, կորցնում է զավեշտալի դրվագներ, կորցնում է հեգնանք, կորցնում է խարիզմայի մի մեծ կտոր: ԵՎՐՈ 2004-ին Իբրան կրնկով ֆանտաստիկ գոլ խփեց Իտալիայի հավաքականի դարպասը, 2008-ին անկասելի հարվածով «ճղեց» Հունաստանի հավաքականի դարպասը, 2012-ին շրջադարձ հարվածով էլ տխրեցրեց Ֆրանսիայի ընտրանուն: Այս տարի այդ ցանկն ավելացնել, ցավոք, չի ստացվի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա